Վարչապետը՝ էլէներգիայի գնի մասին. Եթե չբարձրացնենք, անցյալում թվացող հովհարային անջատումները կդառնան առօրյա

Վարչապետը՝ էլէներգիայի գնի մասին. Եթե չբարձրացնենք, անցյալում թվացող հովհարային անջատումները կդառնան առօրյա

PanARMENIAN.Net - Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը մեղմելու համար ՀՀ կառավարությունը կբարձրացնիսոցիալապես անապահով 105.000 ընտանիքի կամ 400.000 մարդու սոցիալական նպաստը: Այս մասին գործադիրի այսօրվա նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Ըստ նրա՝ այդ նպատակով գործադիրը կհատկացնի մոտ 2,5 միլիարդ դրամ: Միաժամանակ, կառավարության ղեկավարը նշել է, որ որևէ կառավարություն, այդ թվում՝ Հայաստանինը, չի ցանկանում որևէ սակագնի բարձրացում, սակայն պարտավոր են հաշվի նստել օբյեկտիվ իրողությունների հետ:

«Ի սկզբանե ուզում եմ ասել, որ որևէ կառավարություն, այդ թվում` Հայաստանի կառավարությունը, չի ցանկանում որևէ սակագնի բարձրացում: Սակայն կառավարությունը պարտավոր է հաշվի նստել օբյեկտիվ իրողությունների հետ, որոնք հաճախ էապես տարբերվում են դրանց մասին հասարակական ընկալումներից»,- իր խոսքում ասել է Հովիկ Աբրահամյանը:

Հունիսի 17-ի նիստում ՀԾԿՀ-ը մասնակի բավարարեց էլէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայտը՝ սակագինն օգոստոսի 1-ից կբարձրանա ոչ թե 17, այլ 6,93 դրամով: ՀԾԿՀ դիմելով՝ ՀԷՑ-ը առաջարկում էր 1 կՎտժ սակագինն ավելացնել մոտ 17 դրամով: Ներկայիս գործող 41,85 դրամ ցերեկային ու 31,85 դրամ գիշերային սակագինն այդ դեպքում կդառնար համապատասխանաբար 58.93 և 48.93 դրամ:

Նրա խոսքերով՝ հասարակությունում տարածված է այն մտայնությունը, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը պայմանավորված է բաշխիչ ցանցերում առկա չարաշահումներով, ժողովրդական լեզվով ասած` թալանով:

«Չեմ բացառում, որ չարաշահումներ եղել են: Բայց, ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ անկախ նրանից, թե ինչպիսի և ինչ չափերի չարաշահումներ կարող էին լինել ընկերությունում, դրանցից ոչ մի լումա չի հաշվարկվել սակագնի մեջ»,- նշել է վարչապետը:

Ըստ Աբրահամյանի՝ հանձնաժողովն իր գործառույթների շրջանակներում ուսումնասիրում է ընկերության բոլոր գնումները և շուկայական գներից ցանկացած շեղում հայտնաբերելու դեպքում կրճատում է այդ ծախսերը, թույլ չտալով, որ ընկերությունը բարդի այդ բեռը սպառողի ուսերին: Նրա խոսքերով՝ միայն 2007 թվականից առ այսօր հանձնաժողովի կողմից այդ հիմքով չընդունված գումարը կազմել է ավելի քան 22 մլրդ դրամ կամ ընկերության կողմից կատարված ներդրումների 20 տոկոսը:

«Մեկ այլ օրինակ` սպառողի և տեսուչի միջև հանցավոր համաձայնության հետևանքով առաջացած կորուստները ևս չեն ընդգրկվում սակագնի հաշվարկում: Վատ կառավարումից բխող նման չարաշահումներից տուժել է ոչ թե սպառողը, այլ ընկերության սեփականատերը, քանի որ նվազել է իր շահույթը, իսկ շահույթի նվազումը երբեք չի դրվել սակագնի բարձրացման հիմքում»,- ընդգծել է վարչապետը:

Անդրադառնալով ՀԷՑ-ի շռայլ ծախսերին, Աբրահամյանն ասել է, որ ճոխության հետ կապված տեսակետը մտայնություն է, թե երբ ընկերությունը շռայլորեն ծախսում է թանկարժեք մեքենաների, ճոխ բնակարանների և առանձնատների վարձակալության վրա, վճարում է անհիմն բարձր աշխատավարձ ղեկավար կազմին:

«Այս դեպքում ևս պատասխանատու հայտարարում եմ, որ սակագնի հաշվարկի ժամանակ հանձնաժողովը մշտապես կրճատել է բոլոր նման ծախսերը: Օրինակ` առանձնատների և բնակարանների վարձակալության գումարը սակագնում հաշվարկվել է զրո դրամով, իսկ մեքենաների վրա ծախսված գումարը նվազեցվել է երեք անգամ»,- նշել է վարչապետը, մեջբերում է Panorama.am-ը:

Այնուհետև նա հավելել է, թե բնական հարց է ծագում, իսկ ինչո՞ւ է բարձրացել սակագինը: Դրա համար, ըստ նրա, առկա է երեք հիմնական պատճառ. առաջին պատճառը վերջին տարիների սակավաջրությունն էր.

«Մեր հիդրոկայանների արտադրած հոսանքն անհամեմատ ավելի էժան է, քան ջերմակայանների արտադրանքը: Օրինակ, ՀԷԿ-երի էլեկտրաէներգիան տատանվում էր 2 դրամից 24 դրամ մեկ կիլոՎատտ ժամի համար: Իսկ Հրազդանի 5-րդ բլոկի էլեկտրաէներգիայի գինը 40 դրամ էր: Պարզ է, որ երբ հիդրոկայանների կողմից չարտադրած հոսանքը ստիպված փոխարինվել է ջերմակայանների արտադրած հոսանքով, անխուսափելիորեն առաջացել են լրացուցիչ ծախսեր»:

Երկրորդ պատճառը ատոմակայանի տուրբինի չպլանավորված կանգառն էր 2013 թվականի դեկտեմբերին, որը տևել է 88 օր: Դարձյալ այն փոխարինվել է ջերմակայանի արտադրած մոտ վեց ու կես անգամ ավելի թանկ էլեկտրաէներգիայով: Դա ևս բերել է լրացուցիչ ծախսերի:

Երրորդ հիմնական պատճառը վերջին երեք տարում ազգային արժույթի մոտ 20 տոկոսով արժեզրկումն է: Բնականաբար դա ևս ազդել է արտադրված էլեկտրաէներգիայի ինքնարժեքի վրա:

«Այսպիսով` որքան էլ անցանկալի լինի արձանագրել, համակարգն ունի վնասներ, որոնք պայմանավորված են օբյեկտիվ գործոններով: Ընդունված է, որ օբյեկտիվ գործոններով պայմանավորված վնասները փոխհատուցվում են սակագնի փոփոխության կամ պետական սուբսիդիայի միջոցով: Մենք հնարավոր չենք համարել համատարած սուբսիդիայի տարբերակը, համարելով, որ այն կարող է օգտագործվել միայն թիրախային` սոցիալապես անապահով խմբերի համար: Այս խմբերին աջակցության մասին որոշման նախագիծն է, որ այսօր առաջարկում եմ մտցնել օրակարգ»,- ասել է վարչապետը:

Սակայն մինչև որոշման բովանդակությանն անցնելը, վարչապետն անդրադարձել է հետևյալ հարցադրմանը` իսկ ի՞նչ վտանգներ կարող են ծագել, եթե սակագները չբարձրանան և էներգետիկ համակարգի օբյեկտիվ վնասները չփոխհատուցվեն: Ըստ նրա՝ եթե նշված վնասները չփոխհատուցվեն, ապա ընկերությունը կշարունակի չվճարել արտադրող կայաններին:

«Արդյունքում` կունենանք շղթայական ռեակցիա, որը տնտեսության վրա կունենա անդառնալի հետևանքներ: Այսօր անցյալում թվացող հովհարային անջատումները շատ արագ կդառնան առօրյա: Մենք պարտավոր ենք պատասխանատու մոտեցում որդեգրել այս հարցում` ֆինանսապես առողջ համակարգի միջոցով ապահովելով երկրի էներգետիկ անվտանգությունը: Չեմ կարծում, որ այսօր մենք կարող ենք մեզ թույլ տալ մոռանալ երկրի անվտանգության այս կարևորագույն բաղադրիչի մասին»,- նշել է Աբրահամյանը և հավելել. «Ինչպես նշեցի քիչ առաջ, իշխանությունը պարտավոր է մտածել սակագնի թանկացման ազդեցությունը մեղմելու մասին: Առաջին հերթին խոսքը վերաբերում է սոցիալապես անապահով խավին: Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ Էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու արդյունքում յուրաքանչյուր ընտանիքի համար միջին ամսական լրացուցիչ ծախսը, միայն էլեկտրաէներգիայի սպառմամբ պայմանավորված, կկազմի մոտջ 1,400 ՀՀ դրամ, քանի որ յուրաքանչյուր ընտանիք միջինում ամսեկան փաստացի սպառում է 200 կիլոՎատտ ժամ էլեկտրաէներգիա»:

Այդ պատճառով, ինչպես նշել է Հ.Աբրահամյանը, ՀՀ նախագահի հետ խորհրդակցելով նախապատրաստել են որոշում, որով սոցիալապես անապահով մոտ 105.000 ընտանիքի կամ մոտ 400.000 անձի համար, առաջարկվում է ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստի չափը բարձրացնել տարեկան 24,000 ՀՀ դրամի չափով: Այսպիսով, սոցիալապես անապահով խավի համար սակագնի բարձրացման հետևանքները մեղմելու համար կառավարությունը տարեկան կհատկացնի ավելի քան 2.5 մլրդ դրամ:

«Միևնույն ժամանակ մեր մտահոգության առարկան միայն անապահով խավերը չեն, այլ ցանկացած մեր քաղաքացի, որի կենսամակարդակի պահպանումը մեզ համար կարևորագույն խնդիր է: Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պետք է իր ամենօրյա ուշադրության կենտրոնում պահի սակագնի բարձրացման պատրվակով սպառողական ապրանքների գների անհիմն բարձրացման փորձերը, անմիջապես ձեռնարկելով խիստ միջոցառումներ դրանք կանխելու համար»,- ասել է նա:

Ամփոփելով խոսքը՝ Աբրահամյանն ասել է, որ էներգետիկ համակարգում ծառացած խնդիրները բազմաթիվ են:

«Կառավարությունը ներկայումս մշակում է էներգետիկ համակարգի զարգացման երկարաժամկետ և համապարփակ ռազմավարական ծրագիրը, որը շուտով կներկայացվի հանրության դատին: Այս կարևորագույն փաստաթղթի շուրջ պատրաստ եմ աշխատելու ցանկացած քաղաքական կամ հասարակական ուժի հետ, անկախ կառավարության վերաբերյալ իրենց դիրքորոշումներից»,- նշել Աբրահամյանը:

Վարչապետը նաև դիմել է Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ակցիա իրականացնող քաղաքացիներին.

«Նման ոճը որևէ հաջողության չի բերելու, առաջարկում եմ լինել կառուցողական և կառավարությունը պատրաստ է քննարկել յուրաքանչյուր հարց, որ բարձրացվում է։ Փակելով կենտրոնական փողոցներից մեկը և խաթարելով մեր քաղաքացիների ազատ տեղաշարժը, խախտում են Սահմանադրությունը։ Կոչ եմ անում քաղաքացիներին, վերադառնալ կառուցողական դաշտ ու միասին քննարկել բոլոր խնդիրները»:

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները հունիսի 19-ից նստացույց են անցկացնում Երևանի կենտրոնում Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ: Հունիսի 23-ին՝ վաղ առավոտյան, ոստիկանությունն ուժի կիրառմամբ ցրել է հունիսի 22-ի երեկոյան Բաղրամյան պողոտայում սկսված և մոտ 10 ժամ տևած նստացույցը: Արդյունքում ոստիկանական բաժանմունքներ բերման էր ենթարկվել 237 անձ, որոնք բոլորն էլ արդեն ազատ են արձակվել և հարուցված քրգործով հանդես են գալիս որպես վկա: Մոտ 25 մարդ էլ դիմել էր բուժօգնության՝ ստացած վնասվածքների արդյունքում:

Բողոքի ցույցը վերսկսվեց հունիսի 23-ի երեկոյան, երբ Ազատության հրապարակում հավաքվածները կրկին գնացին Բաղրամայնի պողոտա, որտեղ էլ մնում են մինչ օրս:Ակցիայի մասնակիցները պահանջում են չեղարկել ՀԾԿՀ-ը որոշումը էլէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---