Նալբանդյան. Ադրբեջանական նավթադոլարների օգտագործումը սրտխառնոց է առաջացնում

Նալբանդյան. Ադրբեջանական նավթադոլարների օգտագործումը սրտխառնոց է առաջացնում

PanARMENIAN.Net - Ադրբեջանական նավթադոլարների օգտագործումը սրտխառնոց է սկսել առաջացնել, մի շարք պատգամավորներ քննադատել են և իրենց անհամաձայնությունն են հայտնել այդ մոտեցման հետ: Այս մասին լրագրողներին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով հունիսի 23-ին ԵԽԽՎ-ում քննարկված Ադրբեջանում ժողովրդավարության վերաբերյալ զեկույցը, որի նախագծում ներառված էին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ անհեթեթ ձևակերպումներ, որոնք չներառվեցին փաստաթղթում:

«Կարծում եմ՝ ժամանակն է, որ Ադրբեջանը նավթախավիարային իր վիտուալ աշխարհից վերադառնա իրական իրավիճակին և դա օգտակար կլինի հենց Ադրբեջանի համար, որ առավել ու առավել մեկուսացման մեջ չհայտնվի միջազգային հանրության կողմից» , - Նալբանդյանի խոսքերը մեջբերում է Panorama.am-ը:

Հունիսի 23-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ավարտվել է Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վերաբերյալ Պեդրո Ագրամունտի և Տադեուշ Իվինսկու զեկույցի քննարկումը։ Զեկույցում Ագրամունտը և Իվինսկին միանում են ադբեջանական ԱՊՊԱ-ին՝ մեղադրելով Հայաստանին՝ Ադրբեջանի դեմ ապատեղեկատվություն տարածելու մեջ, որպեսզի Բաքվում տեղի ունեցող առաջին Եվրոպական խաղերը տապալվեն։ Պարզվում է՝ հայկական լոբբին և մի քանի արևմտամետ հասարակական կազմակերպություն, ինչպես նշում են համազեկուցողները, չարամտորեն չափազանցնում են Ադրբեջանում մարդու իրավունքների, մամուլի ազատության, կոռուպցիայի և ժողովրդավարության հետ կապված խնդիրները։

Նախարարը նշել է, որ ազատ անկման մեջ գտնվող միջազգային վարկանիշը Ադրբեջանը փորձում է փրկել տարբեր միջազգային հարթակներում:

«Ապարդյուն է: Ադրբեջանը փորձում է արդարացնել իր ավտորիտար վարչակարգը և մարդու իրավունքների ոտնահարումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առկայությամբ: Դրա վառ օրինակներից է այն, ինչ կատարվեց ԵԽԽՎ-ում այդ բանաձևի հետ կապված: Ձախողվեց թե մեկ, թե մյուս հարցում»,- ասել է Նալբանդյանը:

Հունիսի 18-ին 89-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի ընթացքում արտաքին գործերի նախարարն ասել է, որ միջազգային հանրությունը պետք է դատապարտի Ադրբեջանի կեցվածքը, որն առաջին հերթին հենց ադրբեջանական հասարակությանն է փակուղի տանում: Նա հավելեց, որ Հայաստանը գնահատում է ՆԱՏՕ-ի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին, կողմ է ջանքերը շարունակել հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ, սակայն Հայաստանի համար անընդունելի են Մինսկի խմբի դիրքորոշմանը չհամապատասխանող ՆԱՏՕ-ի որոշ փաստաթղթերում ձևակերպումները:

«Բաքուն հակադրվում է Մինսկի խմբի համանախագահներին, նա մերժում է նրանց առաջարկները: Վերջին մեկ տարվա ընթացքում սահմանում Բաքուն սրել էր իրավիճակը: Դա պատճառ է հանդիսացել մեծ կորուստների հակամարտության բոլոր կողմերի համար: Համանախագահները խիստ մտահոգություն հայտնեցին, նրանք ուղղակիորեն կոչ արեցին հավատարիմ մնալ իր պարտավորություններին: Կարևոր է, որ նրանք հստակորեն մատնանշեցին բռնության պատասխանատու ապակառուցողական կողմին: Սակայն ոչինչ չի զսպում Ադրբեջանին», ասել է Նալբանդյանը:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ քարտուղարությանն է հանձնել իր ելույթը, որտեղ ԵԽԽՎ-ին մեղադրել է «ստոկհոլմյան սինդրոմով» տապառելու մեջ՝ նշելով, որ Ադրբեջանը պատանդ է վերցրել Եվրոպայի խորհրդին: Զոհրաբյանը հայտնել է, որ միանում է Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հայտարարությանը, որ բռնապետությունները տեղ չունեն Եվրոպայում։

«Հարգելի գործընկերներ, որքա՞ն պիտի դեռ մենք թույլ տանք, որ ահա այսպես հրապարակայնորեն անարգեն մեր կառույցը։ Եթե, իհարկե, մենք որոշել ենք հարգել մեր կառույցի հիմնարար արժեքները և Եվրոպայի խորհուրդը վերջնականապես չվերածել մի ինչ-որ կիսանավթային սուլթանության դուստր ձեռնարկության։ Այլապես, տպավորություն է ստեղծվում, որ մեր կառույցում սկսում է գործել ստոկհոլմյան սինդրոմը, երբ պատանդը սկսում է պաշտպանել իրեն պատանդ վերցնողին։ Պատանդ վերցնողը, տվյալ դեպքում, կարծում եմ, հասկացաք, որ Ադրբեջանն է», - ասել է ԲՀԿ խմբակցության ղեկավարը:

Ադրբեջանը վերջին տարիներին արժանացել է պարբերաբար կրկնվող քննադատությանն ավելի քան 100 լրագրողի, մարդու իրավունքների պաշտպանների, ընդդիմության անդամների և ժողովրդավարության համար պայքարող երիտասարդ ակտիվիստների վրա հարձակումներ կատարելու, ձերբակալելու, բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար: Վերջին շաբաթվա ընթացքում բազմաթիվ լրագրողների և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների արգելվել է մտնել Բաքու կամ հավատարմագրվել խաղերը լուսաբանելու համար, ներառյալ՝ բրիտանական The Guardian-ը:

Հունիսի 12-ին Գերմանիայի խորհրդարանի`Բունդեսթագը ընդունել է «Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության պահանջ» խորագրով բանաձևը: Ընդունված բանաձևում մտահոգություն է արտահայտվում Ադրբեջանում մարդու իրավունքների պարբերական խախտումների, ընդդիմադիր ԶԼՄ-ների ճնշումների և քաղբանտարկյալների առնչությամբ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---