Չեխ գործարարները հետաքրքրված են ՀՀ-ում ծրագրերով. Համատեղ ներդրումների մեծ ներուժ կա

Չեխ գործարարները հետաքրքրված են ՀՀ-ում ծրագրերով. Համատեղ ներդրումների մեծ ներուժ կա

PanARMENIAN.Net - Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հունիսի 25-ին ընդունել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Լյուբոմիր Զաորալեկի գլխավորած պատվիրակությանը՝ ՀՀ-ում Չեխիայի դեսպանության բացման առթիվ: Խոսելով տնտեսական գործակցության զարգացման մասին՝ կողմերը համոզմունք են հայտնել, որ առկա է համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման մեծ ներուժ, հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Դրա իրացման գործում վարչապետը և Չեխիայի արտաքին գործերի նախարարը կարևորել են հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի և առևտրաարդյունաբերական պալատի ակտիվ գործունեությունը: Զաորալեկը տեղեկացրել է, որ մի խումբ չեխ գործարարներ հետաքրքրված են Հայաստանում տարբեր ծրագրերի իրականացմամբ, այդ թվում էներգետիկայի, շինարարության, սննդի արդյունաբերության և այլ ոլորտներում:

Աբրահամյանը հույս է հայտնել, որ Չեխիայի դեսպանությունը իր գործունեությամբ կնպաստի տարբեր ոլորտներում երկկողմ կապերի հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Վարչապետը բարձր է գնահատել Հայաստանի և Չեխիայի միջև քաղաքական հարաբերությունների մակարդակը և կարևորել տնտեսության տարբեր ճյուղերում փոխգործակցության սերտացումն ու խորացումը: Կառավարության ղեկավարը կարևորել է նման փոխայցելությունների իրականացումը և համոզմունք հայտնել, որ դրանք նոր թափ կհաղորդեն երկկողմ կապերի ընդլայնմանը:

Միաժամանակ, զրուցակիցներն արդյունավետ են գնահատել ՀՀ վարչապետի՝ հունիսի սկզբներին Չեխիա կատարած պաշտոնական այցը, որի շրջանակում ձեռք են բերվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք պայմանավորվածություններ:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին: Չեխիայի ԱԳ նախարարը կարևորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը, բացառապես բանակցային ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

Հունիսի 25-ին տեղի է ունեցել նաև Հայաստանի և Չեխիայի արտգործնախարարների հանդիպումը: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել Հայաստանի և Չեխիայի միջև հաճախակի փոխայցերը՝ շեշտելով, որ դրանք նպաստում են տարբեր բնագավառներում գործակցության առավել զարգացմանը և վկայում հարաբերությունների բարձր մակարդակի մասին:

Շնորհակալություն հայտնելով հրավերի և հյուրընկալության համար՝ նախարար Զաորալեկն իր հերթին նշել է, որ Չեխիայի Հանրապետությունը Հայաստանը համարում է արժեքավոր բարեկամ և կարևոր գործընկեր, կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների սերտացումն ու ամրապնդումը, և իր այցելությունը հենց այդ նպատակն է հետապնդում:

Երկուստեք ընդգծվել է, որ վերջին տարիներին հայ-չեխական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում: Բանակցություններին անդրադարձ արվեց երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերին, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը, ակտիվ միջխորհրդարանական գործակցությանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակի։

Մտքեր են փոխանակվել Հայաստան - Եվրամիություն փոխգործակցության, Ռիգայի գագաթաժողովի արդյունքների շուրջ։ Զրուցակիցներն ընդգծել են Հայաստան - ԵՄ նոր իրավական հենքի ձևավորման շուրջ բանակցությունների և մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությունը:

«Համոզված ենք, որ Ռիգայի գագաթաժողովի արդյունքները շատ դրական, դեպի առաջ տանող տեղաշարաժ ապահովեցին այս նոր մոտեցման շնորհիվ. Արևելյան գործընկերությունը միտում կա զարգացնելու տարբերակման և ներառականության սկզբունքների պահպանմամբ»,- Զաորալեկի խոսքերը մեջբերում է Panorama.am-ը:

Հայաստանի արտգործնախարարը հյուրին է ներկայացրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համատեքստում ամբողջ աշխարհում անցկացվող ոգեկոչման միջոցառումները և դրանց խորհուրդը։ Նալբանդյանը երախտագիտությամբ հիշատակել է նաև Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Չեխիայի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից ապրիլին ընդունված բանաձևը, Չեխիայում կազմակերպված տասնյակ միջոցառումները։

Կողմերն անդրադարձան մի շարք հրատապ տարածաշրջանային խնդիրների՝ ուկրաինական ճգնաժամին, մերձավորարևելյան զարգացումներին։

Նախարար Նալբանդյանն իր գործընկերոջը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---