Մարտին Վարդազարյանը՝ իր մեկնաբանության մասին. Մեկ ոչ ճիշտ մեկնաբանված բառ, և որպես թշնամի ես դիտվում

Մարտին Վարդազարյանը՝ իր մեկնաբանության մասին. Մեկ ոչ ճիշտ մեկնաբանված բառ, և որպես թշնամի ես դիտվում

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու «Հանրապետական» խմբակցության անդամ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը մեկնաբանել է նախօրեին՝ հունիսի 25-ին «Հայկական ժամանակ» օրաթերթին իր մեկնաբանությունը, ըստ որի՝ հունիսի 23-ի վաղ առավոտյան ոստիկանական ուժերի կողմից խաղաղ ցուցարարներին ցրելու գործողությունները համարում է իրավաչափ, իսկ ակցիան՝ պատվերով: Թերթում տպագրված Մարտին Վարդազարյանի մեկնաբանությունը դժգոհության մեծ ալիք էր բարձրացրել քաղաքացիների շրջանում:

Ըստ թերթի, հարցին, թե ինչպես կմեկնաբանի ոստիկանների գործողությունները, Վարդազարյանն ասել էր. «Ոստիկանների գործողությունները ոչ միայն համապատասխանում էին բոլոր օրենքներին... Գործողությունից առաջ բազմաթիվ զգուշացումներ են եղել... Իսկ այն հանգամանքը, որ նախագահի հետ այդ հարցի շուրջ մտքերի փոխանակում անելու առաջարկ է արվել երկու անգամ և մերժվել, նշանակում է, որ պատվերի մեջ դա նախատեսված չէր: Հաջողություն»:

Կոմպոզիտորի բացատրական մեկնաբանությունում, մասնավորապես, ասվում է.

«Միամտորեն կարծում էի, թե ես այն հազվագյուտ երջանիկներից եմ, ով թշնամի չունի: Պարզվեց, որ բավական է մեկ ոչ ճիշտ մեկնաբանված բառ և դու դիտվում ես որպես թշնամի քեզ անծանոթ շատ-շատերի կողմից: Վերջին տարիներին մի շարք երկրներում խաղաղ սկսված, բայց պատվիրված սադրանքների շնորհիվ, ցավոք, ողբերգական ավարտ ունեցած ցույցերը կասկած հարուցեցին:

Այս մի քանի օրվա փորձը ցույց տվեց, որ խաղաղ ցուցարարների շարքերում հայտնաբերվել են «պատահական» մարդիկ, որոնց սադրիչ վարքը կասեցվեց ցույցի մասնակիցների և ոստիկանության կողմից:

Ցավոք, իմ և տիկնոջս առողջական վիճակը թույլ չի տալիս ինձ ժամանակ առ ժամանակ անձամբ ներկա գտնվելու Բաղրամյան պողոտայում, բայց, փառք Աստծո, ամեն ինչ ընթանում է խաղաղ: Տա Աստված՝ այդպես էլ ավարտվի: Մի հանգամանք ևս. խոսքի ազատությունը հայհոյանքի, վիրավորանք հասցնելու ազատություն չէ: Ոչ ճիշտ մեկնաբանված խոսքը դեռ առիթ չէ ընդհուպ մինչև կյանքին սպառնալիքներով լի տհաճ գրառումներ անել որևէ մեկի մասին:

Հայը, Երևանը, Հայաստանը, հայերենը և հայ ժողովուրդը, որի մի մասնիկն եմ ես, սրբություններ են, որոնք կազմում են Հայրենիք:

Հուսով եմ, որ այս փոքր բացատրականը կվերացնի անարդար թշնամանքն իմ նկատմամբ»:

Հունիսի 23-ին՝ վաղ առավոտյան, ոստիկանությունն ուժի կիրառմամբ ցրել էր Բաղրամյան պողոտայում նախօրեին սկսած և մոտ 10 ժամ տևած նստացույցը: Արդյունքում ոստիկանական բաժանմունքներ բերման էր ենթարկվել 237 անձ, որոնք ավելի ուշ ազատ էին արձակվել: Մոտ 25 մարդ էլ դիմել էր բուժօգնության՝ ոստիկանների կողմից ուժի կիրառման արդյունքում ստացած վնասվածքների պատճառով:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---