Հարություն Խաչատրյանը ՌԴ կինոգետների գիլդիայի և ՄՄԿՓ-ի մրցանակ է ստացել

Հարություն Խաչատրյանը ՌԴ կինոգետների գիլդիայի և ՄՄԿՓ-ի մրցանակ է ստացել

PanARMENIAN.Net - Հայտնի ռեժիսոր, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր, տնօրեն Հարություն ԽաչատրյաննՌԴ կինոգետների գիլդիայի և Մոսկվայի միջազգային կինոփառատոնի (ՄՄԿՓ) մրցանակ է ստացել հայ կինոմատոգրաֆում մեծ ավանդի համար: Այս մասին հունիսի 26-ին լրագրողներին է հայտնել «Ոսկե ծիրանի» ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը:

Ըստ նրա, պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել հունիսի 25-ին Մոսկվայում` Խաչատրյանի ստեղծագործական երեկոյի շրջանակում:

Միքայել Ստամբոլցյանը հավելել է, որ այս տարի Խաչատրյանի 60-ամյակի կապակցությամբ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում կցուցադրվի նրա «Սպիտակ քաղաքը», հայտնում է «Նովոստի Արմենիան»:

Հարություն Խաչատրյանը հայտնի ռեժիսոր է, ՀՀ ժողովրդական արտիստ (2013), բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, 2004 թվականից՝ «Ոսկե ծիրան» երևանյան կինոփառատոնի հիմնադրման պահից, փառատոնի գլխավոր տնօրենը։ 2013 թվականին ստացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչում։ Եվրոպական կինոակադեմիայի ընտրող անդամ։ 2004 թվականին մի խումբ գործընկերների հետ հիմնադրել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, որի գլխավոր տնօրենն է հանդիսանում մինչ օրս։ 2007 թվականին ստացել է Նիդերլանդների Արքայազն Քլաուսի մրցանակը, իսկ 2008-ին արժանացել է Ֆրանսիայի Հանրապետության Մշակույթի և Հաղորդակցության նախարարության Ordre des Arts et des Lettres շքանշանին:

1987-ին նկարահանված «Կոնդ» ֆիլմը նույն տարում արժանացել է Մոսկվայի Երիտասարդ կինոգործիչների փառատոնի առաջին մրցանակին, 1988 թ-ին ֆիլմն արժանացել է Կիևի «Մոլոդոստ» միջազգային կինոփառատոնի առաջին մրցանակին լավագույն վավերագրական ֆիլմի համար, 1988-ին արժանացել է նաև Շվեյցարիայի միջազգային կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակին, 1989-ին դարձել է Մյունխենի Վավերագրական ֆիլմերի միջազգային կինոփառատոնի լավագույն 4 ֆիլմերից մեկը, ստացել է Խարհրդային միության մի շարք հեղինակավոր մրցանակներ։ «Սպիտակ քաղաքը» ֆիլմը 1988-ին արժանացել է Շվեյցարիայի միջազգային կինոփառատոնի «Արծաթե սեստերցի» մրցանակին, ընդգրկվել է աշխարհի մի շարք հեղինակավոր կինոփառատոնների ծրագրում, այդ թվում Ամստերդամի և Վենետիկի կինոփառատոների։

Նրա «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմաշարի առաջին ՝ «Հայկ. փախուստ» կինոնկարը Թուրինի 33-րդ միջազգային կինոփառատոնում արժանացել է «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգի գլխավոր մրցանակին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---