ՌԴ տրանսպորտի նախարար. ՀՀ-ն ԵՏՄ կազմում հնարավորություն ստացավ մուտք գործել 170 մլն-անոց շուկա

ՌԴ տրանսպորտի նախարար. ՀՀ-ն ԵՏՄ կազմում հնարավորություն ստացավ մուտք գործել 170 մլն-անոց շուկա

PanARMENIAN.Net - Հունիսի 26-ին ՀՀ և ՌԴ միջև տնտեսական գործակցության միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստն էր, որը գլխավորում էին հանձնաժողովի համանախագահները՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը: ՀՀ վարչապետը վստահություն է հայտնել, որ Եվրասիական տնտեսական միության գործունեության մեկնարկը կխթանի երկու երկրի միջև տնտեսության արդիականացման և մրցունակության բարձրացումը, տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի կենտրոնից:

«Ակնկալում ենք, որ մոտ ապագայում էականորեն կփոխվեն երկկողմ առևտրի և ներդրումների, բնակչության զբաղվածության և իրական եկամուտների ցուցանիշները: Այս ամենն իրագործելու համար ունենք բոլոր անհրաժեշտ իրավական և կազմակերպչական մեխանիզմները: Մեր երկրները սերտորեն գործակցում են այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտն ու հաղորդակցությունը, հանքային հումքի և գյուղատնտեսական ապրանքների մշակումը: Ձևավորված է համատեղ գիտատեխնիկական ենթակառուցվածք, որը թույլ է տալիս ակտիվորեն զարգացնել տնտեսական համագործակցության մեջ ինովացիոն բաղադրիչը»,- ասել է Աբրահամյանը:

Հայաստանը ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին: Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի տարի Հայատանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը:

Իր ելույթում ՌԴ տրանսպորտի նախարարն ընդգծել է, որ 2014-ը կարևոր տարի էր հայ-ռուսական միջպետական հարաբերություններում, քանի որ Հայաստանն անդամակցել է Եվրասիական տնտեսական միությանը:

«Հենց այդ պահից սկսած մեր երկու երկրի միջև գործակցությունը որակապես նոր փուլ թևակոխեց, քանի որ Հայաստանի գործարարները հնարավորություն ստացան մուտք գործել պաշտպանված և ծավալուն՝ 170 միլիոնանոց շուկա, որի շրջանակում երաշխավորված է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը», - նշել է Սոկոլովը՝ հավելելով, որ դա կնպաստի ներդրումների աճին և Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ծրագրերի իրականացմանը:

2014 -ի համեմատ երկու երկրի միջև առևտրշրջանառության նվազումը նախարարը բացատրել է միջազգային գների անկմամբ:

«Պարզապես էներգակիրների միջազգային գներն են ընկել, ուստի գնային իմաստով շեմը նվազել է, սակայն բացարձակ ծավալնելով մեր համագործակցությունն աճում և զարգանում է: Անցյալ տարվա ընթացքում ռուսական կապիտալի մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում բացվել են մի քանի ձեռնարկություններ», - պարզաբանել է Սոկոլովը:

Նախարարը հայտնել է, որ վերջին շրջանում երկու երկրի միջև ստորագրվել է 11 միջկառավարական համաձայնագիր, այդ թվում՝ միջուկային անվտանգության ոլորտում գործակցության, ԵԱՏՄ-ին անդամակցության շրջանակում ՀՀ-ին տեխնիկական և ֆինանսական օժանդակության տրամադրման, գազի, նավթամթերքի, չմշակված ադամանդների մատարակարարման և այլն:

ՌԴ Դաշնային խորհուրդը հունիսի 24-ին վավերացրել է Հայաստանի հետ միջկառավարական համաձայնագիրը, որով մինչև 2016-ը երկարացվում է ՀՀ բնական գազի, նավթամթերքի և ալմաստի անտուրք մատակարարումը: 2013-ի դեկտեմբերի 2–ին ստորագրված միջկառավարական համաձայնագիրը նախատեսում է Ռուսաստանից Հայաստան նավթամթերքի, գազի և ալմաստի անտուրք մատակարարում ներքին սպառման համար անհրաժեշտ քանակով։

Սոկոլովը տեղեկացրել է, որ Հայաստանի ատոմային էլեկտրակայանի երկրորդ բլոկի շահագործման ժամկետի երկարացման համաձայնագրի շրջանակում ՌԴ «Ռոսատոմ» ատոմային էներգիայի հարցերով պետական կորպորացիան արդեն սկսել է համապատասխան աշխատանքները:

Վարչապետը, իր հերթին, ընդգծել է, որ ընթացիկ տարում էներգետիկայի և ատոմային անվտանգության ոլորտում համատեղ աշխատանքի կարևոր ձեռքբերումը միջկառավարական համաձայնագրի ստորագրումն էր, որով կանոնակարգվում են հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման հետ կապված հարցերը:

Ռուսաստանն ու Հայաստանը 2015-ին գործակցության միջկառավարական համաձայնագիր էին ստորագրել հայկական ԱԷԿ–ի` միակ գործող երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը 10 տարով (մինչև 2026 թ.–ն) երկարացնելու վերաբերյալ։ ՌԴ կառավարությունը 2014թ.–ի վերջին հավանություն է տվել Հայաստանին այդ նպատակով մինչև 15 տարի ժամկետով 270 մլն դոլարի վարկ տրամադրելու նախագծին։ ԱԷԿ–ի 2-րդ էներգաբլոկի վերակառուցումը կսկսվի 2017 –ի գարնանը և կտևի մոտ կես տարի։ Այժմ գործում է միայն այդ բլոկը՝ 407.5 Մբթ հզորությամբ, որը շահագործման է հանձնվել 1980-ին՝ 30 տարի շահագործման նախագծային ժամկետով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2-րդ էներգաբլոկը 1989–1995թթ. ժամանակահատվածում չի աշխատել՝ շահագործման ժամկետի ավարտը սահմանվել է 2016-ի սեպտեմբերը: Հայաստանը մտադիր է կառուցել մոտ 1000 ՄՎտ հզորությամբ նոր էներգաբլոկ, որի համար պահանջվում է մոտ 5 մլրդ դոլար: Նոր էներգաբլոկի կառուցումը նախատեսվում է սկսել 2018-2019 թթ.-ն։

Աբրահամյանը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական գործակցության ընդլայնման հիմքում ընկած է նաև երկու երկրի մարզերի միջև ուղիղ շփումների ակտիվացումը: Այս համատեքստում մեծապես կարևորվել է հայ-ռուսական միջտարածաշրջանային բիզնես ֆորումների դերը:

Նիստի ավարտին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը ստորագրել են ՀՀ և ՌԴ միջև տնտեսական գործակցության միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստի արձանագրությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---