ՀՀԿ պատգամավոր. Գործադիրն էլէներգիայի սակագինը չբարձրացնելու ուղիներ է որոնում

ՀՀԿ պատգամավոր. Գործադիրն էլէներգիայի սակագինը չբարձրացնելու ուղիներ է որոնում

PanARMENIAN.Net - ՀՀ Կառավարությունը հնարավորություն է որոնում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից խուսափելու համար: Այս մասին հայտնել է ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը:

Հարցին, թե արդյոք կառավարությունը որոնում է այն աղբյուրները, որոնք հնարավորություն կտան փոխհատուցել ՀԷՑ-ի կորուստները և սակագինը չբարձրացնել, Մինասյանը պատասխանել է. «Ես կարծում եմ` այո: Դա հենց այն է, ինչ հնարավոր է իրականացնել: Եթե գտնվի այդպիսի հնարավորություն, ապա սակագինը հնարավոր կլինի չբարձրացնել կամ բարձրացնել քիչ չափով»,-մեջբերում է Panorama.am-ը:

Պատգամավորն ասել է, որ հնարավոր աղբյուրները կարող են լինել կամ ներքին, կամ արտաքին փոխառնվող ռեսուրսներ:

Հունիսի 26-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ՀՀ և Ռուսաստանի միջև տնտեսական գործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքումասել է, որ ճիշտ կլիներ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստր ձեռնարկության՝ Հայաստանի բաշխիչ ցանցերի գործունեության մանրազնին աուդիտ անցկացնել փորձագիտական հանրության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: ԱԺ պատգամավորը նաև հայտնել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում այն բոլոր չարաշահումները, որոնք կարող է պարզել հնարավոր աուդիտը, բարձրացված սակագնի մեջ ներառված չեն, հետևաբար աուդիտի եզրակացությունը չի կարող ազդել գնի վրա, ասել է ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը:

«Եթե կան չարաշահումներ, ապա աուդիտը կարող է պարզել, թե վատ կառավարման արդյունքում սեփականատերը ինչպիսի կորուստներ է կրել: Սակայն սակագինը վատ կառավարման արդյունքում ձևավորված իրողությունների հետ որևէ կապ չունի», - նկատել է Մինասյանը՝ հավելելով, որ աուդիտը կարող է բերել ընդամենը ընկերության ղեկավարության փոփոխության:

Պատգամավորի խոսքով՝ սակագնի բարձրացման պատճառ են դարձել սակավաջրությունը, ատոմակայանի տուրբինի չպլանավորված կանգառը և դոլար-դրամ հարաբերակցությունը:

Հունիսի 17-ի նիստում ՀԾԿՀ-ն մասնակի բավարարել էր էլէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայտը՝ սակագինն օգոստոսի 1-ից կբարձրանա ոչ թե 17, այլ 6,93 դրամով: ՀԾԿՀ դիմելով՝ ՀԷՑ-ը առաջարկում էր 1 կՎտժ սակագինն ավելացնել մոտ 17 դրամով:

«Ոչ թալանին» քաղնախաձեռնության անդամները հունիսի 19-ից նստացույց են անցկացնում Երևանի կենտրոնում Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ: Հունիսի 23-ին՝ վաղ առավոտյան, ոստիկանությունն ուժի կիրառմամբ ցրել է հունիսի 22-ի երեկոյան Բաղրամյան պողոտայում սկսված և մոտ 10 ժամ տևած նստացույցը: Արդյունքում ոստիկանական բաժանմունքներ բերման է ենթարկվել 237 անձ, որոնք ավելի ուշ ազատ են արձակվել և հարուցված քրգործով հանդես են գալիս որպես վկա: Մոտ 25 մարդ էլ դիմել է բուժօգնության՝ ստացած վնասվածքների պատճառով: Բողոքի ցույցը վերսկսվել է հունիսի 23-ի երեկոյան, երբ Ազատության հրապարակում հավաքվածները կրկին գնացել են Բաղրամյան պողոտա, որտեղ էլ մնում են մինչև օրս:

Նախաձեռնությունը ՀԷՑ-ի գործունեության աուդիտ անցկացնելը գնահատում է որպես «բավականին ուշացած»: Ցուցարարների պահանջները չեն փոխվել՝ չեղարկել որոշումը, վերանայել սակագինը նվազեցման նպատակով և պատժել հունիսի 23-ին առավոտյան մեզ այստեղ ծեծի ենթարկած և ոստիկանական բաժիններ տարած քաղաքացիական և ոստիկանական համազգեստով անձանց:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---