Ի՞նչ իրավունքներ ունի բերման ենթարկված կամ ձերբակալված քաղաքացին․ Իրազեկման թերթիկ

Ի՞նչ իրավունքներ ունի բերման ենթարկված կամ ձերբակալված քաղաքացին․ Իրազեկման թերթիկ

PanARMENIAN.Net - Բերման ենթարկված կամ ձերբակալված անձանց իրավունքների իրազեկման թերթիկում, որն իր էջում հրապարակել է «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, եթե հավաքի ժամանակ ինչ-որ մեկին բերման են ենթարկել կամ ձերբակալել են, նա իրավունք ունի՝

• Բերման ենթարկվելու կամ ձերբակալվելու պահից իմանալ բերման ենթարկող կամ ձերբակալող ոստիկանության աշխատակցի անունը, ազգանունը, պաշտոնը, բերման ենթարկելու կամ ձերբակալելու հիմքերը,

• Ստանալ իր կարգավիճակից բխող իրավունքների մասին գրավոր ծանուցում,

• Պահանջել և ունենալ պաշտպան,

• Հրաժարվել իր կամ իր ամուսնու կամ մերձավոր ազգականի դեմ ցուցմունք տալուց:

• Բացատրություն կամ ցուցմունք տալ միայն պաշտպանի ներկայության դեպքում,

• Իր մասին լրացված արձանագրություններում հետևել ժամերի ճիշտ արձանագրմանը,

• Իր մասին լրացված արձանագրություններում անձամբ նշել (ֆիքսել) տվյալ գործողությունը կատարելու հստակ ժամը,

• Իր նկատմամբ բարեկիրթ, արժանապատվությունը չնվաստացնող վերաբերմունքի,

• Չներկայանալ (չհայտնել անուն ազգանուն),

• Չտալ մատնահետքեր,

• Իմանալ իրեն առնչվող ցանկացած ոստիկանության աշխատակցի անունը, ազգանունը, պաշտոնը,

• Ազատությունից զրկելուց 4 ժամ անց ձերբակալման մասին չհայտարարվելու դեպքում, օրենքի ուժով պետք է համարվեք ձերբակալված և ունենաք լռելու իրավունք,

• Որպես վկա ներգրավված կամ կարգավիճակ չունեցող անձինք իրավունք ունեն հրաժարվել բժշկական հետազոտությունների ենթարկվելուց:

«Ոչ թալանին» քաղնախաձեռնության անդամները հունիսի 19-ից նստացույց են անցկացնում Երևանի կենտրոնում Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ: Հունիսի 23-ին՝ վաղ առավոտյան, ոստիկանությունն ուժի կիրառմամբ ցրել էր հունիսի 22-ի երեկոյան Բաղրամյան պողոտայում սկսված և մոտ 10 ժամ տևած նստացույցը: Արդյունքում ոստիկանական բաժանմունքներ բերման էր ենթարկվել 237 անձ, որոնք ավելի ուշ ազատ էին արձակվել և հարուցված քրգործով հանդես են գալիս որպես վկա։ Հաջորդ օրը երեկոյան նստացույցը վերսկսել էր ու շարունակվում է մինչև օրս։

Ավելի ուշ ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Գարիկ Գալիկյանը PanARMENIAN.Net ին ասել էր, որ ցրման ժամանակ լրագրողների դեմ ոստիկանների գործողություններում ՀՀ քրեական օրենսգրքի «Գույքի դիտավորյալ ոչնչացում» և «Լրագրողի մասնագիտական աշխատանքի խոչընդոտում» հոդվածներով նախատեսված հանցակազմ է տեսնում:Ինչ վերաբերում է ոստիկանների գործողություններից մարմնական վնասվածքներ ստացած ցուցարարներին ու լրագրողներին, փաստաբանը նշել էր, որ պետք է զննվել ու ստանալ այդ վնասվածքների աստիճանների բժշկական փորձաքննությունների արդյունքները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---