Պուտին. Ռուսաստանը կսատարի Սիրիային ԻՊ դեմ կոալիցիա ստեղծելու հարցում

Պուտին. Ռուսաստանը կսատարի Սիրիային ԻՊ դեմ կոալիցիա ստեղծելու հարցում

PanARMENIAN.Net - Սիրիան և տարածաշրջանի երկրները պետք է միավորվեն ահաբեկչական «Իսլամական պետության» դեմ պայքարի համար, Ռուսաստանը պատրաստ է նպաստել երկրների միջև երկխոսության հաստատմանը: Այսպիսի հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի ԱԳՆ ղեկավար Վալիդ Մուալլեմի հետ հանդիպման ժամանակ:

«Միևնույն ժամանակ մենք կարծում ենք, որ ահաբեկչության, ծայրահեղական դրսևորումների դեմ արդյունավետ պայքարելու համար պետք է միավորել տարածաշրջանի բոլոր երկրների ջանքերը: Բոլոր մեր շփումները տարածաշրջանի երկրների հետ, իսկ մենք լավ հարաբերություններ ունենք առանց բացառության բոլորի հետ, վկայում են, որ այսպես կոչված «Իսլամական պետության» պես կազմակերպության դեմ պայքարում բոլորն են պատրաստ իրենց ավանդն ունենալ: Դա վերաբերում է և Թուրքիային, և Հորդանանին, դա վերաբերում է նաև Սաուդյան Արաբիային: Եվ այս կապակցությամբ, անշուշտ, մենք կոչ ենք անում մեր բարեկամներին, այդ թվում նաև Սիրիայում, ամեն ինչ անել, որպեսզի կառուցողական երկխոսություն հաստատվի բոլոր այն երկրների միջև, որոնք շահագրգռված են պայքարել ահաբեկչության դեմ»,-ասել է Պուտինը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Նա հավելել է, որ կառուցողական հարաբերություններ են զարգանում բոլոր նրանց հետ, ով սատարում է Սիրիային: «Հասկանալի է, որ նման կոալիցիայի ստեղծումը հեշտ բան չէ, հաշվի առնելով բոլոր այն բարդությունները, որ եղել են երկրների միջև: «Սակայն եթե Սիրիայի ղեկավարությունը դա նպատակահարմար համարի ու հնարավոր, մենք ամեն ինչ կանենք, որպեսզի սատարենք: Եվ կօգտագործենք մեր լավ հարաբերությունները տարածաշրջանի բոլոր երկրների հետ, որպեսզի գոնե փորձենք այդպիսի կոալիցիա ստեղծելու փորձ անել»,-ասել է Պուտինը:

«Մենք տեսնում ենք, թե որքան բարդ է իրավիճակը Սիրիայի շուրջ, առաջին հերթին միջազգային ահաբեկչության ագրեսիայի հետ կապված: Հասկանում ենք, որ այս իրավիճակում հաջողությունը միշտ շաղկապված կլինի նաև ինչ-ինչ խնդիրների հետ, կարող են լինել և ռազմական անհաջողություններ: Բայց մենք վստահ ենք, որ ի վերջո Սիրիայի ժողովուրդը կհաղթի: Մեր քաղաքականությունն, ուղղված Սիրիայի աջակցությանը, Սիրիայի ղեկավարությանն ու Սիրիայի ժողովրդին աջակցելուն, անփոփոխ է մնում»,-ասել է ՌԴ նախագահը:

«Իսլամական պետության» էքսպանսիան աշխարհի գլխավոր հիմնախնդիրներից մեկը դարձավ 2014-ին: Ըստ ԿՀՎ տվյալների, խմբավորումը մոտ 30 հազար գրոհային ունի:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---