Hürriyet-ը՝ Թուրքիայում Համասյանի համերգի մասին. Մարդ, որը կանգնեցնում է ժամանակը

Hürriyet-ը՝ Թուրքիայում Համասյանի համերգի մասին. Մարդ, որը կանգնեցնում է ժամանակը

PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ դաշնակահար ու կոմպոզիտոր Տիգրան Համասյանը և Հայաստանի պետական կամերային երգչախումբը «Լոյս ի Լուսոյ» համերգային ծրագրի շրջանակում շարունակում են ելույթ ունենալ Թուրքիայում: Օրեր առաջ նրանք համերգ են տվել Վանի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցու բակում, գրում է Ermenihaber.am-ը: Համերգին անդրադարձել է թուրքական Hürriyet պարբերականը:

«Եթե կան մարդիկ, որ դեռ Համասյանին չեն ճանաչում, թող նրա անունը մի անկյունում գրեն. ջազի աշխարհում նա ամենաքննարկվող նոր անունն է, որ բազմաթիվ մրցանակներ է շահել», - գրում է թերթը:

Նշվում է, որ հունիսի 23-ին Աղթամարում տեղի ունեցած համերգն անմոռանալի օր է պարգևել հանդիսատեսին:

«Եկեղեցին, լիճը, պատմությունը, երգչախումբը, Համասյանը, հանդիսատեսը և անգամ թռչունների ձայները մի պահ սկսում են դառնալ մեկ ամբողջություն: Համասյանը, երբ նվագում էր, խոնարհվում էր դաշնամուրի վրա, կարծես աղոթում էր: Իսկ հանդիսատեսը փակում էր աչքերը երաժշտությունը կլանելու համար և վոկալի ազդեցությամբ դառնում եթերասլաց: Իսկ երբ բացում էին աչքերը, տեսնում էին մի բան, որ դուրս է ժամանակից. լիճ, եկեղեցի, հեռվում՝ կանաչ գագաթներ…»:

Համասյանն իր հերթին նշել է, որ Աղթամարում նվագելը իր համար շատ հուզիչ էր:

«Իսկապես զգացի, որ երաժշտությունը մեզ կարող է միավորել, հույս ունեմ՝ այդ զգացողությունը հանդիսատեսին ևս փոխանցվել է», - ասել է նա:

Երաժիշտ ու կոմպոզիտոր Տիգրան Համասյանի «Լոյս ի Լուսոյ» նախագծին արդեն ծանոթ են եվրոպական տարբեր երկրներում, որտեղ երաժշտի ու նվագախմբի համերգներն ավարտվել են: Ապրիլի 17-ից մինչև մայիսի 30-ը համերգ են տվել Բելգիայի, Չեխիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Շվեյցարիայի, Լյուքսեմբուրգի, Իտալիայի, Գերմանիայի եկեղեցիներում ու համերգասրահներում, և հանդիսատեսի 98%-ն օտարերկրացիներ էին, որոնք գալիս էին լսելու ու ծանոթանալու իր մշակած հայկական հոգևոր երաժշտությանը: «Բոլոր համերգների ժամանակ դահլիճը լեփ լեցուն էր: Քաղաքներ կային, որ վաճառքի հանվելուց 1 ամիս հետո արդեն բոլոր տոմսերը սպառվել էին: Հանդիսատեսը շատ հավանեց «Լոյս ի Լուսոյ»-ը»:

Հունիսի 11-ին Զվարթնոցի տաճարի տարածքում համերգից հետո յուրօրինակ ուխտագնացությունը, ինչպես ինքը՝ Համասյանն է այն կոչում, շարունակվել է՝ ավարտվելով Թուրքիայում: Հունիսի 13-ին համերգը Ստեփանակերտի մշակույթի ու երիտասարդության պալատում էր, ևս մեկը՝ հունիսի 15-ին՝ Գյումրիի դրամատիկական թատրոնում: Գյումրիի համերգից հետո Համասյանն ու երգչախումբը մեկնեցին Թբիլիսի, որտեղ երկու համերգ տվեցին՝ հունիսի 17-ին ու 18-ին, համապատասխանաբար՝ Սբ Էջմիածին եկեղեցում ու Թբիլիսիի պետական կոնսերվատորիայի մեծ դահլիճում: Վրաստանի մայրաքաղաքում համերգներից հետո ուղևորվեցին Թուրքիա, որտեղ մի շարք համերգներ են նախատեսված:

Տիգրանն ասում էր՝ կարևոր չէ, թե ինչքան մարդ կգա Թուրքիայի համերգներին, կարևորն այն է, որ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում (հունիսի 23), Դիարբեքիրի Սբ Կիրակոսում (հունիսի 25), Կայսերիի Սբ Գրիգոր Լուսավորչում (հունիսի 27), Վաքըֆի Սբ Աստվածածնում (հունիսի 29) ու Ստամբուլի բյուզանդական Սբ Իրենում (հունիսի 30) հայկական հոգևոր երաժշտություն է հնչում:

Ներկայացնելով «Լույս ի լուսո» համերգային ծրագիրը՝ Hürriyet-ը գրում է, որ ծրագրում ընդգրկված է հայկական ժողովրդական երաժշտությունը: Ծրագրով նախատեսված է 100 համերգ 100 եկեղեցում:Հաջորդ շաբաթ Համասյանը համերգ կտա նաև Ստամբուլում:

Համասյանի նոր երաժշտական նախաձեռնությունը 5-ից 20-րդ դարերի հայկական հոգևոր երաժշտության նորովի մեկնաբանություն է, որը 2015-ի սեպտեմբերին, ECM ընկերության հետ համատեղ, կթողարկվի ձայնասկավառակի տեսքով: Երգացանկում հավաքված են Մեսրոպ Մաշտոցի, Գրիգոր Նարեկացու, Գրիգոր Պահլավունու, Ներսես Շնորհալու, Մխիթար Այրիվանեցու, Մակար Եկմալյանի, Կոմիտասի օրհներգները, շարականները, տաղերն ու գանձերը: Բոլոր աշխատանքները՝ սկսած «Հայրապետական մաղթերգ»-ից, գրված են գրաբարով:

«Լոյս ի Լուսոյ»-ում ընդգրկված ստեղծագործությունների թվում են նաև Պահլավունու «Ով զարմանալի»-ն ու Կոմիտասի «Հայրապետական մաղթերգ»-ը: «Ով զարմանալի» շարականը հնչում է Ջրօրհնեքի արարողության ընթացքում՝ պատարագից հետո: Այն մեզ հասել է երաժշտության հետ ու արտացոլում է կիլիկյան հին հոգևոր երգեցողության նրբությունները: Նախագծում ընդգրկված են նաև պատարագից այլ հատվածներ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---