ՀՀ-ում կստեղծվի «Հայ Տեք» կիբերանվտանգության կենտրոն

ՀՀ-ում կստեղծվի «Հայ Տեք» կիբերանվտանգության կենտրոն

PanARMENIAN.Net - Տեղեկատվական բարձր տեխնոլոգիաների ձեռնարկությունների հետ փոխշահավետ գործակցության համատեքստում ՀՀ պաշտպանության նախարարությունը և «ԵրՄՄԳ» ՓԲԸ-ն նախաձեռնել են «Հայ Տեք» կիբերանվտանգության կենտրոնի ստեղծման նախագիծ՝ հաշվի առնելով տեղեկատվական անվտանգության ոլորտում առկա մարտահրավերները: Կենտրոնը կգործի 2015-ի 4-րդ եռամսյակից, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Ծրագրի նպատակն է ապահովել պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծումը և դրանց կիրառումը` առավել արդյունավետ օգտագործելով զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում, սերտորեն գործակցելով ոլորտի մասնավոր ընկերությունների և ուսումնական հաստատությունների հետ՝ ներգրավելով դրանց կենտրոնի կառավարման գործընթացում:

Հունիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը «Հայ Տեք» կիբերանվտանգության կենտրոնի շրջանակում ձևավորել է որակավորման հանձնաժողով` համակարգչային ծրագրավորողի մասնագիտությամբ ժամկետային պարտադիր զինծառայողների տեսական և գործնական գիտելիքները ստուգելու, ինչպես նաև 2015-ի ամառային զորակոչի ենթակա առավել պատրաստված թեկնածուներից մասնագիտական ընտրություն կատարելու նպատակով:

Մասնագիտական հատուկ հանձնաժողովը կազմված է ՀՀ ՊՆ ներկայացուցիչներից և ՏՏ ոլորտի ընկերությունների («ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ն, Synopsis, Unicomp, Ucom, T&S Dynamics, MIC-կենտրոն, Maysis) բարձրակարգ մասնագետներից: Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են նաև զորակոչի ենթակա երիտասարդների գործատու ընկերությունների ներկայացուցիչներ (ՀՀ ԿԲ, Mentor Graphics, PicsArt, Synergy, BetConstruct, Rafa Solutions, OneMarketData, Antel, ISPRAS, X-Tech):

Վերջին տարիներին Հայաստանում աճում է տեղական ռեսուրսների խոցելիությունը։ Ըստ 2013-ի տվյալների՝ խոցելիության արդյունքում տարեկան մոտ 1500 հայկական վեբ կայք է գրոհի ենթարկվում ցանցահենների կողմից, առավելապես` ադրբեջանական: Ապրիլի 24-ը թուրք ու ադրբեջանցի հաքերների` հայկական կայքերի վրա հարձակումներ գործելու հիմնական օրերից մեկն է:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---