Ցուցարարները հունիսի 29-ին երթ կանցկացնեն և չեն լքի Բաղրամյանը «մինչև հաղթական ավարտը»

Ցուցարարները հունիսի 29-ին երթ կանցկացնեն և չեն լքի Բաղրամյանը «մինչև հաղթական ավարտը»

PanARMENIAN.Net - Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցները մտադիր են հունիսի 29-ին՝ ժամը 18:00-ին, երթ անցկացնել Երևանի կենտրոնական փողոցներով։ Նրանք նաև կմնան Բաղրամյան պողոտայում «մինչև հաղթական ավարտը»։

Կազմակերպիչները նշում են, որ ոչինչ չի փոխվել, և կշարունակեն ակցիան.

«Մենք չենք ուզում մեղադրել նրանց, ովքեր երեկ որոշեցին տեղափոխվել Ազատության հրապարակ, սակայն մենք այստեղ ենք սկսել պայքարը, և այստեղ էլ այն կավարտենք։ Մենք պահանջում ենք միայն մի բան` կասեցնել էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման որոշումը»։

Երթի կազմակեպիչները տեղեկացրել են, որ կլինեն ընդամենը 20-30 հոգի, և խնդրում են ոստիկաններին` չխոչընդոտել իրենց:

«Մեր ակցիան բացառապես խաղաղ բնույթ է կրում, մենք բախումների չենք գնում իրավապահ մարմինների հետ», – ընդգծել են նրանք։

ՀՀ ոստիկանությունը հունիսի 28-ին հայտարարություն է տարածել, որում ասվում էր, որ Բաղրամյան պողոտայում շարունակվող ապօրինի հավաքը կդադարեցվի: ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ասել էր, որ Բաղրամյանում «մնացողները կմաքրվեն» ու հավելել․«Ոստիկանական մեթոդներով կվերականգնվի պողոտայի երթևեկությունը: Մի քիչ ավելի խիստ կլինենք»:

«Ոչ թալանին» քաղնախաձեռնությունը ժամը 19։00-ի սահմաններում հայտարարություն է արել՝ կոչ անելով հավաքվածներին տեղափոխվել Ազատության հրապարակ։ Նախաձեռնության անդամներից Վաղինակ Շուշանյանն ասել է, որ ժողովուրդը ստիպեց իշխանություններին լուծում տալ հարցին և դա հաղթանակ է։

«Գնում ենք Ազատության հրապարակ ու չենք լսում սադրիչներին»,- ասել է Շուշանյանը։ Բայց ցուցարարներից շատերը համաձայն չէին լքել պողոտան ու մնացել են այնտեղ:

Ոստիկանությունը, սակայն, չի դիմել ֆիզիկական ուժի, ինչպես հայտարարել էր, «չի մաքրել» փողոցը:

Հունիսի 27-ին նախագահ Սերժ Սարգսյանը՝ խորհրդակցություն անցկացնելով Հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ հայտարարել է, որ մինչև ՀԷՑ-ում իրականացվելիք աուդիտի եզրակացության կազմումը Կառավարությունն իր վրա կվերցնի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ամբողջ բեռը:

Խոսելով հոսանքի սակագնի բարձրացման մասին, նախագահը նշել է, որ խորապես համոզված է՝սակագնի բարձրացումն արդարացված է:

Նախագահի այս հայտարարությունը նախ որպես հաղթանակ է ընդունվել, ապա ակտիվիստների մի մասը բարձրաձայնել է, որ այդ առաջարկը, ըստ էության, չի բավարարում իրենց պահանջը, այն է՝ կասեցնել որոշումը: Ու որոշում է ընդունվել շարունակել բողոքի ակցիան ու մնալ Բաղրամյան պողոտայում մինչև իրենց պահանջի հստակ կատարումը:

Հունիսի 29-ին ՀՀ Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը հայտարարություն է տարածել ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որում հույս է հայտնել, որ խնդիրները կկարգավորվեն փոխըմբռնման մթնոլորտում և իրավունքի շրջանակում: Այդ նպատակով Անդրեասյանը հակադիր բոլոր կողմերին հանդուրժողականության և օրինապահության կոչ է արել, ինչպես նաև ներկայացրել տվյալ իրավիճակի վերաբերյալ միջազգային իրավունքի և ներպետական օրենսդրության ամփոփ հիշեցումը:

Հայտնի է, որ հավաքների ազատության իրավունքը յուրաքանչյուր ժողովրդավարական հասարակության հիմնասյուներից մեկն է: Խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ, որի ապահովմանն է ուղղված «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքը: Օրենքն, իր հերթին, լայն պաշտպանություն է նախատեսում խաղաղ բնույթ ունեցող հավաքների համար՝ ամրագրելով, որ իրազեկմանը վերաբերող պահանջների խախտմամբ անցկացվող հավաքն անգամ ենթակա է պաշտպանության, եթե ունի խաղաղ բնույթ:

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հավաքների ազատության իրավունքի վերաբերյալ գործերով կայացված իր վճիռներով մշտապես արձանագրել է, որ ցանկացած մեծամասշտաբ հավաք հասարակական վայրում ախուսափելիորեն անհարմարություն է պատճառում բնակչությանը: Թեև ցույցը հասարակական վայրում կարող է առաջացնել առօրյա կյանքի որոշակի խաթարում, այդ թվում՝ երթևեկության խաթարում, սակայն, շատ կարևոր է, որպեսզի պետական մարմինները ցուցաբերեն որոշակի աստիճանի հանդուրժողականություն խաղաղ հավաքների նկատմամբ, որպեսզի չիմաստազրկվի մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածով սահմանված հավաքների ազատության իրավունքը (Galstyan, §§ 116-117, Bukta and Others, § 37)», - ասել է Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ ընդհանրապես, այն հարցը, թե որ պահից հավաքն այլևս չի կարող համարվել ժամանակավոր բնույթ ունեցող, պետք է որոշվի յուրաքանչյուր դեպքի անհատական հանգամանքներից ելնելով:

Ինչ վերաբերում է փողոցների արգելափակմանը՝ որպես բողոքի մարտավարություն, դա կարող է որոշակի հանգամանքների պարագայում սահմանափակվել մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան (Lucas v. UK): Cisse v. France գործով, Փարիզում երկու ամիս շարունակ եկեղեցում գտնվող 200 ապօրինի ներգաղթած անձանց դուրսբերումը եկեղեցուց ճանաչվել է որպես միջամտություն դիմողի հավաքների ազատության իրավունքին (թեև արդարացվել է հանրային առողջության սկզբունքի հիման վրա):

Ինչ վերաբերում է «Սանիթեքի» գույքը դիտավորությամբ ոչնչացնելու փաստին՝ Օմբուդսմենը նշել է, որ ցուցարարներ կողմից ընկերության սեփականությունը հանդիսացող աղբամանների տեղափոխումը, ապօրինի տիրապետումը կամ վնասումը կարող է առաջացնել օրենքով սահմանված պատասխանատվություն: Նման գործողություններով ցուցարարները խափանում են ընկերության բնականոն գործունեությունը, քանի որ ընկերությունը պատասխանատվություն է կրում աղբահանության գործընթացի հետ կապված իր պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար, ինչն էլ իր հերթին կարող է առիթ դառնալ ոստիկանության կողմից համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար:

Հունիսի 29-ի առավոտը Բաղրամյանում փորձեցին քանդել աղբամանների պատնեշը. հարուցվել է քրգործ` «Սանիթեքի» գույքը դիտավորությամբ ոչնչացնելու փաստի առթիվ: Քրեական գործով կասկածյալներ չկան: Ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանը, որն ուղեկցում էր Վալերի Օսիպյանին, հայտարարեց, որ քննչական գործողություններն իրականացնելու համար անհրաժեշտ է առգրավվել Բաղրամյան 3-ում գտնվող աղբամանները: Ուստի կոչ արեց երիտասարդներին չխոչընդոտել կատարվող գործողություններին: Անհամաձայնության այս մթնոլորտում երիտասարդների` աղբամանները չտալու կողմնակիցներն հայտարարեցին, որ ցուցարարների անվտանգության և բռնությունների չենթարկվելու երաշխիքն են, և իրենք դրամահավաք կանեն, նոր աղբամաններ կգնեն «Սանիտեքի» համար, իսկ սրանք կպահեն:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---