Փաստաբան. Կիլիկիայի կաթողիկոսարանը պահանջում է ոչ թե փոխհատուցում, այլ գույքի վերադարձ

Փաստաբան. Կիլիկիայի կաթողիկոսարանը պահանջում է ոչ թե փոխհատուցում, այլ գույքի վերադարձ

PanARMENIAN.Net - Թուրքիայի Սահմանադրական դատարանում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ներկայացված հայցով հարուցած դատական գործի միակ նպատակը հայ եկեղեցու կալվածքների վերադարձն է, հայտարարել է Կիլիկիայի հայոց կաթողիկոս Արամ Ա-ի թուրք փաստաբան Ջեմ Սաֆուօղլուն:

«Թեև դատական հայցով պահանջվել է 100 մլն թուրքական լիրա՝ որպես եկեցեղապատկան գույքի դիմաց փոխհատուցում, դրամական փոխհատուցման պահանջը ընդամենը իրավաբանական անհրաժեշտություն է եղել, որն առաջանում է Թուրքիայի սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու կարգից ելնելով: Մեր պահանջը երբեք չի հիմնվել դրամական փոխհատուցման պայմանի վրա: Մեր հայցի միակ նպատակը գույքի վերդարձն է: Եթե այս հարցում դատարանի որոշումը մեր օգտին լինի, դա մեծապես կնպաստի նաև այլ եկեղեցիների և վանական համալիրների գույքի վերադարձին», - ասել է Սաֆուօղլուն, մեջբերում է Ermenihaber.am-ը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ ազգային պահանջատիրության ուղղությամբ գործնական քայլերի հեռանկարով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը կարևորել է Սիսի կաթողիկոսարանի և ազգապատկան ու եկեղեցապատկան այլ կալվածքներ վերադարձը՝ հայերի խախտված իրավունքների վերականգնման համատեքստում: Անցած երկու տարում այս հայցի նախապատրաստական աշխատանքներին մասնակցել է թուրքական և միջազգային դատավարական օրենքների մասնագետներից կազմված հանձնախումբ՝ Արամ Ա կաթողիկոսի գլխավորությամբ: Ներկայացված հայցը պահանջում է վերականգնել սեփականատիրոջ իրավունքը Սբ Սոֆիայի տաճարի, ինչպես նաև Սիսի կաթողիկոսարանի նկատմամբ, որը 1293-1921թթ. ընթացքում եղել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի նստատեղը: Հայցի բովանդակությունը շատ պարզ է ու պահանջում է վերջնականապես վերադարձնել անշարժ գույքը, վերակառուցել այն` կրոնական նպատակներով օգտագործելու համար:

Փաստաբանը նշել է, որ 600 տարի անընդմեջ վերոհիշյալ կալվածքների սեփականատեր հանդիսացած և այդ տարածքում գործունեություն ծավալած Կիլիկիայի հայոց կաթողիկոսարանի օգտին այս դատական գործում բազմաթիվ ապացույցներ ու փաստեր կան, որոնիցից ամենագլխավորը դեռ այսօր էլ Քոզանում կանգուն մնացած վանական համալիրի կառույցներն են:

Սաֆուօղլուն իր խոսքում անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին՝ նշելով, որ միանշանակ ընդունում է ցեղասպանության փաստը՝ որպես հիմնավորում բերելով նաև այն հանգամանքը, որ «ցեղասպանություն» տերմինը ստեղծող Ռաֆայել Լեմկինն ինքն էլ ընդունել է Հայոց ցեղասպանության փաստն ու իր աշխատանքներում հիմնվել է այդ պատմական իրողության վրա: Սաֆուօղլուն նաև նշել է, որ հաշվի առնելով Թուրքիայում տիրող կրոնական, ազգային, ռասսայական անհանդուրժողականությունը՝ ցեղասպանության ժխտումը պետք է իրոք հանցանք համարել: Նա քննադատել է բարձրաստիճան թուրք պաշտոնյաների կողմից խտրականության դրսևորումներն ու այդպիսի պահվածքի անպատժելիությունը՝ հույս հատնելով, որ նոր կառավարությունը այդ ամոթալի վիճակի մեջ փոփոխություն կմտցնի:

Մայիսի 11-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հայտարարել է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նույնպես Թուրքիայից կարող է պահանջել Հայոց ցեղասպանության տարիներին եկեղեցուց բռնազավթված սեփականությունը վերադարձնել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---