Թուրքիան պատրաստ է ներխուժել Սիրիա. Թեհրանը զգուշացնում է դրա անթույլատրելիության մասին

Թուրքիան պատրաստ է ներխուժել Սիրիա. Թեհրանը զգուշացնում է դրա անթույլատրելիության մասին

PanARMENIAN.Net - Թուրքիան պատրաստ է ներխուժել Սիրիայի հյուսիսային շրջաններ 18-հազարանոց զորախմբով: Այդ մասին հունիսի 29-ին հայտնել է տեղի մամուլը:

ԶԼՄ-ները ներկայացնում են մանրամասները` նախապատրաստման պլանը, որ մշակվել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետի, ինչպես նաև բանակի բարձրագույն հրամանատարության և ազգային անվտանգության ուժերի ղեկավարության հետ 6 խորհրդակցությունների արդյունքում: Ասվում է, որ գործողությանը մասնակցելու է 12 հազար զինվոր, որոնք արդեն հաջորդ ուրբաթ կդիրքավորվեն Սիրիայի հետ սահմանին: Ընդ որում ռազմական հրամանատարությունը հնարավոր է համարում, որ Սիրիայի տարածք ներխուժելուց հետո թուրքական զորամիավորումները գործեն ոչ միայն այդ գոտում կռվող ԻՊ գրոհայինների, այլ նաև Բաշար Ասադի զորքերի դեմ:

Որոշ փորձագետներ կարծում են, որ գործողության իրական նպատակը ոչ թե սեփական սահմանը պաշտպանելն է, այլ հակազդեցությունը քրդական ռազմականացված կազմավորումներին, որոնք գնալով ավելի հաջող են գործում Սիրիայում ԻՊ դեմ, հայտնում է Bfm.ru-ն:

Մինչդեռ «Անկարայում Իրանի դեսպանը Թուրքիայի իշխանություններին նախազգուշացրել է չխախտել Սիրիայի> տարածքային ամբողջականությունը»,-այդ մասին իրանական «Ասրիրան.քոմ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է Թուրքիայում Իրանի դեսպան Ալիռեզա Բիգդելին:

Իրանի դեսպանը լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքում ռազմական գործողություններ սկսելու հավանականությանը, մասնավորապես նշել է. «ՄԱԿ-ի անդամ երկրի տարածքային ամբողջականության խախտումը հակասում է Սիրիայում կայունության և խաղաղության հաստատման հարցում Թուրքիայի պարտավորություններին», հայտնում է Panorama.am-ը:

«Ասրիրան»-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իր դժգոհությունն արտահայտելով Սիրիայի հյուսիսում քրդերի արձանագրած ռազմական հաջողություններից, հայտարարել է, որ Թուրքիան երբե՛ք թույլ չի տա, որ իր երկրի հարավում՝ Սիրիայի հյուսիսում, քրդական պետություն ստեղծվի:

Անկարան բոլոր հնարավոր ջանքերը կգործադրի, որպեսզի այդ պլանը երբեք չիրականացվի, ինչպիսին էլ լինի հարցի գինը»,-ասել է Էրդողանը, հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը»:

Թուրքիայի նախագահի հայտարարությունը հնչել է Սիրիայի հյուսիսում «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ պայքարում քուրդ զինյալների զգալի հաջողությունների ֆոնին: Հունիսի 27-ին քրդական ջոկատները կարողացան հաջողության հասնել Կոբանիում` ստիպելով ծայրահեղականներին նահանջել այդ սիրիական քաղաքից: Այժմ այն ամբողջությամբ վերահսկվում է քրդերի կողմից: Հասեկե քաղաքում, որը նույնպես Սիրիայի հյուսիսում է գտնվում, սիրիական զորքերն ու քուրդ զինյալները համաձայնության են եկել ԻՊ ահաբեկիչներին համատեղ հակազդելու հարցում: «Փոխարենը, պաշտոնական իշխանությունները համաձայնվել են նվազեցնել իրենց ազդեցությունը քաղաքում»:

Ավելի վաղ քուրդ աշխարհազորայիններին հաջողվեց գրավել Սիրիայի հյուսիսում գտնվող Այն Իսա քաղաքը, որը վերահսկում էին «Իսլամական պետության» գրոհայինները, իսկ դրանից առաջ` գրավել սիրիական Ռաքքա գավառում գտնվող ԻՊ ռազմակայանը: Քրդերը գրավել են Թել Աբիադ քաղաքը երկրի հյուսիսում: Նրանց հաջողվել է գրավել Թել Աբիադ-Ռաքքա մայրուղին Թուրքիայի սահմանի մոտ, որը ռազմավարական նշանակություն ունի:

Թուրքիան մտահոգված է քրդերի հաջողություններով Սիրիայում: Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առինչը հունիսի 16-ին հայտարարեց, թե «էթնիկ զտումների նշաններ է տեսնում Սիրիայի հյուսիսում ինչպես քուրդ աշխարհազորայինների, այնպես էլ «Իսլամական պետության» գործողություններում»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---