«Ոչ թալանին» նախաձեռնությունը դադարեցնում է նստացույցն Ազատության հրապարակում. Մյուս ցուցարարները կմնան Բաղրամյանում

«Ոչ թալանին» նախաձեռնությունը դադարեցնում է նստացույցն Ազատության հրապարակում. Մյուս ցուցարարները կմնան Բաղրամյանում

PanARMENIAN.Net - Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքող «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները դադարեցնում են նստացույցը Երևանի Ազատության հրապարակում: Այս մասին հունիսի 30-ին հայտարարել է ակտիվիստ Մաքսիմ Սարգսյանը։

Նա տեղեկացրել է նաև, որ նախաձեռնողները հունիսի 30-ին ասուլիս են հրավիրելու, որի ընթացքում կներկայացնեն իրենց հետագա քայլերը, գրում է «Նովոստի Արմենիան»:

«Ոչ թալանին» շարժման առաջնորդներից Վաղինակ Շուշանյանն իր հերթին ասել է, որ պայքարը տեղափոխվում է նոր հարթություն։ Մասնավորապես՝ ակտիվիստները մտադիր են ստեղծել փորձագետների, տնտեսագետների, իրավաբանների խմբեր` կոնկրետ առաջարկություններով հանդես գալու համար։

Միաժամանակ, Բաղրամյանի պողոտայում մնացած ցուցարարները մտադիր չեն լքել այն և կրկին մնացել են այնտեղ գիշերը։ Նրանք հայտարարել են, որ կմնան Բաղրամյան պողոտայում «մինչև հաղթական ավարտը».

«Մենք չենք ուզում մեղադրել նրանց, ովքեր երեկ որոշեցին տեղափոխվել Ազատության հրապարակ, սակայն մենք այստեղ ենք սկսել պայքարը, և այստեղ էլ այն կավարտենք։ Մենք պահանջում ենք միայն մի բան` կասեցնել էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման որոշումը»։

Հունիսի 30-ին Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կրկին դիմել է ցուցարարներին՝ կոչ անելով ազատել պողոտան, բայց՝ ապարդյուն: Օսիպյանը ցուցարարների համար պատնեշ ծառայող աղբամանների տակ հայտնաբերել է մի քանի մետաղապլաստե ձող, որոնք, ինչպես բացատրեցին ցուցարարները, պաստառների և դրոշների համար էին: Սակայն փոխոստիկանապետը հայտաարարել էր, որ դրանք դիտարկում է որպես մահակներ, և այդ առարկաները հեռացվել են:

Քիչ ուշ ցուցարարների հետ զրուցել է Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Երիտասարդներին դիմելով՝ ոստիկանապետն ասել է, որ նրանք են երկրի ապագան ու նշել, որ ոստիկանությունը ունի բավականաչափ ուժ, միջոցներ՝ նստացույցը դադարեցնելու համար, բայց իրենք չեն ցանկանում «կոտրել» երիտասարդությանը: Գասպարյանը խաղաղության և համբերության կոչ է արել ցուցարարներին, գրում է «Ազատություն» ռադիոկայանը:

ՀՀ ոստիկանությունը հունիսի 28-ին հայտարարություն է տարածել, որում ասվում էր, որ Բաղրամյան պողոտայում շարունակվող ապօրինի հավաքը կդադարեցվի: ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ասել էր, որ Բաղրամյանում «մնացողները կմաքրվեն» ու հավելել․«Ոստիկանական մեթոդներով կվերականգնվի պողոտայի երթևեկությունը: Մի քիչ ավելի խիստ կլինենք»:

«Ոչ թալանին» քաղնախաձեռնությունը ժամը 19։00-ի սահմաններում հայտարարություն է արել՝ կոչ անելով հավաքվածներին տեղափոխվել Ազատության հրապարակ։ Նախաձեռնության անդամներից Վաղինակ Շուշանյանն ասել է, որ ժողովուրդը ստիպեց իշխանություններին լուծում տալ հարցին և դա հաղթանակ է։«Գնում ենք Ազատության հրապարակ ու չենք լսում սադրիչներին»,- ասել է Շուշանյանը։ Բայց ցուցարարներից շատերը համաձայն չէին լքել պողոտան ու մնացել են այնտեղ:

Ոստիկանությունը, սակայն, չի դիմել ֆիզիկական ուժի, ինչպես հայտարարել էր, «չի մաքրել» փողոցը:

Հունիսի 27-ին նախագահ Սերժ Սարգսյանը՝ խորհրդակցություն անցկացնելով Հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ հայտարարել է, որ մինչև ՀԷՑ-ում իրականացվելիք աուդիտի եզրակացության կազմումը Կառավարությունն իր վրա կվերցնի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ամբողջ բեռը:Խոսելով հոսանքի սակագնի բարձրացման մասին, նախագահը նշել է, որ խորապես համոզված է՝սակագնի բարձրացումն արդարացված է:

Նախագահի այս հայտարարությունը նախ որպես հաղթանակ է ընդունվել, ապա ակտիվիստների մի մասը բարձրաձայնել է, որ այդ առաջարկը, ըստ էության, չի բավարարում իրենց պահանջը, այն է՝ կասեցնել որոշումը: Ու որոշում է ընդունվել շարունակել բողոքի ակցիան ու մնալ Բաղրամյան պողոտայում մինչև իրենց պահանջի հստակ կատարումը:

Հունիսի 29-ին ՀՀ Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը հայտարարություն է տարածել ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որում հույս է հայտնել, որ խնդիրները կկարգավորվեն փոխըմբռնման մթնոլորտում և իրավունքի շրջանակում: Այդ նպատակով Անդրեասյանը հակադիր բոլոր կողմերին հանդուրժողականության և օրինապահության կոչ է արել, ինչպես նաև ներկայացրել տվյալ իրավիճակի վերաբերյալ միջազգային իրավունքի և ներպետական օրենսդրության ամփոփ հիշեցումը:

Հունիսի 17-ի նիստում ՀԾԿՀ-ն մասնակի բավարարել էր էլէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայտը՝ սակագինն օգոստոսի 1-ից կբարձրանա ոչ թե 17, այլ 6,93 դրամով: ՀԾԿՀ դիմելով՝ ՀԷՑ-ը առաջարկում էր 1 կՎտժ սակագինն ավելացնել մոտ 17 դրամով: «Ոչ թալանին» քաղնախաձեռնության անդամները հունիսի 19-ից նստացույց են անցկացնում Երևանի կենտրոնում Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ:

Հունիսի 23-ին՝ վաղ առավոտյան, ոստիկանությունն ուժի կիրառմամբ ցրել է հունիսի 22-ի երեկոյան Բաղրամյան պողոտայում սկսված և մոտ 10 ժամ տևած նստացույցը: Արդյունքում ոստիկանական բաժանմունքներ բերման է ենթարկվել 237 անձ, որոնք ավելի ուշ ազատ են արձակվել և հարուցված քրգործով հանդես են գալիս որպես վկա: Մոտ 25 մարդ էլ դիմել է բուժօգնության՝ ստացած վնասվածքների պատճառով: Բողոքի ցույցը վերսկսվել է հունիսի 23-ի երեկոյան, երբ Ազատության հրապարակում հավաքվածները կրկին գնացել են Բաղրամյան պողոտա, որտեղ էլ մնում են մինչև օրս:

Նախաձեռնությունը ՀԷՑ-ի գործունեության աուդիտ անցկացնելը գնահատում է որպես «բավականին ուշացած»: Ցուցարարների պահանջները չեն փոխվել՝ չեղարկել որոշումը, վերանայել սակագինը նվազեցման նպատակով և պատժել հունիսի 23-ին առավոտյան մեզ այստեղ ծեծի ենթարկած և ոստիկանական բաժիններ տարած քաղաքացիական և ոստիկանական համազգեստով անձանց:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---