The Guardian-ը՝ Եվրախաղերի մասին. Ծախսված միլիոններից մինչև ճաղերի հետևում մնացող մոտ 100 քաղբանտարկյալ

The Guardian-ը՝ Եվրախաղերի մասին. Ծախսված միլիոններից մինչև ճաղերի հետևում մնացող մոտ 100 քաղբանտարկյալ

PanARMENIAN.Net - Բաքվի Եվրոպական խաղերը (հունիսի 12-28-ը) հակասություններով էին պատված հենց ամենասկզբից՝ հարցեր առաջացնելով, թե ինչպես կարող է մարդու իրավունքների նման բացասական բնութագիր ունեցող երկիրը միջազգային խոշոր մարզական իրադարձություն հյուրընկալել, գրում է բրիտանական The Guardian-ը։

Մինչ խաղերի մեկնարկը երկրի իշխանությունները հալածանքների ենթարկեցին անկախ ձայներին՝ ձերբակալելով հետխորհրդային ժամանակաշրջանում աննախադեպ ծավալներով լրագրողների և ակտիվիստների։

Մինչ մարզիկները տուն են վերադառնում կիրակի օրը տեղի ունեցած խաղերի փակման արարողությունից հետո, թերթը վերլուծում է խաղերի ընթացքը՝ մարզիկների ծախսերը հոգալու համար ծախսված միլիոններից մինչև այն մարդիկ, ովքեր շարունակում են մնալ ճաղերի հետևում՝ իրենց քաղաքական գործունեության պատճառով, հայտնում է Tert.am-ը:

6,5 միլիարդ ֆունտ ստերլինգ հաշիվ. Ադրբեջանը միակ երկիրն էր, որ դիմել է առաջին Եվրոպական խաղերը հյուրընկալելու համար, որոնք, ինչպես հայտնի է, արժեցել են 6,5 միլիարդ ֆունտ ստերլինգ: The Guardian-ը փետրվարին պատմել էր, որ Ադրբեջանը կփակի բոլոր մարզիկների ճանապարհորդության և մնալու ծախսերը:

Ադրբեջանական Meydan TV լրատվական կազմակերպությունը մատնանշել էր խաղերի բյուջեի և ամսական 175 դոլարով ապրել փորձող հինգ հոգուց բաղկացած ընտանիքի բյուջեի միջև առկա մեծ տարբերությունը։

2 միլիոն դոլար Լեդի Գագայի համար. Խաղերի բացման արարողությունը տեղի է ունեցել Բաքվի նորակառույց՝ 68 հազար հանդիսատես հյուրընկալող մարզադաշտում: Հայտնի է դարձել, որ Լեդի Գագային վճարվել է 2 միլիոն դոլար մեկ երգ՝ Ջոն Լենոնի Imagine երգը կատարելու համար: Ադրբեջանի սպորտի նախարար Ազադ Ռահիմովի խոսքով՝ բացման արարողությունն արժեցել է 95 միլիոն դոլար: Լոնդոնի 2012 թվականի օլիմպիական խաղերի բացման արարողությունն արժեցել է 42 միլիոն դոլար:

Թերթը նշում է, որ բացման արարողությանն այցելած 35 նախագահներից միայն չորսն է ներկայացրել Եվրամիությունը՝ Բուլղարիան, Լյուքսեմբուրգը, Մոնակոն և Սան Մարինոն:

100-ից ավելի քաղբանտարկյալ. Երկրում այժմ կա մոտ 100 քաղբանտարկյալ, որոնցից առնվազն 20-ն Amnesty International իրավապաշտպան կազմակերպության կողմից ճանաչվել է «խղճի բանտարկյալ»: Human Rights Watch կազմակերպությունը մատնանշում է միայն 2014 թվականի ընթացքում իրավապաշտպանների, քաղաքական ակտիվիստների և լրագրողների ձերբակալության, հետապնդման և բանտարկման 35 դեպք:

Մեկ պատվիրակություն էր բարձրաձայնում մարդու իրավունքների մասին.... Մինչ պատվիրակությունների մեծ մասը լռություն էր պահպանում խաղերի ընթացքում, մի խումբ գերմանացի մարզիկներ Frankfurt Allgemeine թերթի հետ զրույցում պահանջել էին ազատ արձակել քաղբանտարկյալներին։

150.000 մարդ ասում է #HelloBaku հեշթեգերի պատերազմում. Բացման արարողությանը մասնակցելու տոմսեր շահելու համար սոցցանցերում սկսված #HelloBaku պաշտոնական արշավը ձախողվեց ապրիլին մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստների միջոցով, ովքեր բարձրաձայնեցին սոցիալական ցանցերում իշխանությունների հետապնդումների մասին:

Մինչ խաղերի մեկնարկը #HelloBaku, #Baku2015, #EuropeanGames և #RealBaku հեշթեգերը պատերազմի դաշտի վերածվեցին, երբ իշխանություններին հավատարիմ մարդիկ փորձեցին խոսակցությունը վերադարձնել սպորտին։

Կեղծ զբոսաշրջիկ. Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարության խոսնակը հայտարարել է, որ խաղերի արդյունքում ավելի շատ զբոսաշրջիկ է այցելել Բաքու: Այնուամենայնիվ, զբոսաշրջիկների իրական թվերը դժվար է գնահատել, և շատերը հարցականի տակ են դրել հեռուստատեսությամբ ներկայացված զբոսաշրջիկների իրական լինելը: Ազգային հեռուստատեսությամբ ներկայացվել է բրիտանացի «զբոսաշրջիկ», ով գովում է «հիանալի» Ադրբեջանը, բայց նրա վատ անգլերենը կասկածներ է առաջացրել նրա իրական զբոսաշրջիկ լինելու մասին։

Ադրբեջանը վերջին տարիներին արժանացել է պարբերաբար կրկնվող քննադատությանն ավելի քան 100 լրագրողի, մարդու իրավունքների պաշտպանների, ընդդիմության անդամների և ժողովրդավարության համար պայքարող երիտասարդ ակտիվիստների վրա հարձակումներ կատարելու, ձերբակալելու, բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար: Վերջին շրջանում ընթացքում բազմաթիվ լրագրողների և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների արգելվել է մտնել Բաքու կամ հավատարմագրվել խաղերը լուսաբանելու համար, ներառյալ՝ բրիտանական The Guardian-ը:

Ավելի վաղ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով Amnesty International-ի փոխտնօրեն Դենիս Կրիվոշեևը հայտարարեց. «Իշխանությունները Խաղերի շուրջ քննադատությունից զերծ դաշտ ստեղծելու կոպիտ փորձ արեցին` թույլ չտալով, որպեսզի օտարերկրացի լրագրողներն ու իրավապաշտպան կազմակերպությունները երկիր ժամանեն»:

2 կարևոր միջկառավարական մարմին դատապարտեց մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն Ադրբեջանում: ԵԽԽՎ-ն բանաձև ընդունեց` պահանջելով ազատ արձակել ձերբակալված ակտիվիստներին:

Հետո ՄԱԿ Մարդու իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարություն արեց 24 եվրոպական պետության ու ԱՄՆ անունից` մտահոգություն հայտնելով Ադրբեջանում մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակման վերաբերյալ և հետապնդումները կասեցնելու կոչով:

Եթե իշխանությունները չեն ցանկանում, որ քննադատությունը սաստկանա, պարտավոր են կասեցնել անկախ ՈԿԿ-ների նշումը, ապահովել կարծիք հայտնելու ազատությունը և անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակի բոլոր այն անարդար ձերբակալվածներին, որոնք քննադատել են կառավարությունը, ասվում է հայտարարության մեջ»:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---