Յուպիտերն ու Վեներան հուլիսի 1-ին «կմիանան»

Յուպիտերն ու Վեներան հուլիսի 1-ին «կմիանան»

PanARMENIAN.Net - Հերթական գրավիչ երկնային երևույթը` մոլորակների «միացումը», որի ընթացքում երկու մոլորակ դիտվում է երկնքի մի հատվածում` միմյանց շատ մոտ, տեղի կունենա հուլիսի 1-ին: Այս անգամ իրար մոտ կդիտվեն երկնքի ամենապայծառ մոլորակը՝ Վեներան և երկրորդ պայծառ մոլորակը՝ Յուպիտերը: Քանի որ երկու մոլորակներն էլ բավականաչափ պայծառ են, այս երևույթը լավ երևում է նաև անզեն աչքով։

Ցանկալի է միացումը դիտել բարձր վայրերից, օրինակ քաղաքում` բարձր հարկերից: Անհրաժեշտ է վաղ առավոտյան` մինչև արևածագը, դիտել երկնքի արևելյան հատվածը: Մոլորակների միջև անկյունային հեռավորությունը մոտավորապես հավասար է մարդու ճկույթի հաստությանը բազկի հեռավորության վրա:

Իհարկե, իրականում Վեներան և Յուպիտերը հսկայական հեռավորության վրա են միմյանցից: Պարզապես նրանք դիտվում են նույն տեսագծի ուղղությամբ: Իրականում Վեներայի նվազագույն հեռավորությունը Երկրից կարող է լինել 39 միլիոն կմ կամ 0.26 աստղագիտական միավոր (1 ա.մ.` Երկիր-Արեգակ հեռավորությունը, հավասար է մոտ 150 միլիոն կմ), իսկ Յուպիտերը միջինում Երկրից հեռու է 588 միլիոն կմ կամ 3.92 աստղագիտական միավոր:

Մոլորակների միացումներ կոչվում են երկնքում երկու կամ ավելի մոլորակների իրար մոտ դիտվելը, որպես կանոն` մի քանի աստիճան անկյունային հեռավորության սահմաններում: Երկու մոլորակների միացումներ շատ հաճախ են տեղի ունենում, օրինակ 1 աստիճանի սահմաններում` որպես կանոն տարեկան 5-6 անգամ (իսկ ավելի հեռու միացումներ` շատ ավելի հաճախակի): Հուլիսի 1-ին մոլորակային միացման անկյունային հեռավորությունը կազմում է 24°: Վեներայի և Յուպիտերի հաջորդ խոշոր միացումը կլինի 2015թ․ հուլիսի 31-ին։ Առավել հազվագյուտ են 3 մոլորակների միացումները (եռակի միացումներ):

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---