Բելառուսի ԱԳ նախարարը կոչ է արել չմիջամտել Հայաստանի ներքին գործերին

Բելառուսի ԱԳ նախարարը կոչ է արել չմիջամտել Հայաստանի ներքին գործերին

PanARMENIAN.Net - Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը Հայաստանի ներքին գործն է համարել Երևանում և մյուս քաղաքներում ընթացող բողոքի ցույցերը, վստահություն հայտնելով, որ Հայաստանի իշխանությունները կհանգուցալուծեն իրավիճակը ժողովրդավարական մեթոդներով: Հայտարարությունն արվել է Մինսկում Բելառուսի նախագահությամբ ընթացող «Արևելյան գործընկերության» նախարարական ոչ պաշտոնական երկխոսության 5-րդ փուլի ավարտին մամուլի ասուլիսի ժամանակ:

Պատասխանելով այն հարցին, թե կարող է արդյոք ՀԱՊԿ-ը ինչ-որ ձևով ազդել Հայաստանում իրավիճակի վրա, բելառուս նախարարը նշել է, որ այդ հարցը տարակուսանք է առաջացնում, իսկ իրավիճակը Հայաստանում պետք չէ դրամատիկ գույներով ներկայացնել: «Այո, կար կառավարության ինչ-ինչ միջոցներ ձեռնարկելու մտադրություն, որոնք առաջացրել են բնակչության դժգոհությունը»: «Սակայն բոլորին միանգամայն պարզ է, որ երկրի իշխանությունները պատրաստ են երկխոսության: Եթե ցուցարարները դա չեն ընկալում, դա նրանց խնդիրն է: Բայց ես վստահ եմ, որ իրավիճակը կհանգուցալուծվի»,-հավելել է նախարարը: Ըստ նրա, դա Հայաստանի ներքին գործն է: «Ես հիմա հստակ չեմ հիշի ՀԱՊԿ կանոնադրության կետերը, որով կարելի է զինված աջակցություն ցույց տալ այս կամ այն երկրին, բայց կարծում եմ, որ ըստ կանոնադրության, նման օգնություն հնարավոր է միայն արտաքին ագրեսիայի դեպքում և բուն պետության հարցման հիման վրա»,-ասել է Մակեյը` մեկ անգամ ևս վստահություն հայտնելով, որ Հայաստանի իշխանությունները ժողովրդավարական լուծում կգտնեն:

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն իր հերթին հայտարարեց, որ ցուցարարների բողոքին ի պատասխան կառավարությունը որոշում է կայացրել ընկերությունում անկախ աուդիտ անցկացնելու վերաբերյալ: «Աուդիտի ընթացքում կառավարությունը կփոխհատուցի այն տարբերությունը, որն առաջանում է սակագնի բարձրացման պատճառով»,-հայտարարել է Նալբանդյանը` նշելով, որ այդ գործընթացը կարող է 2-3 ամիս տևել: Ըստ Նալբանդյանի, Հայաստանում կշարունակվի ժողովրդավարական գործընթացը, իսկ մարդու իրավունքները կպաշտպանվեն, հայտնում է Tut.by-ը:

Հունիսի 17-ի նիստում ՀԾԿՀ-ն մասնակի բավարարել էր էլէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայտը՝ սակագինն օգոստոսի 1-ից կբարձրանա ոչ թե 17, այլ 6,93 դրամով: ՀԾԿՀ դիմելով՝ ՀԷՑ-ը առաջարկում էր 1 կՎտժ սակագինն ավելացնել մոտ 17 դրամով: «Ոչ թալանին» քաղնախաձեռնության անդամները հունիսի 19-ից նստացույց են անցկացնում Երևանի կենտրոնում Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ:

Հունիսի 23-ին՝ վաղ առավոտյան, ոստիկանությունն ուժի կիրառմամբ ցրել է հունիսի 22-ի երեկոյան Բաղրամյան պողոտայում սկսված և մոտ 10 ժամ տևած նստացույցը: Արդյունքում ոստիկանական բաժանմունքներ բերման է ենթարկվել 237 անձ, որոնք ավելի ուշ ազատ են արձակվել և հարուցված քրգործով հանդես են գալիս որպես վկա: Մոտ 25 մարդ էլ դիմել է բուժօգնության՝ ստացած վնասվածքների պատճառով: Բողոքի ցույցը վերսկսվել է հունիսի 23-ի երեկոյան, երբ Ազատության հրապարակում հավաքվածները կրկին գնացել են Բաղրամյան պողոտա, որտեղ էլ մնում են մինչև օրս:

Նախաձեռնությունը ՀԷՑ-ի գործունեության աուդիտ անցկացնելը գնահատում է որպես «բավականին ուշացած»: Ցուցարարների պահանջները չեն փոխվել՝ չեղարկել որոշումը, վերանայել սակագինը նվազեցման նպատակով և պատժել հունիսի 23-ին առավոտյան մեզ այստեղ ծեծի ենթարկած և ոստիկանական բաժիններ տարած քաղաքացիական և ոստիկանական համազգեստով անձանց:

Հունիսի 30-ին հայտարարել է ակտիվիստ Մաքսիմ Սարգսյանը հայտարարեց, որ Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքող «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները դադարեցնում են նստացույցը Երևանի Ազատության հրապարակում:

«Ոչ թալանին» շարժման առաջնորդներից Վաղինակ Շուշանյանն իր հերթին ասել է, որ պայքարը տեղափոխվում է նոր հարթություն։ Մասնավորապես՝ ակտիվիստները մտադիր են ստեղծել փորձագետների, տնտեսագետների, իրավաբանների խմբեր` կոնկրետ առաջարկություններով հանդես գալու համար։

Միաժամանակ, Բաղրամյանի պողոտայում մնացած ցուցարարները մտադիր չեն լքել այն և կրկին մնացել են այնտեղ գիշերը։ Նրանք հայտարարել են, որ կմնան Բաղրամյան պողոտայում «մինչև հաղթական ավարտը»:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---