«Ոչ թալանին». Պահանջներից ոչ մեկը մինչև օրս չի կատարվել, քաղհանձնաժողովը կմշակի պայքարի հետագա քայլերը

«Ոչ թալանին». Պահանջներից ոչ մեկը մինչև օրս չի կատարվել, քաղհանձնաժողովը կմշակի պայքարի հետագա քայլերը

PanARMENIAN.Net - «Ոչ թալանին» քաղնախաձեռնության անդամները դժգոհ են նախագահի՝ հունիսի 27-ին արած հայտարարությունից: Հունիսի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը նրանք նշել են, որ քաղնախաձեռնության պահանջներից ոչ մեկը մինչև օրս չի կատարվել, գրում է «Փաստինֆո»-ն:

«Աստված չանի, որ այդ աուդիտն իշխանությունները վերածեն ինչ-որ իմիտացիայի: Այդ ժամանակ արդեն ժողովուրդը ոչ միայն Բաղրամյանը կփակի, շատ այլ փողոցներ էլ կփակվեն», - ասել է համակարգող խմբի անդամ Արթուր Քոչարյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ՀԷՑ-ում աուդիտի կիրականացվի ու մինչև դրա եզրակացության կազմումը Կառավարությունն իր վրա կվերցնի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ամբողջ բեռը: Սարգսյանը առաջարկել էր ընտրել աշխարհում էներգետիկայի ոլորտում մեծ փորձ ունեցող և մեծ հեղինակություն վայելող որևէ միջազգային խորհրդատվական ընկերություն, եթե հարկ կա, այդ ընտրությանը ներգրավել նաև բողոքի ակցիայի ակտիվիստներից մի քանիսին: Միևնույն ժամանակ, նախագահը նշել է, որ խորապես համոզված է՝ սակագնի բարձրացումն արդարացված է: ՀՀ վարչապետի խոսքով՝ Կառավարությունը սուբսիդավորելու է այդ հավելյալ ծախսը, բայց ոչ բյուջեի հաշվին:

Նախագահի՝ աուդիտի մասին այս հայտարարությունը նախ որպես հաղթանակ է ընդունվել, ապա ակտիվիստների մի մասը բարձրաձայնել է, որ այդ առաջարկը, ըստ էության, չի բավարարում իրենց պահանջը, այն է՝ կասեցնել որոշումը:

Ցուցարարները փաստել են, որ այսօր էլ Բաղրամյան պողոտայում հնչում են նույն պահանջները, այնտեղ մնացածները շարունակում են իրենց գործը, և սադրիչներ նրանց շարքերում չկան:

«Մենք Բաղրամյանում կանգնած մարդկանց սադրիչ չենք ասում, որովհետև այնտեղ հնչում են նույն պահանջները: Ո՛չ մենք ենք իրենց սադրիչ անվանում, ո՛չ իրենք՝ մեզ: Այնտեղ իմ ընկերներն են, իմ եղբայրները, իմ քույրերը: Ոչ մի պառակտում չկա, ուղղակի իրենք ընտրել են պայքարի այդ ձևը », - նշել է Քոչարյանը:

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքող «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները հունիսի 30-ին դադարեցրել են նստացույցը Երևանի Ազատության հրապարակում: Շարժման առաջնորդներից Վաղինակ Շուշանյանն իր հերթին ասել է, որ պայքարը տեղափոխվում է նոր հարթություն։ Մասնավորապես՝ ակտիվիստները մտադիր են ստեղծել փորձագետների, տնտեսագետների, իրավաբանների խմբեր` կոնկրետ առաջարկություններով հանդես գալու համար։ Միաժամանակ, Բաղրամյանի պողոտայում մնացած ցուցարարները մտադիր չեն լքել այն և հերթական գիշերն են լուսացրել այնտեղ ։ Նրանք հայտարարել են, որ կմնան պողոտայում «մինչև հաղթական ավարտը»:

Ինչ վերաբերում է հարթակին, նախաձեռնության անդամ Սոֆյա Հովսեփյանը հայտարարել է, որ Բաղրամյանում ձևավորվել են քաղաքացիական ակտիվիստների խմբեր, որոնց հետ իրենք կազմակերպելու են քննարկումներ և շարունակելու են պայքարը: Նրա խոսքով՝ այս պահին Բաղրամյանում այդ քաղաքացիական խմբերի կողմից ձևավորվում է հանձնաժողով, որի կազմում կլինեն նաև իրենք ու կմշակեն պայքարի հետագա քայլերը:

«Անընդհատ լինել տարածքում բավականին բարդ էր: Մենք հասկացանք, որ միայն փողոց փակելու հարցը չի լուծվի, մեզ պետք են մասնագետների խորհուրդներ, պետք էր հասկանալ, արդյոք այն մանիպուլյացիան, որ երկրի ղեկավարն արեց, արդյոք այստեղ կա ինչ-որ կառչելու տեղ, թե դա ուղղակի աբսուրդ էր», - ասել է Հովսեփյանը՝ հավելելով, որ Բաղրամյանում անընդհատ նստելը հանգեցրել էր լճացած վիճակի, մինչդեռ պետք էր հասկանալ՝ անհրաժե՞շտ է արդյոք աուդիտը, կամ սուբսիդավորվի թանկացումը բյուջեից: Եվ այս հարցում, ըստ նրա, իրենց անհրաժեշտ է մասնագիտական աջակցություն:

Նախաձեռնության անդամներից հետաքրքրվել են նաև, թե արդյոք սպառնալիքները չե՞ն եղել պատճառը, որ իրենք որոշեցին հեռանալ Բաղրամյանից ու փոխել պայքարի մարտավարությունը:

Համակարգող խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանը հերքել է այդ լուրերը` հավելելով, որ եթե վախեցող լիներ, ի սկզբանե չէր մտնի այդ ամենի մեջ:

«Պաշտոնապես հայտարարում եմ՝ նման բան չկա», - ասել է նա:

Հունիսի 17-ի նիստում ՀԾԿՀ-ն մասնակի բավարարել էր էլէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայտը՝ սակագինն օգոստոսի 1-ից կբարձրանա ոչ թե 17, այլ 6,93 դրամով: «Ոչ թալանին» քաղնախաձեռնության անդամները հունիսի 19-ից նստացույց էին սկսել Երևանի կենտրոնում Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---