ԵԽԽՎ-ում միասնական ջանքերով հաջողվեց հանել Բաքվի ձևակերպումները

ԵԽԽՎ-ում միասնական ջանքերով հաջողվեց հանել Բաքվի ձևակերպումները

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի լիագումար նիստում ԱԺ պատվիրակության անդամներն աշխատել են գերծանրաբեռնված և կարողացել են հաղթահարել լուրջ մարտահրավեր՝ համախմբված աշխատանքի շնորհիվ. այսօր հրավիրված ամփոփիչ ասուլիսին ասաց պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը:

Նա հիշեցրեց, որ հիմնականը «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» զեկույցն էր, որը թեև արտաքուստ նպատակ ուներ անդրադառնալ Ադրբեջանի ժողովրդավարական վիճակին, մինչդեռ զեկույցում տեղ էր գտել «Լեռնային Ղարաբաղի և յոթ այլ շրջանների օկուպացիան Հայաստանի կողմից» եզրույթը, որը պատվիրակությանը հաջողվել էր չեզոքացնել, չնայած ադրբեջանական կողմի ներդրած հսկայական ֆինանսական և այլ ջանքերի, հայտնում է Tert.am-ը:

«Այդ բանաձևումը, որից մենք կարողացանք ազատվել, դրված էր որպես գերնպատակ և դրա համար մեծագույն ջանքեր էին գործադրված, և ԵԽԽՎ անդամակցությունից մինչ օրս Ադրբեջանի փոքրիկ-փոքրիկ առաջադիմություններով անցած հսկայական ճանապարհի տրամաբանական գագաթնակետը պետք է հանդիսանար, եթե այդ ձևակերպումն անցներ»,-ասաց Նաղդալյանը և հավելեց, որ թեև այն իրավական ուժ չէր ունենա, սակայն դրա քաղաքական ձևակերպումը շատ կարևոր էր:

Նաղդալյանը հատուկ շնորհակալություն հայտնեց պատվիրակության անդամներին, նաև ՀՀ արտգործնախարարության և սփյուռքի որոշ կառույցներին և հույս հայտեց, որ համախմբված ձեռագիրը կպահեն նաև առաջիկայում, քանի որ հաջորդ նիստերում հետհարձակում ադրբեջանական պատվիրակության կողմից միանշանակ լինելու է, ինչը հուշում էր նրանց «հիստերիկ պահվածքը» առաջին հարվածից հետո, երբ սպառնացին նույնիսկ, որ Ադրբեջանը կքննարկի ԵԽԽՎ-ից դուրս գալու հարցը:

Պատվիրակության անդամ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը կարևոր շեշտադրում ուներ անելու՝ վտանգը չեզոքացնելու համար առանցքային դեր է ունեցել ԱԺ պատվիրակության, դեսպանությունների և սփյուռքի կառույցների համատեղ աշխատանքը:

«Մենք չենք կարողանում ճիշտ և գրագետ աշխատեցնել մեր պատվիրակության, դեսպանությունների և սփյուռքի կառույցների կարևոր այս օղակը, այն համակարգված չէր աշխատում, և արդյունքում լինում էին ոչ շահեկան վիճակներ: Առաջին անգամ եռամիասնությունը շատ գրագետ ու կարևոր աշխատեց»,-ասաց նա և նշեց, թե երկրի ներսում կարող են տարաձայնություններ ունենալ, սակայն միջազգային հարթակներում պետք է հանդես գան որպես մեկ միասնական թիմ: «Լևոն Զուրաբյանն այն, ինչ արեց Լիբերալ դեմոկրատների հետ՝ ուղղակի աննախադեպ էր»,-ասաց նա և մյուս պատվիրակության անդամների աշխատանքից էլ խոսեց:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե Ադրբեջանը համաձայն էր, որ տեքստում ոչ ժողովրդավար Ադրբեջանի մասին ամեն ինչ գրվեր, որ Ալիևը վերջին դիկտատորն է, որ բանտերը լցված են քաղբանտարկյալներով, լրագրողներով և այլն, միայն այդ ձևակերպումը մնար, ինչը սակայն նման էր նրան, որ զեկույց ընդունվեր «Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի հալոցքի մասին», և այդ կետը ներառվեր դրա մեջ:

Բացի այդ, Զոհրաբյանը հայտարարեց, թե այն պատգամավորները, որոնք իրենց աշխատանքը ոչ բավարար են համարում, պատրաստ է ԲՀԿ-ի իր քվոտան զիջել տվյալ պատգամավորներին: «Մենք, ըստ էության, աշխատում ենք Միլի մեջլիսում, ԵԽԽՎ-ն դա Միլի մեջլիսի դուստր ձեռնարկությունն է, որը պատանդ է վերցրված»,-ասաց նա և նշեց, թե նման հաղթանակը չի նշանակում, որ ԵԽՎՎ-ն ազատագրվել է:

«Թյուր տպավորություն է, որ մթնոլորտ է փոխվել, ես շարունակում եմ համարել ԵԽԽՎ-ն Միլի Մեջլիսի դուստր ձեռնարկություն, և առաջիկայում դեռ ականատես կլինենք ադրբեջանական կողմի տոտալ գերմուննաթներին»,-ասաց նա:

Հանրապետական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ իրականում այն, ինչ կատարվեց՝ ՀՀ պատվիրակության գերմարդկային ջանքերի արդյունքն էր:

Հունիսի 23-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ընդունված «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վերաբերյան» բանաձևը, ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի, Բաքվի հանդեպ կանխակալ և չհիմնավորված մոտեցման ևս մեկ օրինակ է:

Տարածված հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանում «ակնհայտ է քաղաքական կայունությունը, տնտեսական զարգացումը, սոցիալական բարեկեցությունն ու ազատ քաղաքացիական հասարակությունն ու խոսքի ազատությունը»:

Ադրբեջանի արտգործնախարարության գնահատմամբ՝ «կանխակալ վերաբերմունքն ու երկակի չափանիշները» Բաքվին մտածելու տեղիք են տալիս, թե որքանով է անհրաժեշտ Բաքվի մասնակցությունը Եվրոպայի խորհրդում ու նրա խորհրդարանական վեհաժողովում։

Հունիսի 22-26-ը Ստրասբուրգում տեղի է ունեցել ԵԽԽՎ ամառային նստաշրջանը, որի ընթաղքում ներկայացված Ադրբեջանի մասով զեկույցը գնահատում է Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորությունների կատարումը, դատական համակարգի վիճակը երկրում, ընտրական համակարգի խնդիրները նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների լույսի ներքո: Փաստաթղթում արձանագրվում է, որ Վենետիկի հանձնաժողովի խորհուրդները ընտրական օրենսդրության բարեփոխման վերաբերյալ անտեսվել են երկրի իշխանությունների կողմից: Նշվում է երկրում հավաքների և արտահայտվելու ազատության խախտման փաստերը, դատական համակարգի կախվածությունը գործադիր իշխանությունից: Դիտարկման կոմիտեն լուրջ մտահոգություն է հայտնել մարդու իրավունքների հետ կապված վիճակի վատթարացման և անկախ ՈԿԿ-ների ու իրավապաշտպանների գործելու անկարողության, անկախ ԶԼՄ-ների հետապնդումների վերաբերյալ: Փաստաթղթում նաև կոչ է արվում կառավարությանը վերջ տալ սիստեմատիկ հետապնդումներն և իշխանությունների քննադատների լռեցմանը: Զեկույցում նաև նշված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ԵԽ Նախարարների խորհրդի բոլոր նախորդ խորհուրդների ու որոշումների կատարման անհրաժեշտությունը, որոնք պետք է ուղղված լինեն իշխանության թևերի տարանջատմանն ու հավաքների և արտահայտվելու ազատության ապահովմանը երկրում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---