Նախարար․ ԱԷԿ-ի գործող էներգաբլոկը շահագործումից դուրս կբերվի 2026-2036 թթ.-ին

Նախարար․ ԱԷԿ-ի գործող էներգաբլոկը շահագործումից դուրս կբերվի 2026-2036 թթ.-ին

PanARMENIAN.Net - Հայաստանի ատոմային էլեկտրակայանի գործող էներգաբլոկը շահագործումից դուրս կբերվի 2026-2036թթ․ ընթացքում, այն բանից հետո, երբ 2027թ․ շահագործման կհանձնվի նոր միջուկային էնեգաբլոկը։ Դա բխում է 2016-2036թթ․ Հայաստանի էներգետիկ ռազմավարական զարգացման ծրագրից, որը երկու անգամ քննարկվել է ՀՀ վարչապետի մասնակցությամբ և հանրային խորհրդում։ Այն կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը, ապա՝ Ազգային ժողով։ Ընդունվելու դեպքում ծրագիրը կդառնա Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացման աշխատանքային փաստաթուղթ։

Այս մասին հունիսի 30-ին հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։ Նա նշեց, որ ՀԱԷԿ-ը կշարունակի աշխատել նաև 2027թ-ից հետո, քանի որ ռազմավարական տեսանկյունից կարևոր այդ օբյեկտին այլընտրանք Հայաստանը չունի։

«Ռոսատոմի» հետ համատեղ իրականացվելու է Մեծամորի ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարացման և արդիականացման ծրագիր Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված միջկառավարական համաձայնագրի շրջանակներում։ Ռուսաստանը կտրամադրի այդ նպատակների համար ընդհանուր մոտ 300 միլիոն դոլարի միջպետական վարկ և դրամաշնորհ։ ՀԱԷԿ-ի վերակառուցումը կմեկնարկի 2017-ի գարնանը և մոտ կես տարի կտևի:

ՌԴ-ն նաև հայտարարել է, որ պատրաստ է տրամադրել նոր բլոկի կառուցման համար անհրաժեշտ գումարի մի մասը` 4,5 մլրդ դոլար տրամադրելով սարքավորումների տեսքով: Մասնավորապես, Ռուսաստանն առաջարկում է «միջուկային կղզին» տրամադրել որպես ներդրում նոր ԱԷԿ-ի կառուցմանը: ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարությունը նախատեսվում է 2018-2019 թթ.: Մյուս միջոցները նախատեսվում է ներգրավել տարբեր երկրների ֆինանսական աջակցության միջոցով:

Նախարարը նշեց նաև, որ ռազմավարական ծրագիրը ենթադրում է ընդհանուր ոլորտի զարգացում նվազագույն ծախսերով։ Առաջին հերթին նշվում է ողջ էներգետիկ շուկայի ազատականացման անհրաժեշտությունը՝ այն ներդրումների համար առավել հետաքրքիր դարձնելու համար։ Նշվում է, որ Իրանի և Հայաստանի միջև էներգետիկ փոխանակումը պետք է պահպանվի նաև 2027թ․-ից հետո, քանի որ այն այս տարիների ընթացքում իրեն լիովին արդարացրել է՝ մեր երկրի տնտեսության համար անհրաժեշտ բաղադրիչ լինելու տեսանկյունից։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---