ԱԺ նախագահը՝ ցուցարարներին. Պողոտան կաթվածահար անելը չի կարող պայքարի միակ միջոցը լինել

ԱԺ նախագահը՝ ցուցարարներին. Պողոտան կաթվածահար անելը չի կարող պայքարի միակ միջոցը լինել

PanARMENIAN.Net - Հունիսի 23-ի վաղ առավոտյան էլեկրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքող ցուցարարների և ցույցը լուսաբանող լրագրողների հանդեպ ոստիկանության կիրառած հնարավոր անհամաչափ գործողությունների յուրաքանչյուր դեպքի առթիվ անհրաժեշտ է ամբողջական քննություն իրականացնել և պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Այս մասին հայտատարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:

«Արդեն մոտ տասը օր մայրաքաղաքի կենտրոնում հազարավոր երիտասարդ քաղաքացիներ բողոքի գործողություններ են իրականացնում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշման դեմ: Բողոքի ակցիաներ տեղի ունեցան նաև հանրապետության այլ բնակավայրերում: Ղեկավարման բարդություններով հանդերձ՝ «Ոչ թալանին» նախաձեռնության հավաքներն առայսօր առավելագույնս խաղաղ են և օրինապահ», - ասել է Սահակյանը:

Հունիսի 17-ի նիստում ՀԾԿՀ-ն մասնակի բավարարել էր էլէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայտը՝ սակագինն օգոստոսի 1-ից կբարձրանա 6,93 դրամով: «Ոչ թալանին» քաղնախաձեռնության անդամները հունիսի 19-ից նստացույց են սկսել Երևանի կենտրոնում:

Հունիսի 23-ին՝ վաղ առավոտյան, ոստիկանությունն ուժի կիրառմամբ ցրել է հունիսի 22-ի երեկոյան Բաղրամյան պողոտայում սկսված և մոտ 10 ժամ տևած նստացույցը: Արդյունքում ոստիկանական բաժանմունքներ բերման է ենթարկվել 237 անձ, որոնք ավելի ուշ բոլորն ազատ են արձակվել և հարուցված քրգործով հանդես են գալիս որպես վկա:

Գործողության ընթացքում, բացի ցուցարարներից, ծեծվել ու բերման են ենթարկվել նաև ցույցը լուսաբանող մի շարք լրագրողներ ու օպերատորներ: Ոստիկանները թիրախավորված կոտրել կամ առգրավել են մի քանի տեսա- և ֆոտոխցիկներ կամ դրանց կրիչ սարքեր: Մոտ 25 մարդ էլ դիմել է բուժօգնության՝ ստացած վնասվածքների պատճառով: Ծեծի էին ենթարկվել PAN Photo-ի ֆոտոլրագրող Կարո Սահակյանը, ապա՝ բերման ենթարկվել: Ծեծի էր ենթարկվել նաև PanARMENIAN.Net ի լրագրող Նիկոլայ Թորոսյանը:

«Բարձր գնահատելով «Ազատ, անկախ Հայաստան» կարգախոսով ասպարեզ իջած, երկրի ապագա հզորության երաշխիք այս նոր՝ անկախության սերնդի կեցվածքն ու դիրքորոշումները»՝ ԱԺ նախագահը արձանագրել է, որ քաղաքացիական հասարակության՝ իր իրավունքների համար պայքարը ժողովրդավարության հաստատման և հանրության կողմից իշխանությանը վերահսկելու արդյունավետ մեխանիզմ է: Նրա խոսքով՝ միայն հասարակության և պետական ինստիտուտների երկխոսությամբ ու փոխազդեցությամբ է հնարավոր հասնել առկա խնդիրների լուծմանը և պետականության հիմքերի ամրապնդմանը:

Սահակյանը ընդգծել է, որ ՀՀ նախագահի՝ հունիսի 27-ի հայտարարությամբ փաստացի առկախվել է սակագնի բարձրացումը՝ այդ բեռը չթողնելով բնակչության ուսերին, մինչև քաղաքացիական ու փորձագիտական հանրության մասնակցությամբ ոլորտում անցկացվելիք միջազգային ամբողջական աուդիտի արդյունքները:

Հունիսի 27-ին Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ՀԷՑ-ում աուդիտի կիրականացվի ու մինչև դրա եզրակացության կազմումը Կառավարությունն իր վրա կվերցնի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ամբողջ բեռը: Սարգսյանը առաջարկել էր ընտրել աշխարհում էներգետիկայի ոլորտում մեծ փորձ ունեցող և մեծ հեղինակություն վայելող որևէ միջազգային խորհրդատվական ընկերություն, եթե հարկ կա, այդ ընտրությանը ներգրավել նաև բողոքի ակցիայի ակտիվիստներից մի քանիսին: Միևնույն ժամանակ, նախագահը նշել է, որ խորապես համոզված է՝ սակագնի բարձրացումն արդարացված է: ՀՀ վարչապետի խոսքով՝ Կառավարությունը սուբսիդավորելու է այդ հավելյալ ծախսը, բայց ոչ բյուջեի հաշվին:

Նախագահի՝ աուդիտի մասին այս հայտարարությունը նախ որպես հաղթանակ է ընդունվել, ապա ակտիվիստների մի մասը բարձրաձայնել է, որ այդ առաջարկը, ըստ էության, չի բավարարում իրենց պահանջը, այն է՝ կասեցնել որոշումը:

ԱԺ նախագահը նկատել է, որ չափազանց վտանգավոր են Հայաստանի քաղաքացիների արժանապատիվ պայքարը, կոնկրետ խնդիր հետապնդող խաղաղ հավաքները տարբեր ուժերի կողմից իրենց՝ Հայաստանի ազգային-պետական շահերին հակասող նպատակներին ծառայեցնելու յուրաքանչյուր փորձ ու սադրանք, իսկ Բաղրամյան պողոտան տևական ժամանակով փակելն ու կաթվածահար անելը, ըստ Սահակյանի, չի կարող պայքարի միակ միջոցը լինել:

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամներին ԱԺ նախագահը հորդորում է մնալ օրինականության սահմաններում, բացառել իրավիճակի անկառավարելի ու անկանխատեսելի որևէ զարգացում, պայքարը տեղափոխել ավելի ռացիոնալ՝ երկխոսության ու գործակցության հարթություն, միմյանց ընդառաջ քայլերով մեղմել համընդհանուր անվստահության մթնոլորտը, համատեղ ուժերով լուծումներ փնտրել երկրի առջև ծառացած սոցիալ-տնտեսական ու համակարգային խնդիրներին՝ ապացուցելով «Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսի կենսունակությունն ու ճշմարտությունը:

ՀԷՑ-ին են պատկանում 36.000 կմ երկարությամբ ցանցերը` երկրի գրեթե ամբողջ ցանցային տնտեսությունը: Ընկերությունը 100 տոկսով պատկանում է ռուսական «Ինտեր ՌԱՕ»-ին: Էներգետիկ շուկա Հայաստանում չկա, գործում է միասնական գնորդի մոդելը, որի դեպքում ՀԷՑ-ը գնում է էլեկտրակայանների արտադրած ամբողջ էլէներգիան` սակագինը պետությունն է հաստատում: Այն 2014-ին 157.3 միլիարդ դրամի շահույթ է ունեցել, իսկ վնասները կազմել են 10.7 միլիարդ դրամ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---