Հայ աշակերտների 24%-ը գերազանց տիրապետում է ՏՏ-ին

Հայ աշակերտների 24%-ը գերազանց տիրապետում է ՏՏ-ին

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի աջակցությամբ ռուս մասնագետները Հայաստանի դպրոցներում իրականացրել են աշակերտների հմտությունների ուսումնասիրություն տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում։ Հետազոտվել են ինչպես երևանյան, այնպես էլ մարզային դպրոցները։

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ ստացված տվյալները վկայում են՝ ՏՀՏ հմտությունների ձեռքբերումը և զարգացումը Հայաստանում դրված է բավականին բարձր մակարդակի վրա:

«Մեր աշակերտների 24 տկոսն ունի գերազանց մակարդակ, 9 տոկոսը` միջինից բարձր, 40 տոկոսը ` միջին, 19 տոկոսը` միջինից ցածր և ընդամենը 8 տոկոսը` սկսնակ մակարդակ: Հատկապես աչքի են ընկել Երևանի աշակերտները, իսկ մարզերից՝ Շիրակի, Կոտայքի, Արմավիրի երեխաները»,- նշում է նախարարը։

Հայաստանում իրականացվում են դպրոցները համակարգիչներով համալրելու ծրագրեր պետական աջակցության և մասնավոր ներդրումների միջոցով։ Դպրոցականների ՏՀՏ կրթության և հմտությունների բարձրացման աշխատանքներ են իրականացնում նաև Թումո կենտրոնները։ Թումո կենտրոնն արտադպրոցական ուսումնական միջավայր է, որտեղ 12-18 տարեկան պատանիներն ուսանում են սեփական հանձնառությամբ:

Առաջին Թումոն ստեղծվել է Երևանում՝ Սեմ և Սիլվա Սիմոնյանների նախաձեռնությամբ՝ Սիմոնյան կրթական հիմնադրամի կողմից և իր դռներն է բացել աշակերտների առջև 2011-ի օգոստոսի 14-ին:

Կենտրոնական բանկի «Գիտելիք հանուն զարգացման» ծրագրի շնորհիվ 2013-ի փետրվարից Թումոն գործում է նաև Դիլիջանում (մոտ 300 ուսանող ունի): Ներկայում Ստեփանակերտում ևս ակտիվ շինաշխատանքներ են տարվում տեղի Թումոյի ստեղծման ուղղությամբ:

Հունիսի 8-ին ևս մեկ Թումո կենտրոն է բացվել Գյումրիում։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---