«Ինտեր ՌԱՕ». ՀԷՑ-ի վնասների պատճառը Հայաստանում գործող կարգավորման համակարգն է

«Ինտեր ՌԱՕ». ՀԷՑ-ի վնասների պատճառը Հայաստանում գործող կարգավորման համակարգն է

PanARMENIAN.Net - «Հայաստանի էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ) 100-տոկոսանոց սեփականատեր ռուսական «Ինտեր ՌԱՕ» ընկերության կառավարման խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկը ՀԷՑ-ի կրած վնասների պատճառ է համարում Հայաստանում գործող կարգավորման համակարգը:

Ըստ Կովալչուկի՝ ՀԵՑ-ի Հայաստանում աշխատանքի 11 տարva ընթացքում սակագնի ոչ բավարար բարձրացումը, Մեծամորի ատոմակայանի վերանորոգումը, հիդրոկայաններում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների կրճատումը հանգեցրել է նրան, որ երկրի բաշխիչ ցանցերի համակարգը 37 միլիարդ դրամի եկամուտ չի ստացել, ՏԱՍՍ գործակալությունին հղումով գրում է Tert.am-ը:

Նրա խոսքով՝ կանոնակարգման համակարգը ենթադրում է գեներացնող ընկերությունների ֆինանսավորում ՀԷՑ-ի հաշվին, ինչպես նաև ստիպում է ընկերությանն ավելի թանկ էլեկտրաէներգիա գնել, քան նախատեսված է Հայաստանի հաստատված էներգետիկ բալանսով՝ առանց սպառողների կողմից փոխհատուցումների:

ՀԷՑ-ին են պատկանում 36.000 կմ երկարությամբ ցանցը` երկրի գրեթե ամբողջ ցանցային տնտեսությունը: Էներգետիկ շուկա Հայաստանում չկա, գործում է միասնական գնորդի մոդելը, որի դեպքում ՀԷՑ-ը գնում է էլեկտրակայանների արտադրած ամբողջ էլէներգիան` սակագինը պետությունն է հաստատում: Այն 2014 թ. 157.3 միլիարդ դրամի շահույթ է ունեցել, իսկ վնասները կազմել են 10.7 միլիարդ դրամ:

«Հայաստանի էլետրաէներգետիկ ոլորտում իրավիճակը բացառապես տնտեսական պատճառներ ունի, այստեղ չկա ոչ մի քաղաքականություն»,- ասել է Կովալչուկը:

Միևնույն ժամանակ, կառավարման խորհուրդի նախագահը չի խոսացել ՀԷՑ-ի չարաշահումների ու ուռճացված ծախսերի մասին, որոնք ի հայտ են եկել վերջին բացահայտումների շնորհիվ: Դրա արդյունքում ՌԴ իրավապահները մեծացրել են ուշադրությունը «ՌԱՕ ԵԷՍ»-ի մյուս դուստր-ձեռնարկությունների նկատմամբ: Սանկտ Պետերբուրգում փակվել է «Ինտեր ՌՍՕ ԵԷՍ» ՓԲԸ-Ի «Լենէներգո» դուստր-ձեռնարկության գրասենյակը: ՌԴ տնտեսական ոստիկանությունն ու դաշնային ծառայության քննչական մարմինը հունիսի 26-ից այնտեղ խուզարկություն են սկսել՝ փողերի լվացման ռիսկեր նկատելով:

Հունիսի 27-ին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ՀԷՑ-ում աուդիտի կիրականացվի ու մինչև դրա եզրակացության կազմումը Կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը: Սարգսյանը առաջարկել էր ընտրել աշխարհում էներգետիկայի ոլորտում մեծ փորձ ունեցող և մեծ հեղինակություն վայելող որևէ միջազգային խորհրդատվական ընկերություն, եթե հարկ կա, այդ ընտրությանը ներգրավել նաև բողոքի ակցիայի ակտիվիստներից մի քանիսին: Միևնույն ժամանակ, նախագահը նշել է, որ խորապես համոզված է՝ սակագնի բարձրացումն արդարացված է:

«Ոչ թալանին» քաղնախաձեռնության անդամները հունիսի 19-ից նստացույց էին սկսել Երևանի կենտրոնում Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ:

Հունիսի 30-ին «Ոչ թալանին» քաղնախաձեռնության անդամները դադարեցրել են նստացույցը Երևանի Ազատության հրապարակում: Շարժման առաջնորդներից Վաղինակ Շուշանյանն ասել է, որ պայքարը տեղափոխվում է նոր հարթություն։ Մասնավորապես՝ ակտիվիստները մտադիր են ստեղծել փորձագետների, տնտեսագետների, իրավաբանների խմբեր` կոնկրետ առաջարկություններով հանդես գալու համար։ Միաժամանակ, Բաղրամյանի պողոտայում մնացած ցուցարարները մտադիր չեն լքել այն և հերթական գիշերն են լուսացրել փողոցում։ Նրանք հայտարարել են, որ կմնան պողոտայում «մինչև հաղթական ավարտը»:

«Հունիսի 17-ի նիստում ՀԾԿՀ-ն մասնակի բավարարել էր էլէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայտը՝ սակագինն օգոստոսի 1-ից կբարձրանա ոչ թե 17, այլ 6,93 դրամով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---