Ամառային լողաշրջանը բացված է. Փրկարարների ցուցումները

Ամառային լողաշրջանը բացված է. Փրկարարների ցուցումները

PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ին Գեղարքունիքի մարզում բացվել է ամառային լողաշրջանը: Գեղարքունիքի մարզային փրկարար վարչության պետ Էդիկ Գալստյանը ներկայացրել է ջրափրկարարական և ջրասուզական հանդերձանքը, փրկարարական համապատասխան սարքավորումները, նշել, որ առավոտյան ժամը 09:00-ից մինչև 21:00-ն հերթապահություն է սահմանված հանրային լողափերում՝ հավելելով, որ դրանք փրկարարների մշտական հսկողության տակ են:

«Ունենք անհրաժեշտ հանդերձանք և տեխնիկա՝ փրկարարական աշխատանքներն իրականացնելու համար: Խորհուրդ կտամ ամառային հանգիստը Սևանում կազմակերպող քաղաքացիներին ուշադրության կենտրոնում պահել երեխաներին, լողալ նշված հատվածներում, հետևել հերթապահություն իրականացնող փրկարարաների խորհուրդներին»,- ասել է Գալստյանը:

ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ ավագ լեյտենանտ Արմեն Ճզմաչյանը դիմել է քաղաքացիներին՝ հորդորելով հետևել ցուցումներին, չանցնել լողանշանները, ոչ սթափ վիճակում ջրային տրանսպորտից չցատկել:

Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը տեղեկացրել է, որ ամեն տարի Սևանում հանգստանում է մոտ 55.000 քաղաքացի: Փրկարար ծառայությունն այդ ընթացքում աշխատում է ուժերի մեծ լարումով: Արդյունավետ իրազեկման շնորհիվ հնարավոր է լինում խուսափել բազմաթիվ պատահարներից:

Տարածքը սպասարկող 35 անդամից բաղկացած Հատուկ ջրափրկարարական ջոկատն ամռան ամիսներին առավել զգոն է աշխատում: Հերթապահությունը սահմանված է հանրային 3 լողափում, բայց անհրաժեշտության դեպքում հերթապահություն իրականացնող խումբը պատրաստ է արձագանքել մասնավոր լողափերի ահազանգերին:

Փրկարարական ծառայությունը հանրային լողափերում իրականացվում է դիտարկման եղանակով` բարձր աշտարակների վրայից, մոտորանավակներով կատարվում են պրոֆիլակտիկ շրջայցեր, բարձրախոսերով ցուցումներ և հրահանգներ են տրվում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---