ՀՀ-ում բարձր ջերմային ֆոն է սպասվում. Խորոված ու քաբաբ քիչ կերեք, շատ հեղուկ օգտագործեք

ՀՀ-ում բարձր ջերմային ֆոն է սպասվում. Խորոված ու քաբաբ քիչ կերեք, շատ հեղուկ օգտագործեք

PanARMENIAN.Net - Առաջիկա 3 օրը հանրապետության տարածքում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում հուլիսի 1-ից 3-ը օդի ջերմաստիճանը կհասնի +39 աստիճանի, որը կպայմանավորի բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից:

Երևանում հուլիսի 1-3-ին, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ամսի 4-ի երեկոյան հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն:

Հանրապետության տարածքում հուլիսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 3-ին և 5-6-ին հյուսիսային շրջաններում, 4-ին շրջանների զգալի մասում, երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Օդի ջերմաստիճանը 2-ին էապես չի փոխվի, 3-5-ին կնվազի 2-3 աստիճանով:

Շոգին դիմակայելու համար առողջապահության նախարարությունից խորհուրդ են տալիս խորոված, քաբաբ քիչ ուտել, հեղուկ շատ խմել:

Շոգ եղանակին մարդու օրգանիզմի վրա առավել մեծ ազդեցություն ունեցող հիմնական բացասական գործոններն են` օդի բարձր ջերմաստիճանը և ուլտրամանուշակագույն ճառագայթումը:

Ջերմաստիճանի բարձրացումն անդրադառնում է վարակիչ հիվանդությունների տարածման վրա, ինչը մի կողմից պայմանավորված է հիվանդությունների փոխանցողների բազմացման համար նպաստավոր կլիմայական պայմաններով, մյուս կողմից` այն հանգամանքով, որ հիվանդությունների հարուցիչները արտաքին միջավայրում երկար ժամանակ կարող են պահպանել իրենց կենսունակությունը, ի տարբերություն տարվա ցուրտ եղանակի:

Ամռան ամիսներին մեծանում է նաև սննդային թունավորումերի առաջացման և տարածման վտանգը` կապված արագ փչացող, պահպանման և իրացման համար հատուկ պայմաններ պահանջող սննդամթերքի (միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, մանկական սնունդ, փաթեթավորված սննդամթերք, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, քաբաբ, գրիլ-հավ, արագ փչացող սննդատեսակներով սենդվիչներ, ձկնեղեն և այլն) բացօթյա պայմաններում և այդ նպատակի համար չսահմանված վայրերում կատարվող վաճառքի հետ: Առավել բարձր ռիսկի գործոն է սննդամթերքի բացօթյա պատրաստումը և վաճառքը, որի դեպքում չի բացառվում սննդամթերքի մանրէային երկրորդային աղտոտումը, որը կարող է պատճառ հանդիսանալ սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների (դիզինտերիա, սալմոնելոզ, շիգելոզ, իերսինիոզ և այլն) և սննդային թունավորումների առաջացմանն ու տարածմանը:

Օդի բարձր ջերմաստիճանի, ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը մեղմելու, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը կանխելու, ինչպես նաև վարակիչ հիվանդություններից, սննդային թունավորումներից խուսափելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է.

- խուսափել արևի ուղիղ ճառագայթներից` հատկապես ժամը 12:00-17:00 ընթացքում,

- աշխատել քայլել ստվերում,հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ և/կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, բամբակյա կտորից հագուստ,

- անհրաժեշտ է ամենօրյա աշխատանքները կատարել օրվա համեմատաբար զով ժամերին, ցերեկային ամենաշոգ ժամերին խուսափել բացօթյա ծանր ֆիզիկական աշխատանքից,ցանկալի է, որ երեխաները, հղիները, ծերերը, քրոնիկ հիվանդություններով տառապող մարդիկ ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է ջերմատվությունը և արյան շրջանառությունը,

- օգտագործել սովորականից շատ հեղուկ (մոտավորապես 3 լիտր օրական) (Սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններով տառապող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո),

- չչարաշահե´լ կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքները` թե տաք, թե սառը վիճակում,

- արգելվո´ւմ է գտնվել չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքներում, երկար ժամանակ մնալ արևի տակ կայանված փոխադրամիջոցներում, երեխաներին թողնել փակ պատուհաններով ավտոմեքենաներում,

- պետք է հետևել, որ օդափոխիչը կամ օդորակիչն ապահովի օդափոխությունը, սակայն սառն օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես մարդկանց վրա,սննդամթերքը (մրգեր, բանջարեղեն, հատապտուղներ) օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող մաքուր ջրով,

- պահպանել սննդամթերքը պատշաճ ջերմաստիճանային պայմաններում` սառնարանում, ընտրել թարմ` ոչ փչացած և ոչ ժամկետանց սննդամթերք,

- չգնել արտաքին միջավայրի գործոնների՝ արևի ճառագայթների և մթնոլորտային տեղումների, ինչպես նաև փոշու, ավտոտրանսպորտի արտանետումների անմիջական ազդեցության ներքո գտնվող մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, փափուկ լցնովի պաղպաղակ, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, քաբաբ և այլն, չգնել տեղում պատրաստվող լցնովի փափուկ պաղպաղակ, ըմպելիքներ և հյութեր,

- արգելե´լ երեխաներին դեկորատիվ ջրավազաններում լողանալ, քանի որ վերջինները նախատեսված չեն լողի համար, չունեն համապատասխան կառուցվածք՝ ջուրը մաքրելու համար: Լող չկազմակերպե´լ նաև գետերի, լճակների աղտոտված ափերով և ջրով հատվածներում:

Ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով անտառային և հարակից տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգի մեծացման պայմաններում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է, որ համայնքների սեփականություն հանդիսացող ցանքատարածքներն ու արոտավայրերը բուսական մնացորդներից մաքրելու նպատակով ազգաբնակչության կողմից կատարվող հրկիզումները շատ հաճախ տարածվում են անտառային տարածքներ` մեծ վնաս պատճառելով բնությանը և շրջակա միջավայրին: Նախարարարությունը տեղեկացնում է, որ արգելվում է անտառային տարածքներում կրակ վառել, վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել, յուղերով կամ բենզինով ներծծված լաթեր թողնել, ներքին այրման շարժիչների աշխատանքի ժամանակ մեքենան վառելիքով լիցքավորել, ինչպես նաև ծխել լիցքավորվող մեքենաների մոտ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---