ՀՀ-ում կտնկվի Արևմտյան Հայաստանի համայքները խորհրդանշող 10 անտառ՝ մոտ 550.000 ծառով

ՀՀ-ում կտնկվի Արևմտյան Հայաստանի համայքները խորհրդանշող 10 անտառ՝ մոտ 550.000 ծառով

PanARMENIAN.Net - «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը (ATP) Հայաստան Ծառատունկ ծրագրի շրջանակում մեկնարկում է Կենաց Դար նախաձեռնությունը, որը հնարավորություն կընձեռի տնկել ծառեր՝ ի հիշատակ Մեծ եղեռնի զոհերի։

«Այս նախաձեռնության շնորհիվ Հայաստանի հյուսիսում կտնկվի 10 անտառ, որոնք կխորհրդանշեն Եղեռնի ժամանակ հալածված Արևմտյան Հայաստանի համայքները››, - ասել է «Էյ Թի Փի»-ի գործադիր տնօրեն Ջինմարի Փափելյանը՝ կոչ անելով աշխարհում սփռված բոլոր հայերին հովանավորել այս նախաձեռնությունը՝ տնկելով ծառեր ի պատիվ հարազատների և ի հիշատակ նախնիների։

Կենաց Դարը հնարավորություն է տալիս տնկել նոր Ադանա, Խարբերդ, Մարաշ և այլ անտառներ՝ կախված, թե որտեղից են սերում նախնիները, հայտնում են բարեգործական հիմնադրամից:

«Էյ Թի Փի»-ն Հայաստանի և Արցախի ավելի քան 1000 տեղամասում տնկել է շուրջ 4․7 միլիոն ծառ։ Այդ տեղամասերից են Նոր Խարբերդ, Մուսա Լեռ և Զեյթուն համայքները, որոնք կրում են պատմական Հայաստանի համայնքերի անունները։

Հիմնադրամը ակնկալում է Կենաց Դարի շրջանակում մինչև այս տարվա վերջ տնկել մոտ 300.000 ծառ, այդ թվում նաև ևս 250.000 ծառ, որոնք կծառայեն անտառի վերականգնման նպատակին:

«Կենաց Դարի տասն անտառ տնկման տեղամասերը ներկայացնում են պատմական Հայաստանի շրջանները և ընդգրկում են ներկայիս Հայաստանի Շիրակի, Լոռու և Կոտայքի մարզերը։ Մենք նախապատվություն ենք տվել այն տարածքներին, որտեղ ‹‹Էյ Թի Փի››-ն տնկումներ է իրականացրել 2004-ից ի վեր։ Ավելին, հանդիպել ենք այդ տեղամասերի համայնքային ղեկավարներին և ստացել նրանց համաձայնությունը՝ միասնական ուժով տնկումներ կատարելու վերաբերյալ», - հայտնել է Փափելյանը:

«Էյ Թի Փի»-ն գործարկել է «Կենաց Դար» նոր կայքը, որտեղ կարելի է մանրամասն ծանոթանալ այս քարոզարշավին, պատմական հայ համայնքներին, ինչպես նաև նվիրատվություններ անել՝ անտառները նորանոր ծառերով համալրելու նպատակով։ Կայքում կարելի է ընտրել հարազատ պատմական գյուղը, քաղաքը կամ շրջանը, կամ պարզապես նվիրատվություն կատարել տեղամասերից ցանկացածի համար։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---