Եվս մեկ գիշեր Բաղրամյանում. ԵՄ դրոշով գալու համար Հայրիկյանին սադրանքի մեջ մեղադրեցին

Եվս մեկ գիշեր Բաղրամյանում. ԵՄ դրոշով գալու համար Հայրիկյանին սադրանքի մեջ մեղադրեցին

PanARMENIAN.Net - Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ Բաղրամյան պողոտայում բողոքի ցույցը շարունակող ցուցարարներին հուլիսի 2-ի ուշ երեկոյան այցելության է եկել ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Ցույցի մասնակիցները սուլոցներով են դիմավորել Հայրիկյանին և նրա ուղեկիցներին, ովքեր բացի հայկական եռագույնից, իրենց հետ բերել են նաև Եվրամիության դրոշ:

Ցուցարարները պահանջել են իջեցնել ԵՄ դրոշը, լսվել են «Սադրի՛չ», «Հեռացի՛ր» և «Եռագո՛ւյն» կոչեր, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ցուցարարները պնդել են, թե Բաղրամյանի բողոքի ակցիան Մայդան չէ և Եվրամիության դրոշների առկայությունն այստեղ տեղին չէ: Հայրիկյանը Եվրամիության դրոշի ներկայությունը բացատրել է ոստիկանության գործողություններից տուժածների դիմումով, որը ներկայացվել է Եվրոպական դատարան:

Հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից նստացույցի մասնակիցների նկատմամբ ուժի կիրառումից տուժած 16 քաղաքացի հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Մինչդեռ, Բաղրամյան պողոտայում ցուցարարների թիվն օրեցօր քչանում է:

Հունիսի 30-ից Բաղրամյանում հացադուլ սկսած Հարություն Հարությունյանը և Հայկ Պարիկյանը հուլիսի 2-ին դադարեցրել են այն ու շտապօգնության մեքենայով տեղափոխվել համալսարանական կլինիկական թիվ 1 հիվանդանոց։

Հունիսի 30-ին «Ոչ թալանին» քաղնախաձեռնության անդամները դադարեցրել են նստացույցը Երևանի Ազատության հրապարակում՝ նշելով, որ պայքարը տեղափոխվում է նոր հարթություն։ Նրանք մտադիր են ստեղծել փորձագետների, տնտեսագետների, իրավաբանների խմբեր` կոնկրետ առաջարկություններով հանդես գալու համար։ Միաժամանակ, Բաղրամյան պողոտայում մնացած ցուցարարները մտադիր չեն լքել այն: Նրանք հայտարարել են, որ կմնան պողոտայում «մինչև հաղթական ավարտը»:

Հավաքն այլ վայր տեղափոխելու հարցով բանակցությունների հորդորով ոստիկանությունը ցուցարարներին է դիմել հուլիսի 1-ին հրապարակած հայտարարությունում՝ զգուշացնելով, որ Բաղրամյանում մնալու դեպքում «ստիպված կլինի ամբողջ ծավալով գործադրել ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները»։

Միաժամանակ, կառույցից հույս են հայտնել, որ «վերջին օրերին խաթարված հասարակական կարգը, հանրային կառույցների բնականոն գործունեությունը, ինչպես նաև անձանց խախտված իրավունքները հնարավոր է վերականգնել բարի կամքի դրսևորման և փոխըմբռնման մթնոլորտում` առանց հարկադրանքի կամ ուժային գործողությունների»։

Հայտարարությունից ելնելով՝ ոստիկանությունը հուլիսի 2-ին Բաղրամյանից հեռացրել է ջրցան ու զրահապատ մեքենաները:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---