«Կուտակայինի» մասին օրենքի՝ ՀՀ Սահմանադրությանը հակասելու և անվավեր ճանաչելու հարցը կքննվի հուլիսի 7-ին

«Կուտակայինի» մասին օրենքի՝ ՀՀ Սահմանադրությանը հակասելու և անվավեր ճանաչելու հարցը կքննվի հուլիսի 7-ին

PanARMENIAN.Net - Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշել է բավարարել ՀՀ ազգային ժողովի պատգամավորների ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանի դիմումը՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» նոր օրենքն իր հարակից փոփոխություններով ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու մասին գործի դատաքննությունն առնվազն 45 օրով հետաձգելու վերաբերյալ, և գործի դատաքննությունը նշանակել 2015-ի հուլիսի 7-ին՝ ժամը 10:00-ին:

Այս մասին ՍԴ-ի համապատասխան գրությունը Facebook-ի իր էջում հրապարակել է Մինասյանը:

Հոկտեմբերի 3-ին ԱԺ 34 պատգամավոր Սահմանադրական դատարան է ներկայացրել դիմումը, որով պատրաստումէ վիճարկել որոշ օրենքներ: Մասնավորապես` «Կուտակային կենսաթոշակների մասին» նոր օրենքը հարակից փոփոխություններով սահամանադրությանը հակասելու վերաբերյալ դիմումը: ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Կուտակային կենսաթոշակների մասին» նոր օրենքն իր հարակից փոփոխություններով ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու մասին ՀՀ ԱԺ պատգամավորների բողոքը Սահմանադրական դատարանը պետք է քններ 2015-ի մարտի 31-ին:

Մինասյանի խոսքով՝ Սահմանադրական դատարան է ներկայացվելու գրություն, որտեղ խմբակցությունը ևս մեկ անգամ պնդում է իր պահանջները «Կուտակային կենսաթոշակների մասին» և հարակից ՀՀ օրենքները վիճարկող դիմումի պատշաճ ընթացքը ապահովելու համար:

ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավորը նաև տեղեկացրել է, որ ՍԴ ներկայացված նշված ՀՀ օրենքները վիճարկող դիմումի պատշաճ ընթացքն ապահովելու համար երկար ժամանակ հետևողականորեն ստեղծվում էին դիմումում արծարծված հարցերը հիմնավորող փաստաթղթեր:

«Այս ժամանակահատվածում ձեռնարկված քայլերի արդյունքում այդպիսի փաստաթղթերի քանակն անցնում է 400 էջից: Նկատի առնելով մեծածավալ քանակը՝ բոլորը չենք կարող հրապարակել: Սակայն նպատակահարմար եմ գտնում հրապարակել ՀՀ դատական դեպարտամենտի գրավոր պատասխանը ներկայացված դիմումի վերաբերյալ, որտեղ պաշտպանվում է մեր դիրքորոշումը», - գրել է Մինասյանը:

Հայաստանի քաղաքացիների պարտադիր կենսաթոշակային վճարները պետք է վերադարձվեին մինչև 2015-ի հուլիսի 1-ը: Հայաստանում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցները հնարավորություն ունեին մինչև 2014-ի հուլիսի 1–ը համակարգից հրաժարվելու մասին դիմում ներկայացնել, իսկ սեպտեմբերի 1–ից մինչև դեկտեմբերի 25–ն ընկած ժամանակահատվածում` դիմել իրականացրած պարտադիր վճարները վերադարձնելու համար։

Ըստ օրենքի` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը պետք է ուժի մեջ մտներ 2014–ի հունվարի 1–ից՝ 1974 թվականի հունվարի 1–ից հետո ծնված բոլոր քաղաքացիների համար։ Սակայն հասարակական բողոքների ճնշման ներքո Սահմանադրական դատարանը նախ որոշեց, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը չի համապատասխանում Սահմանադրությանը, իսկ դրա մի շարք դրույթներ անվավեր են, հետո էլ խորհրդարանն ընդունեց օրենսդրական փոփոխություններ, ըստ որոնց` մինչև հուլիսի 1–ը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը գործում է պետական կազմակերպությունների աշխատակիցների համար։ Մասնավոր հատվածի համար համակարգը սկզբում ներդրվում է կամավոր կարգով և գործում 3 տարի, իսկ ժամկետը լրանալուց հետո պարտադիր բաղադրիչը տարածվում է նաև նրանց վրա:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---