Վարչապետը՝ Փարիզում. Ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծն ու ֆրանսիացի օրենսդիրների այցը ԼՂՀ

Վարչապետը՝ Փարիզում. Ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծն ու ֆրանսիացի օրենսդիրների այցը ԼՂՀ

PanARMENIAN.Net - Հուլիսի 3-ին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի հետ: Հանդիպմանն Աբրահամյանը կարևորել է այն փաստը, որ ֆրանսիական խորհրդարանական պատվիրակությունների այցելությունները Հայաստան հաճախ զուգորդվում են նաև Լեռնային Ղարաբաղ այցերով, հայտնում են ՀՀ Կառավորությունից:

«Ֆրանսիացի օրենսդիրների հաճախակի դարձած այցերն Արցախ կարևոր նշանակություն ունեն արտաքին աշխարհում Լեռնային Ղարաբաղի մասին լիարժեք և համակողմանի պատկերացում կազմելու գործում», - նշել է վարչապետը։

Վարչապետը խոսել է նաև 2013-ին Ֆրանսիայի ԱԺ և Սենատի մի խումբ պատգամավորների, նախկին խորհրդարանականների, մի շարք համայնքային իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ «Արցախի հետ բարեկամության շրջանակի» ստեղծման մասին:

2013թ. մարտի 19-ին, Փարիզում Ֆրանսիայի Հանրապետության տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող մի խումբ քաղաքական գործիչներ, Խորհրդարանի պատգամավորներ և սենատորներ հայտարարել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ Բարեկամության խմբի ստեղծման մասին։ Այս կապակցությամբ նրանք հանդես են եկել հատուկ հայտարարությամբ, որում բարձր գնահատելով ԼՂՀ-ի ժողովրդի և իշխանությունների հետևողական ջանքերը՝ ուղղված ազատ և ժողովրդավարական հասարակության կերտմանը, կոչ են անում վերջ դնել Արցախի քաղաքական մեկուսացմանը և հայտնում են իրենց աջակցությունը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին։ Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության խմբի երեք անդամ «Էքսպրես» հեղինակավոր շաբաթաթերթի կայքէջում հանդես են եկել հայտարարությամբ՝ ի նպաստ Ղարաբաղի միջազգային ճանաչման։ Հայտարարության հեղինակներից երկուսը սենատորներ են` Սոֆի Ժուասենը և Միշել Ամիելը, երրորդը Բուր լը Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն է:

Աբրահամյանը նաև խորին երախտագիտություն է հայտնել 2001-ի Հայոց ցեղասպանությունը օրենքի ուժով ճանաչելու Ֆրանսիայի մարդասիրական բարձր առաքելության համար:

«Ֆրանսիան աշխարհում առաջին երկիրն է, որը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է օրենքի ուժով», - ասել է վարչապետը՝ հույս հայտնելով, որ Ֆրանսիայի խորհրդարանը հետևողական կլինի Ցեղասպանության ժխտումը դատապարտող նոր օրինագծի ներկայացման և ընդունման հարցում:

2011 թ. դեկտեմբերի 22-ին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևն ընդունվեց Ֆրանսիայի Ազգային Ժողովում: Օրինագիծը Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրոյի չափով տուգանք: Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Փետրվարի 29-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը օրինագիծը ճանաչեց ոչ սահմանադրական: Գրեթե անմիջապես Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին հանձնարարեց կառավարությանը նախապատրաստել նոր օրինագիծ:

2014-ին ԱԺ պատգամավոր Վալերի Բուայեն ներկայացրեց 20-րդ դարում մարդկության դեմ գործած ոճրագործությունների ու ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ: Ֆրանսիան պաշտոնապես ճանաչել է երկու ցեղասպանություն՝ Հոլոքոսթն ու Հայոց ցեղասպանությունը, սակայն միայն Հոլոքոսթի ժխտումն է պատժելի:Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը նաև գործող նախագահ Օլանդի նախընտրական խոստումներից է:

Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահն իր հերթին բարձր է գնահատել հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունները, կարևորել միջխորհրդարանական կապերի սերտացումը, տարբեր ոլորտներում գործակցության խորացումը:

«Հայաստանը Ֆրանսիայի բարեկամն է: Մենք պատրաստակամ ենք խորացնել մեր բարեկամությունն ու ընդլայնել գործակցությունը», - ընդգծել է Բարտելոնը:

Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործակցությանը և այս համատեքստում վարչապետն արժևորել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն գորրծակցության զարգացման գործում: Նրա խոսքով՝ ՀՀ նախագահի մակարդակով մասնակցությունն Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովին վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը` խորացնելու գործակցությունը Եվրամիության հետ տարբեր ուղղություններով:

Կողմերը կարևորել են նաև միջազգային կառույցներում սերտ գործակցությունը և փոխադարձ աջակցությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, երկուստեք ընդգծվել է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման կարևորությունը:

Հուլիսի 3-ին Փարիզում վարչապետը նաև հանդիպում է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ: Աբրահամյանի խոսքով՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա է ապակենտրոնացված մակարդակով բավականին լայն գործակցություն. մայրաքաղաք Երևանը և Հայաստանի մոտ երեք տասնյակ համայնք արդյունավետ գորշակցում են Ֆրանսիայի քույր քաղաքների հետ:

Վարչապետը նշել է, որ Երևան - Փարիզ գործակցության շրջանակում ընթացիկ և նախատեսվող ծրագրերը ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում են և պատրաստակամություն է հայտնել Երևանի քաղաքապետարանի հետ միասին այսուհետ ևս սատարել համատեղ ծրագրերի անխափան իրականացմանը:

Փարիզի քաղաքապետը կարևոր է համարել գործակցության խորացումը գիտության, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության ոլորտներում: Նա առանձնացրել է ֆրանսահայ համայնքի դերը և ներդրումը Ֆրանսիայի և, մասնավորապես, Փարիզի զարգացման գործում:

Վարչապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Փարիզի քաղաքապետարանում բացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---