Հույս, հավատ, սեր և խաղաղություն. Հայտնի են «Ֆրեսկո» փառատոնի հաղթող ֆիլմերը

Հույս, հավատ, սեր և խաղաղություն. Հայտնի են «Ֆրեսկո» փառատոնի հաղթող ֆիլմերը

PanARMENIAN.Net - Հուլիսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում տեղի է ունեցել «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնի փակման արարողությունն ու մրցանակաբաշխությունը: Այս տարի անվանակարգերը 4-ն էին` «Սեր», «Հույս», «Հավատ», «Խաղաղություն»: Եվս մեկ մրցանակ նախատեսված էր հանդիսատեսի համակրանքին արժանացած ֆիլմի համար:

Ինչպես տեղեկացնում է կինոփառատոնի մամուլի ծառայությունը, «Ֆրեսկոյի» 4 անվանակարգում լավագույնն են ճանաչվել հետևյալ ֆիլմերը`

«Հավատ»

-«Աղջիկը լուսնի վրա»(Girl on the moon), Հայաստան, Արեն Մալաքյան

-«Մարդասպանի սիրտը»(The heart of a murderer), Իտալիա, Քեթրին Մաքգիլվրեյ

-«Ոգին շարժման մեջ»(Spirit in Motion), Ռուսաստան , Սոֆիա Գեվեյլեր, Ջուլիա Բիվշևա, Սոֆիա Կուչեր

«Հույս»

-«Անձայն մարդասպանը»(The silent killer), Իսպանիա, Ռաուլ Մանչիլյա

-«Ցնցումից հետո»( After shock), Իրան, Մահմուդ Յազդանի Բահրամաբադի

-«Մայիս 1945»(May 1945), Բելառուս, Նոնա Սիսակյան

«Սեր»

-«Ես հենց նոր երազ տեսա»(I have just had a dream), Իսպանիա, Խավի Նավարո

-«Մեծ տղա»(Big boy), Ռուսաստան, Յուրի Սոլոդով

-«Կոկտեբելյան խճաքարեր»(Coctebel's pebbles), Ռուսաստան, Անդրեյ Օսիպով

«Խաղաղություն»

-«Զգայարաններ»(Sense), Իսպանիա, Խոսե Վեգա

-«Ռանգան 99»(Rangan 99), Իրան, Թիյամ Յաբանդե Ջահրումի

-«Մրջյունների բնակարանը»(Ants apartment), Իրաք, Տոֆիղ Ամանի

«Հանդիսատեսի համակրանք»

-«Ժողովող»(Ecclesiastes), Իսրայել, Լուսանկարներ և ֆոտոթարգմանություն Դմիտրի Բրիկմանի

Հաղթողներին մրցանակները հանձնել են իտալացի ռեժիսոր Մարկո Լեոպարդին, փառատոնի հոգևոր խորհրդատու Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, Խարբերդի մասնագիտացված մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանը և «Ունիսոն» ՀԿ-ի տնօրեն Արմեն Ալավերդյանը: Փառատոնի` ձկների տեսքով կավե մրցանակներն իրենց ձեռքերով պատրաստել և ձևավորել են Խարբերդի մասնագիտացված մանկատան սաները:

Փառատոնի փակման արարողության ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում տեղադրված բեմում ելույթ են ունեցել ավազանկարչուհի Դարյա Կոտյուխը՝ ավազե անիմացիայով, «Օվսաննա» երգչախումբը և «Նուբար» ազգագրական երգի-պարի համույթը:

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի երկրորդ միջազգային փառատոնը կայացել է հունիսի 27-ից հուլիսի 5-ը՝ «Ֆորմիկա Արտ» ընկերության և «Ծիածան» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: Այս տարի փառատոնի հիմնական գաղափարախոսությունը խաղաղությունն էր, իսկ ամբողջ ծրագիրը նվիրվում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակին:

2015 թվականի փառատոնը ծավալային և բովանդակային առումով առավել լայն էր, քանի որ իրականացրել է Հայաստանում բացօթյա լայնածավալ ֆոտոցուցահանդես` «Կարապի լճի» երկայնքով և նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ` թատերական ներկայացում, ինչը նոր գույներ և թարմություն է հաղորդել փառատոնին և նպաստել ավելի շատ մասնակիցների ներգրավմանը:

Փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված էր հինգ տասնյակից ավել ֆիլմ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Կանադայից, Իտալիայից, Իսպանիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Իրանից, Իրաքից, Հարավային Կորեայից, Իսրայելից և այլ երկրներից:

«Ֆրեսկոն» մասնակիցներին կինոփառատոնի անցկացման ոչ ֆորմալ մոտեցում է առաջարկում փառատոնի բոլոր փուլերում` կինոդիտումից մինչև միջոցառումների անցկացման վայրեր, նստարանից մինչև մրցանակ: Նմանատիպ ակցիաների համար արդեն սովորական դարձած երևանյան կենտրոնի փոխարեն ցուցադրությունները անցկացվել են քաղաքի հանրաշատ վայրերում (այգիներ, եկեղեցիների բակեր): Փառատոնն առանձնակի նշանակություն է տալիս սոցիալական հատուկ խմբերի ու հատկապես սահմանափակ կարողություն ունեցող անձանց հետ աշխատանքին:

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնը առաջին անգամ կազմակերպվել է 2014-ին և ունեցել բավականին մեծ հաջողություն: Փառատոնի նպատակներն են՝ հոգևոր և մշակութային երկխոսության միջոցով նպաստել հանրության մեջ սիրո, համերաշխության և մարդասիրական արժեքների վերահաստատմանը, միջազգային և միջկրոնական հանդուրժողականության տարածումը, հոգևոր-բարոյական ֆիլմերի ստեղծումն ու զարգացման խթանումը և դրանց նկատմամբ հանրային պահանջարկի ավելացումը` որպես սոցիալ-մշակութային կարևոր գործոն, մշակութային գործիչների շփումների ակտիվացումը և փոխշահավետ համագործակցության դաշտի ստեղծումը, այլ երկրների ժողովուրդների հետ մշակութային երկխոսությունը և դրա համատեքստում ինքնաճանաչման և ազգային գիտակցության բարձրացումը, մասնագիտական փորձի փոխանակումը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---