ՍԴ-ն Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի որոշ դրույթներ Սահմանադրությանը հակասող է ճանաչել

ՍԴ-ն Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի որոշ դրույթներ Սահմանադրությանը հակասող է ճանաչել

PanARMENIAN.Net - Հայաստանի Սահմանադրական դատարանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների դիմումի հիման վրա, հուլիսի 7-ին քննության է առել ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի և կից` ՀՕ-68-Ն, ՀՕ-69-Ն, ՀՕ-70-Ն, ՀՕ-71-Ն, ՀՕ-72-Ն, ՀՕ-73-Ն, ՀՕ-74-Ն, ՀՕ-75-Ն, ՀՕ-76-Ն ԵՎ ՀՕ-77-Ն օրենքների, ինչպես նաև դրանց հետ համակարգային կապի մեջ գտնվող «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 10-րդ հոդվածների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը:

ՍԴ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 63, 64 և 68-րդ հոդվածներով, ՀՀ Սահմանադրական դատարանը որոշել է՝

1. «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի` սույն գործով վեճի առարկա 2-րդ հոդվածի 1-ին մասի 28, 36 և 37-րդ կետերը, 5-րդ հոդվածի 1-ին մասը, 7-րդ մասը, 9-րդ հոդվածի 10-րդ մասը, 13-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 5-րդ և 13-րդ մասերը, 37-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասի` «օրենքի 43-րդ հոդվածով» դրույթը, 39-րդ հոդվածի 3-րդ մասի երրորդ նախադասությունը, 40-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության` «որոնց կազմը և առավելագույն չափը սահմանում է Կենտրոնական բանկը» դրույթը, 43-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության` «ողջամիտ եկամտաբերություն» եզրույթը, 43-րդ հոդվածի 3-րդ մասի` «ողջամիտ շահութաբերություն» եզրույթը, 44-րդ հոդվածի 2-րդ մասը, 46-րդ հոդվածի 7-րդ մասի երկրորդ նախադասությունը, 62-րդ հոդվածի 5-րդ մասը, 62-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ նախադասությունը, 63-րդ հոդվածի 7-րդ մասի երկրորդ նախադասությունը, 67-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետը, 81-րդ հոդվածի 1-ին մասը, 81-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը, 81-րդ հոդվածի 5-րդ մասը, 81-րդ հոդվածի 7-րդ մասը, 81-րդ հոդվածի 13-րդ մասը համապասխանում են ՀՀ Սահմանադրությանը` հաշվի առնելով սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին հակասող և անվավեր:

3. «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև 45-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը` այն մասով, որով տարեկան գնաճով ճշգրտված չափով վերադարձնելու երաշխիքը չի տարածվում նաև տվյալ օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված` ՀՀ պետական բյուջեից հատկացվող համապատասխան միջոցների վրա, ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ և 48-րդ (կետ.12) հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:

4. «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (ՀՕ-68-Ն օրենք), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (ՀՕ-69-Ն օրենք), «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության (ՀՕ-246-Ն) օրենքի 6-րդ և 10-րդ հոդվածները, «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (ՀՕ-74-Ն օրենք), «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (ՀՕ-76-Ն օրենք), «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (ՀՕ-70-Ն օրենք), «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (ՀՕ-71-Ն օրենք), «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (ՀՕ-72-Ն օրենք), «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (ՀՕ-73-Ն օրենք), «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (ՀՕ-77-Ն օրենք), «Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասը համապասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` հաշվի առնելով սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները:

5. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Հոկտեմբերի 3-ին ԱԺ 34 պատգամավոր Սահմանադրական դատարան է ներկայացրել դիմումը, որով պատրաստումէ վիճարկել որոշ օրենքներ: Մասնավորապես` «Կուտակային կենսաթոշակների մասին» նոր օրենքը հարակից փոփոխություններով սահամանադրությանը հակասելու վերաբերյալ դիմումը: ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Կուտակային կենսաթոշակների մասին» նոր օրենքն իր հարակից փոփոխություններով ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու մասին ՀՀ ԱԺ պատգամավորների բողոքը Սահմանադրական դատարանը պետք է քններ 2015-ի մարտի 31-ին:

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ

Կենսաթոշակային բարեփոխումների մեկնարկի մասին Հայաստանը հայտարարել էր դեռ 2010-ի հուլիսին: Արդեն 2011-ի հունվարի 1-ից կենսաթոշակային ռեֆորմները մեկնարկեցին կամավոր կուտակային համակարգի ներդրմամբ։

2014-ի հունվարի 1-ից Հայաստանն անցավ պարտադիր կուտակային համակարգի, որը վերաբերում է 1973-ի դեկտեմբերի 31-ից հետո ծնվածներին, որոնք աշխատում են և գրանցված են աշխատավայրում: Մինչև 500 հազար դրամ աշխատավարձ ստացողները վճարումներ կկատարեն իրենց աշխատավարձի 5%-ի չափով, ևս 5%-ն այդ աշխատողների անհատական հաշիվներին կփոխանցի պետությունը։ 500 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողի անհատական կուտակային ֆոնդին պետությունը 25 հազար դրամից ավելի չի փոխանցի:

Պարտադիր բաղադրիչի ներդրումը մեծ աղմուկ էր առաջացրել հասարակության շրջանում, ստեղծվել էին մի շարք քաղնախաձեռնություններ, որոնք մինչև օրս էլ այդ համակարգին դեմ են արտահայտվում ու շարունակում են բողոքել: Համակարգին դեմ էին նաև խորհրդարանական ոչ իշխանական 4 ուժերը, որոնք ԱԺ-ին առաջարկել էին մեկ տարով հետաձգել համակարգի ներդրումն ու շարունակել քննարկումները, քանի որ դա շատ լուրջ փոփոխություն է, իսկ«համակարգը թերի է»: 2013-ի դեկտեմբերի 4-ին հարցով հրավիրված արտահերթին խորհրդարանը դեմ էր քվեարկել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառումը մեկ տարով հետաձգելու առաջարկությանը:

Հայաստանի սահմանադրական դատարանը հունվարի 24-ի նիստում որոշել էր կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի (այն է՝ պատասխանատվությունը պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացմամբ կատարելու համար) և 86-րդ հոդվածի 3-րդ մասի (այն է՝ ֆոնդի և կառավարչի պարտադիր ընտրություն) գործողությունը մինչև օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործի դատաքննության ավարտը։

Մարտի 28-ին մեկնարկած դատական նիստի որոշումը ՍԴ-ն կայացրեց ապրիլի 2-ին՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի քանի դրույթ ՀՀ Սահմանադրության պահանջներին հակասող ու անվավեր ճանաչելով։ 64 էջանոց համախատասխան որոշումը հրապարակել էր ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը։ Ըստ էության, դիմող կողմի հայցը բավարարվեց։

Դատարանը մինչև 2014-ի սեպտեմբերի 30-ն Աժ-ին և Կառավարությանը ժամանակ տվեց՝ օրենքի որոշ դրույթներ փոփոխելու համար: Մինչ այդ կատարված կենսաթոշակային բոլոր վճարումները պետք է վերանայվեն:

Ապրիլի 17-ին վարչապետը հանձնարարեց շահագրգիռ պետական մարմիններին սեղմ ժամկետում օրենքի նախագիծ պատրաստել, որով մինչև Սահմանադրական դատարանի՝ ապրիլի 2-ի որոշմամբ նախատեսված օրենսդրական փաթեթի ընդունումն Ազգային ժողովը կկասեցնի տույժերի հաշվարկը: Կառավարության առաջարկող օրենքի նախագիծն Ազգային ժողովում սկսեցին քննարկել ապրիլի 28-ին:

Արդեն մայիսի 15-ին խորհրդարանն ամբողջովին ընդունեց «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին Կառավարության օրինագիծը: Դրանով պարտադիր կուտակային վճարը հաշվարկելու և փոխանցելու պարտավորությունը կրող անձն ազատվում է մինչև օրենքն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի համար պարտադիր կուտակային վճարը չկատարելու կամ ուշացումով կատարելու համար օրենքով նախատեսված պատասխանատվությունից: Նախագահ Սերժ Սարգսյանն օրենքը վավերացրեց մայիսի 26-ին:

Հունիսի 17-ի արտահերթում Կառավարությունը հավանություն տվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթին: Դրանով նախատեսվում է 2014-ի հուլիսի 1-ից պետական հատվածի աշխատողների համար գործարկել նպատակային սոցիալական վճարի համակարգը, որը մինչև 2017-ի հուլիսի 1-ը մասնավոր հատվածի համար կլինի կամավոր։ Դրա դրույքաչափը նույնպես 5 տոկոս է: Առաջարկվում է սահմանել 500․000 դրամ աշխատավարձի շեմ, որից ավելիի դեպքում սոցվճար չի կատարվելու, այսինքն՝ առավելագույն սոցվճարը բոլորի համար լինելու է 25․000 դրամ՝ կախված աշխատավարձի չափից: Նախագիծը քննարկելու համար գործադիրը ԱԺ արտահերթ նիստ հրավիրեց։

Հունիսի 21-ին խորհրդարանն արտահերթում երեք ընթերցմամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակային համակարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով պարտադիր կուտակայինը դարձավ նպատակային սոցվճար։ Քվեարկությանը մասնակցեց միայն ՀՀԿ-ն։ Քվեարկությունը բոյկոտած ԱԺ ոչ իշխանական ուժերը տեղեկացրին, որ դիմելու են Սահմանադրական դատարան` վիճարկելու ստեղծված իրավիճակն ու օրենքի խախտումով տեղի ունեցած քվեարկությունը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---