Ցեղասպանագետների միջազգային գիտաժողովն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում

Ցեղասպանագետների միջազգային գիտաժողովն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը 2015-ի հուլիսի 8-12-ը հյուրընկալելու է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության (ՑՄԸ) 12-րդ գիտաժողովը, որի խորագիրն է «20-րդ դարի ցեղասպանությունների համեմատական վերլուծություն»: Հեղինակավոր այս գիտաժողովի անցկացումը Երևանում աննախադեպ է լինելու թե՛ մասնակիցների քանակի, թե՛ ակադեմիական բարձր վարկանիշի և, իհարկե, Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի տեսանկյունից:

Գիտաժողովին իրենց մասնակցությունը կբերեն ցեղասպանագիտության և հարակից ոլորտների հարյուրավոր լավագույն մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից, տեղեկացնում են թանգարան-ինստիտուտից:

Անցկացվելիք գիտաժողովը նվիրվելու է Հայոց ցեղասպանության 100-րդ, ինչպես նաև՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի և Հոլոքոստի 70-րդ տարելիցներին:

1997 թ. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ 2010 թ. ստացել ՀՀ նախագահի` Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդի համար շնորհվող մրցանակ:

«Այս գիտաժողովի անցկացումը բացառիկ իրադարձություն է լինելու հայագիտության և, ի մասնավորի, Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ոլորտում: Հայաստան են ժամանելու հարյուրավոր հեղինակավոր գիտնականներ և երիտասարդ մասնագետներ, որոնց մասնակցությունը Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության տասներկուերորդ գիտաժողովին լավ առիթ է հանդիսանալու Հայոց ցեղասպանության և դրա հետևանքների մասին ավելի խորքային պատկերացումներ ունենալու և, ինչու չէ, Հայաստանին և մեր մշակույթին մոտիկից ծանոթանալու համար», - նշել է գիտաժողովի կազմկոմիտեի տեղական հանձնաժողովի նախագահ Հայկ Դեմոյանը:

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը (International Association of Genocide Scholars) ցեղասպանությունները և մարդկության դեմ կատարված հանցագործություններն ուսումնասիրող գիտնականների առաջատար և խոշորագույն միավորումն է: Այն ստեղծվել է 1994 –ի հայտնի ցեղասպանագետներ Իսրայել Չառնիի (Israel Charny), Հելեն Ֆայնի (Helen Fein), Ռոբերտ Մելսոնի (Robert Melson) և Ռոջեր Սմիթի (Roger Smith) կողմից և այսօր միավորում է ավելի քան 500 գիտնականի աշխարհի տարբեր երկրներից: Ընկերակցության նպատակն է հետազոտել և ուսուցանել աշխարհում տեղի ունեցած ցեղասպանությունների պատճառները` կանխարգելելու համար ցեղասպանությունների կրկնումն ապագայում: Հայոց ցեղասպանությունը մշտապես գտնվում է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության անդամների ուսումնասիրության կենտրոնում:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---