Երևանում էկո-գրադարան է բացվել

Երևանում էկո-գրադարան է բացվել

PanARMENIAN.Net - Բժշկական ամենախոշոր տեղեկատվական կենտրոնը՝ հանրապետական գիտաբժշկական գրադարանը (ՀԳԲԳ), սկսել է գործել նաև էկո տարբերակով: ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ ստեղծված այգին այլընտրանքային հրաշալի միջավայր է՝ մասնագիտական քննարկումների, տարբեր դասընթացների կազմակերպման և ընթերցանության համար:

Հեռահաղորդակցության առաջատար օպերատորը 2 մլն դրամ է հատկացրել՝ երբեմնի հողածածկ տարածքը կանաչապատելու, այգի ստեղծելու, եղանակային տարբեր պայմաններին հարմարեցված գրապահարաններ տեղադրելու և էլեկտրոնային շտեմարաններից օգտվելը հնարավոր դարձնելու համար: Էկո-գրադարանին տրամադրվել է նաև արտոնագրված ծրագրով ներբեռնված և համապատասխան գրականությամբ ապահովված՝ 5 պլանշետ:

«Առհասարակ, կանաչ գոտիների պահպանման և ստեղծման գաղափարը կարևորվում է ամբողջ աշխարհում: Էկոլոգիական այս տարածքը կրթական հրաշալի միջավայր է առողջության իրական արժեքը գնահատողների՝ բժիշկների համար: Իր տեսակի մեջ եզակի այս գրադարանն անչափ կարևոր է նաև բնապահպանական տեսանկյունից: Այսօրինակ նախաձեռնության հիմքում լավ և կայուն ապագա ստեղծելու մոտեցումն է: Քաղաքակիրթ, առողջ և կիրթ միջավայրում ապրելու ձգտումը պետք է իրականացնել երկարաժամկետ ծրագրերով: Մենք այնտեղ ենք՝ որտեղ կա այս մոտեցումը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Արդեն 76 տարի գործող գիտաբժշկական գրադարանում կենտրոնացված է ավելի քան կես միլիոն միավորից կազմված՝ կենսաբժշկական գրականության և տեղեկատվական աղբյուրների լավագույն հավաքածու: Այստեղ կան բժշկական էլեկտրոնային և տպագիր գրքեր, ամսագրեր, սեղմագրեր, լազերային սկավառակներ և տեսալսողական նյութեր:

«Բացօթյա ընթերցարանը խրախուսում է ընթերցանության, հատկապես՝ էլեկտրոնային ընթերցանության գործառույթը։ Վերջինս շատ կարևոր է, քանի որ գրադարանն այսօր տրամադրում է հիմնականում Springer Link հրատարակության՝ արտոնագրված էլեկտրոնային բժշկական գրքեր և ամսագրեր: Բացօթյա ընթերցարանը կարող է հաճելի միջավայր դառնալ այդ գրականությունը ընթերցելու համար»,-ասել է հանրապետական գիտաբժշկական գրադարանի տնօրեն Աննա Շիրինյանը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---