«Ոսկե ծիրանի» խաղարկային ժյուրին կգլխավորի ֆրանսահայ կինոռեժիսոր Ռոբեր Գեդիգյանը

«Ոսկե ծիրանի» խաղարկային ժյուրին կգլխավորի ֆրանսահայ կինոռեժիսոր Ռոբեր Գեդիգյանը

PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում Երևան կժամանի Ֆրանսահայ կինոռեժիսոր Ռոբեր Գեդիգյանը՝ գլխավորելու խաղարկային ֆիլմերի ժյուրին, իսկ նրա՝ Կաննի կինոփառատոնի այս տարվա հատուկ ցուցադրությունների շարքում ընդգրկված «Խենթ պատմություն»-ը կբացի փառատոնը:

«Ոսկե ծիրան»-ն այս տարի ևս գործակցում է ՀՀ-ում մի շարք օտարերկրյա դեսպանությունների հետ: Մասնավորապես` փառատոնային մի շարք նախաձեռնություններ իրականացվում են ՀՀ-ում Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի և Ռուսաստանի դեսպանությանների աջակցությամբ:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ արդեն ավանդական դարձած գործակցության շնորհիվ այս տարի ևս «Ոսկե ծիրանի» շրջանակում կիրականացվեն համատեղ նախաձեռնություններ: Մասնավորապես տեղի կունենա «Ֆրանսիական նոր կինո» ծրագիրը: Ծրագիրը ներառում է վերջին շրջանում նկարահանված լավագույն ֆրանսիական ֆիլմերը՝ «Աղախնի օրագիրը» (Բենուա Ժակո),«Ես սիրվելու համար չեմ այստեղ» (Ստեֆան Բրիզե),«Ֆիդելիո». Ալիսի ոդիսականը» (Լյուսի Բորլըտո), «Մուրճի վերջին հարվածը» (Ալիքս Դըլապորտ), «Դաժանը» (Էրիկ Շերիեր), «Կապրիս» (Էմանյուել Մուռե):

Վերջինը «Ֆրանսիական նոր կինո» ծրագրի բացման ֆիլմն է: Կինոնկարի պրոդյուսեր Ֆրեդերիկ Նիդերմայերը ներկա կգտնվի ֆիլմի պրեմիերային:

Փառատոնի հյուրն է նաև դերասան Պատրիկ Շենեն: Դերասանը ներկա կգտնվի իր մասնակցությամբ՝ Ստեֆան Բրիզեի «Ես սիրվելու համար չեմ այստեղ» ֆիլմի Երևանյան պրեմիերային:

12-րդ «Ոսկե ծիրան»-ի մրցույթային տարբեր ծրագրերում ներկայացված է ավելի քան 14 ֆրանսական և համատեղ արտադրության ֆիլմ, այդ թվում Կաննի կինոփառատոնի պաշտոնական ծրագրում ընդգրկված՝ Ստեֆան Բրիզեի «Մարդու չափը» ֆիլմը:

«Ոսկե ծիրանի շրջանակում կիրականացվի նաև «Գերմանակական նոր կինո» ծրագիրը: ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության և Գյոթեի ինստիտուտի հետ համատեղ ծրագիրը կներկայացնի գերմանական կինոյի վերջին շրջանի լավագույն նմուշները: Կցուցադրվեն «Փյունիկ» (Քրիստիան Փեցոլդ), «Երբ մենք երազում էինք» (Անդրեաս Դրեզեն), «Մենք երիտասարդ ենք, մենք՝ ուժեղ» (Բուրհան Քուրբանի), «Շյոնեֆելդ բուլվարը» (Զիլքո Էնդերս),«Սիրած քույրեր» (Դոմինիկ Գրաֆ) ֆիլմերը:

Գերմանական ֆիլմերի մեծ ընտրանի կա նաև փառատոնի մրցույթային ծրագրերում. հիմնական մրցույթում ներառված է Մարկ Բրումունդի «Սրբարան» ֆիլմը:

«Ոսկե ծիրան»-ի արտամրցույթային ծնագրում Լեհաստանի դեսպանության հետ համատեղ կիրականացվի Լեհական կինոյի օր: Կցուցադրվի Բեռլինի կինոփառատոնում լավագույն ռեժիսուրայի համար «Արծաթե Արջ»-ի արժանացած Մալգոժատա Շումովսկայի «Մարմին» ֆիլմը: Լեհական ֆիլմերը միշտ էլ «Ոսկե ծիրան»-ի մրցույթային ծրագրերում մեծ ընդգրկում են ունեցել և այս տարին բացառություն չէ: Լեհական ֆիլմերով հարուստ է հատկապես «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթը. «Բեկորներ», Ագա Վոշչինսկա («Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ), «Հիտլերն օպերայում», Միխալ Գժիբովսկի («Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ), «Միակ ելքը», Պյոտր Դոմալևսկի («Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ), «Հովվի երգը», Վահրամ Մխիթարյան (Հայկական համայնապատկեր ազգային մրցույթ):

Փառատոնին կհյուրընկալվի նաև անվանի լեհ կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսսին:

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության և դեսպանությանը կից Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը աջակցում է փառատոնում ռուսական ֆիլմերի ցուցադրությանը: Փառատոնի գրեթե բոլոր մրցույթային ծրագրերում ընդգրկված են ռուսական արտադրոթյան ֆիլմեր. «Քլինչ»,Սերգեյ Պուսկեպալիս (Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթ), «Անջատիչը», Սերգեյ Դախին («Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթումում), «Դարաշրջանի վերջը», Սոֆյա Չերնիշովա («Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթումում),«Բժիշկը», Աննա Գորոյան (Հայկական համայնապատկեր կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ):

Իսկ «Պիոներ հերոսներ» ֆիլմով կբացվի ռեժիսորներ առանց սահմանների ծրագիրը:

Հայ-ռուսական գործակցության շրջանակում միշտ ակտիվ է եղել ռուսական առաջատար լրատվամիջոցների և լրագրողների ներկայությունը «Ոսկե ծիրանի»-ին: Այս տարի փառատոնի լուսաբանման նպատակով Երևան կժամանեն հայտնի կինոքննադատ Անդրեյ Պլախովը («Կոմերսանտ»), Դանիլ Դոնդուրեյը և Զառա Աբդուլաևան («Իսկուստվո կինո»):

Հարկ է նշել նաև Ռուբեն Վարդանյանի IDeA հիմնադրամի հետ տևական գոոծակցության, որն արդեն երրորդ տարին է «Ոսկե ծիրան»-ի կողքին է և աջակցում է տարբեր ծրագրերի իրականացմանը:

Փառատոնն այս տարի ստացել է մոտ 1600 հայտ 105 երկրից, ինչը վկայում է աճող հետաքրքրության և ներկայացվող ֆիլմերի աշխարհագրության ընդլայնման մասին (2014-ին ստացվել էր 1500 հայտ մոտ 95 երկրից):12-րդ «Ոսկե ծիրանի» առանցքում կլինեն Հայոց ցեղասպանության մասին ֆիլմերի ցուցադրությունները: Փառատոնի շրջանակում կիրականացվի Մեծ եղեռնին նվիրված ծավալուն երկու ծրագիր` «Մենք կանք» և «Այլևս երբեք»: «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն իրականացվում է ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---