Նախագահ. Միջազգային պայքարը ցեղասպանության հանցագործության դեմ պետք է նոր թափ առնի

Նախագահ. Միջազգային պայքարը ցեղասպանության հանցագործության դեմ պետք է նոր թափ առնի

PanARMENIAN.Net - Միջազգային պայքարը ցեղասպանության հանցագործության դեմ պետք է նոր թափ առնի, նոր բովանդակություն ստանա և օգտագործի բոլոր հնարավոր հարթակները: Այս մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ասել է Երևանում Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ համաժողովի բացման ժամանակ:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը 2015-ի հուլիսի 8-12-ը հյուրընկալում է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության (ՑՄԸ) 12-րդ գիտաժողովը, որի խորագիրն է «20-րդ դարի ցեղասպանությունների համեմատական վերլուծություն»:

«Հաճախ թվում է, որ միջազգային իրավունքի զարգացմանը, քաղաքական մտքի առաջխաղացմանը զուգընթաց մարդկությունը պետք է արդեն իսկ հաղթահարած լիներ ցեղասպանության հանցագործության արհավիրքը: Այնքան է խոսվել մարդկության դեմ ուղղված այս հանցագործության բաղադրիչների մասին, այնքան ջանք է ներդրվել այս հանցագործությունը բնորոշելու, կանխարգելելու, պատժելու և դատապարտելու ուղղությամբ, որ թվում էր, թե «այլևս երբեք» կարգախոսն իր լիարժեք իրագործմանը կհասնի: Ցավոք, մենք այսօր էլ ականատեսն ենք դառնում ցեղասպանական գործողությունների, այլատյացության քարոզչության, ֆաշիստական գաղափարախոսության առաջ մղմանը», - ասել է նախագահը:

Սարսյանը շեշտել է, որ հաճախ ցեղասպանության մասին խոսելիս ոմանք օգտագործում են «ողբերգություն» ձևակերպումը, սակայն նախագահը անհրաժեշտ է համարում, որ մշտապես օգտագործվի այդ եզրույթի միակ ճիշտ բնորոշումը` «հանցագործություն»:

«Ողբերգությունը հաճախ կարող է տեխնոլոգիական աղետի հետևանք լինել, կարող է լինել բնական արհավիրքի հետևանք, նույնիսկ կարող է լինել պատահականության հետևանք: Ցեղասպանությունը, ի տարբերություն այդ ամենի, խորապես հաշվարկված, նախագծված, նախապատրաստված հանցագործություն է, որն ունի հստակ թիրախ, սահմանված գործիքակազմ և այլատյացության վրա հենվող գաղափարախոսություն», - ասել է նա:

Նախագահն ընդգծել է, որ հաշվի առնելով այդ հանցագործության բազմաշերտ բնույթը, չափազանց կարևոր է դրա բնորոշման, կանխարգելման, դադարեցման, դատապարտման, դրա համար պատժի կիրառման գործընթացի բազմակողմանիորեն հիմնավորվածությունը՝ գիտական հենքի վրա:

«Պատմաբաններ, քաղաքագետներ, ազգագրագետներ, մշակութաբաններ, միջազգային իրավունքի մասնագետներ, հոգեբաններ, բազմաթիվ այլ մասնագետներ են անհրաժեշտ ցեղասպանության հանցագործության դեմ պայքարն ավելի արդյունավետ առաջ մղելու համար, ինչպես նաև ցեղասպանությունների հետևանքները հաղթահարելուն ուղղված քայլեր ծրագրավորելու և իրականացնելու համար», - ասել է Սարգսյանը՝ հավելելով, որ դրանով է կարևորվում Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության այս հարթակը:

Նախագահն արժևորել է այս համաժողովի առաքելությունը և տարիներ ի վեր մասնագետների ներդրած ջանքերը՝ ուղղված գիտական մակարդակում պատմական արդարության վերականգնմանը։

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում սույն թվականի ապրիլին Երևանում կայացավ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» առաջին գլոբալ ֆորումը: Համաժողովին մասնակցեցին շուրջ 600 պատգամավորներ, լրագրողներ, հոգևոր առաջնորդներ, գիտնականներ: Այն ուղղված չէր որևէ պետության կամ ժողովրդի դեմ, այլ ուղղված էր ցեղասպանության հանցագործության դեմ:

Նախագահը տեղեկացրել է, որ համաժողովը նախատեսվում է անցկացնել երկու տարին մեկ անգամ` սկսած 2016 թվականից:

«Ցեղասպանությունների կանխարգելման գործում մեր պայքարը լինելու է շարունակական, ու դրանում մենք անընդհատ զգալու ենք նաև ձեր աջակցության և խորհրդի կարիքը: Մենք պայքարում ենք մեր իրավունքները վերականգնելու համար և շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր մեզ սատարում են, գոնե բոլոր նրանց, ովքեր մեզ չեն խոչընդոտում: Համաժողովին մաղթում եմ արդյունավետ աշխատանք, իսկ ձեզ՝ նաև հաճելի օրեր Հայաստանում», - եզրափակել է Սարգսյանը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն իր հերթին նշել է, որ այսօր ցեղասպանագետների մի պատկառելի համայնք է հավաքվել Երևանում՝ մի քանի օր կիսվելու, քննարկվելու, բանավիճելու մարդկության չարիք ու խարանը դարձած մի հանցագործության շուրջ, որի անունն է ցեղասպանություն:

Ըստ նրա, ցեղասպանություն երևույթը տակավին չի իմաստավորվել ու ընկալվել մարդկության կողմից, և ինչ-որ առումով մարդկությունը հաշտվել է դրա գոյության և հետևանքների հետ:

«Այսօր աշխարհի տարբեր անկյուններում մոլեգնող զանգվածային բռնություններն ու ահաբեկչությունները, տարբեր երկրներում իշխանության գլուխ կանգնած ռազմամոլ և հավակնող առաջնորդների ագրեսիվ հռետորաբանությունն այն ահազանգներն են, որոնք անուշադրության չպետք է մատնել: Հայերը, հրեաները, թութսիներն ու բոսնիացիները չեն կարող միայնակ մնալ իրենց ցավի ու հիշողության հետ, քանզի դա համայն մարդկության ցավն ու օրակարգային խնդիրն է տեղի ունեցած ողբերգության հետևանքներին առարեսվելու համար», - ասել է Դեմոյանը:

Նա նշել է, որ այս տարի աշխարհի տարբեր երկրներում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ևս մեկ անգամ բոլորիս ստիպեց հետադարձ հայացք ձգել ոչ միայն մեզ՝ հայերիս պատուհասած ողբերգությանը, այլև վերհիշել Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի սարսափները, Հոլոքոստն ու Ռուանդան, Բալկանները: Սրանք քսաներորդ դարի զարհուրելի դրվագներն են:

«Ցեղասպանությունը պատմական հասկացություն չի: Այն չի սահմանափակվում տարածության և ժամանակի մեջ, քանզի իր ծանրությամբ և հետևանքներով համամարդկային միջամտության, կանխարգելման և իմաստավորման է պարտադրում մեզ բոլորիս», - ասել է Դեմոյանը:

1997 թ. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ 2010 թ. ստացել ՀՀ նախագահի` Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդի համար շնորհվող մրցանակ: Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը (International Association of Genocide Scholars) ցեղասպանությունները և մարդկության դեմ կատարված հանցագործություններն ուսումնասիրող գիտնականների առաջատար և խոշորագույն միավորումն է: Այն ստեղծվել է 1994 –ի հայտնի ցեղասպանագետներ Իսրայել Չառնիի (Israel Charny), Հելեն Ֆայնի (Helen Fein), Ռոբերտ Մելսոնի (Robert Melson) և Ռոջեր Սմիթի (Roger Smith) կողմից և այսօր միավորում է ավելի քան 500 գիտնականի աշխարհի տարբեր երկրներից: Ընկերակցության նպատակն է հետազոտել և ուսուցանել աշխարհում տեղի ունեցած ցեղասպանությունների պատճառները` կանխարգելելու համար ցեղասպանությունների կրկնումն ապագայում: Հայոց ցեղասպանությունը մշտապես գտնվում է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության անդամների ուսումնասիրության կենտրոնում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---