9 հուլիսի 2015 - 11:17 AMT
Վտանգված հուշարձանների թիվը Հայաստանում ավելացել է

Վերջին վեց ամսվա ընթացքում Հայաստանում վտանգված հուշարձանների թիվն ավելացել է։ Մասնագետների կարծիքով՝ գրեթե բոլոր մարզերում գերխնդիրը շարունակում է մնալ հուշարձանների պահպանական գոտիների բացակայությունը, ինչը լուրջ խոչընդոտ է հուշարձանի պահպանության գործում, երբեմն էլ տեղական ինքնակառավարման մարմինների ու անհատների հետ վեճերի առիթ է դառնում: Պահպանական գոտիների բացակայությունը լուրջ խնդիր է հարուցում նաև իրավախախտումներն արձանագրելու և դրանք վերացնելու ընթացքում:

Խնդիրներն արձանագրվել են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ` Լոռու, Տավուշի, Վայոց ձորի, Շիրակի, Սյունիքի, Արմավիրի մարզային ծառայությունների, «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի, «Արփի» բնապատմական արգելոցի, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի, «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի ընթացիկ տարված առաջին կիսամյակի աշխատանքների ամփոփման ընթացքում՝ հուլիսի 8-ին։ Հաշվետվության ընթացքում զեկուցումներով հանդես են եկել մարզային ծառայությունների պետերն ու մասնաճյուղերի վարիչները:

Ներկայացրել են անցած ամիսների կատարած աշխատանքը, ՊՈԱԿ-ի հանձնարարականների ընթացքը, հուշարձանների պահպանությանն ու հանրահռչակմաննն ուղված քայլերը, խոսել խնդիրների մասին: Մարզային ծառայությունների պատասխանատուները խոսել են նաև «ՀՀ պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի» հետ անճշտությունների մասին:

Արգելոցների ու արգելոց թանգարանների վարիչներն առանձնացրել են շենքային պայմանների խնդիրները, միաժամանակ նշելով, որ դրանք խոչընդոտ չեն եղել բազմաթիվ միջոցառումների կազմակերպման համար: Որոշ արգելոց թանգարաններ այս տարվա վեց ամիսների ընթացքում ավելի շատ այցելուներ են ունեցել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:

Հուլիսի 9-ին կամփոփվեն Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Արարատի, Երևանի ՊՄՊ մարզային ծառայությունների և «Լոռի Բերդ» քաղաքատեղի պ/մ արգելոցի, «Գոշավանք» պատմաճարտարապետական արգելոցի և «Դիլիջան» ժողովրդական ճարտարապետության արգելոց-թանգարանի աշխատանքները:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող և գիտալուսավորչական, գիտատեղեկատվական, մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպություն է։ Այն ստեղծվել է պատմական, հնագիտական, ճարտարապետական կամ այլ մշակութային արժեք ներկայացնող անշարժ հուշարձանների, հուշարձանախմբերի ուսումնասիրման, հանրահռչակման և օգտագործման, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող պատմամշակութային անշարժ հուշարձանախմբերի, հուշարձանների համալիրների, բնապատմական, պատմական միջավայրի, պատմամշակութային հողերի և դրան հարող տեղանքապատկերների /լանդշաֆտների/ ամբողջական պահպանումն իրականացնելու նպատակով:

Իր գործունեության առարկային և նպատակներին համապատասխան, կազմակերպությունն իրականացնում է արգելոց-թանգարանների, պետական սեփականություն հանդիսացող պատմամշակութային անշարժ հուշարձանների և պատմամշակութային հողերի պահպանությունը, իրականացնում է թանգարանային առարկաների և հավաքածուների հաշվառումը, ստեղծում դրանց էլեկտրոնային տվյալների շտեմարանը, կազմակերպում է պատմամշակութային հուշարձանների պահպանության, օգտագործման և հանրահռչակման խնդիրներին նվիրված գիտական նստաշրջաններ, համաժողովներ, գիտագործնական սեմինարներ ու խորհրդակցություններ, պատրաստում և հրատարակում է աշխատություններ, մենագրություններ, ուեցույցներ, կատալոգներ, գիտահանրամատչելի, գիտատեղեկատու, քարոզչական և գովազդային նյութեր, կազմակերպում է մշտական, ժամանակավոր և շրջիկ ցուցադրություններ և ցուցահանդեսներ:

Որպես ձեռնարկատիրական գործունեություն կազմակերպությունն իրականացնում է հուշարձանների պատկերով հուշանվերների պատրաստում և իրացում, պայմանագրային հիմունքներով հուշարձաններին վերաբերող փաստավավերագրական նյութերի տրամադրում իրավաբանական և ֆիզիկական անձանց, ժողովրդական վարպետների ստեղծագործությունների ցուցահանդեսների կազմակերպում, հրատարակչական գործ: