Քոչարին ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելը կքննարկվի տարեվերջին

Քոչարին ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելը կքննարկվի տարեվերջին

PanARMENIAN.Net - Հայաստանը ՅՈւՆԵՍԿՕ-ին է ներկայացրել քոչարի պարը՝ կառույցի համաշխարհային ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում այն ներառելու համար: Այդ մասին հուլիսի 11-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի ՅՈւՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանը, գրում է Panorama.am-ը:

Հուլիսի 11-13-ը Երևանում անցկացվում է «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը «Ետ-2015» զարգացման օրակարգում» խորագրով միջազգային կոնֆերանսը՝ նվիրված ՅՈւՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակին: Կոնֆերանսին մասնակցում են պատվիրակներ 45 երկրից և միջազգային կազմակերպությունից:

«Քննարկումը և հնարավոր հաստատումը նախատեսված է ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը նախատեսված նիստում», - ասել է Կաժոյանը:

ՅՈւՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում արդեն ներառված է Հայաստանի ներկայացրած չորս մշակութային արժեք՝ «Դուդուկն ու իր երաժշտությունը», «Խաչքարի արվեստ. խորհուրդն ու խաչքարագործությունը», «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսը, «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսեւորումները Հայաստանում»:

Քոչարին Հայկական լեռնաշխարհում ամենատարածված և ներկայումս ամենապահպանված հայկական պարն է։ «Քոչ» արմատը ըստ երևույթին կապ ունի չամորձատված՝ չկրտած ոչխարի-խոյի գոչ, ղոչ և խոչ անվանումների հետ։ Ղոչ գոյական անունից առաջանում է ղոչաղ ածականը՝ համարձակ, խիզախ, քաջ։

Քոչարի պարատեսակի ճիշտ ձևի մեջ հստակ պահպանվել, կոնսերվացվել են հնագույն շարժումների արմատները, երբեմնի վարքագիծը, ցատկոտումն ու թռչկոտումը, մարտը, խոյերի ու այծերի, պոզահարման, այծամարդու շարժումները, ինչպես մինչև այժմ պահպանվել է հայոց լեզվի հնագույն արմատները։ Շարժումների նմանակումն առավել վառ արտահայտված է առաջ սրընթաց հարձակողական շարժումների և ծանրության հենարանի տեղաշարժերի մեջ, ասես կտրուկ թափ առնելու և ծնկները կտրուկ շտկելու, իրանն առաջ թեքելով, ասես ախոյանին (ոսոխին) պոզահարելու համար։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---