Նալբանդյան. Միջազգային հանրությունը պիտի դատապարտի մշակութային արժեքների հանդեպ ատելության դրսևորումը

Նալբանդյան. Միջազգային հանրությունը պիտի դատապարտի մշակութային արժեքների հանդեպ ատելության դրսևորումը

PanARMENIAN.Net - Հուլիսի 11-13-ը Երևանում անցկացվող «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը «Ետ-2015» զարգացման օրակարգում» խորագրով միջազգային կոնֆերանսի պաշտոնական բացմանը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է խնդրին, որ այսօր շատ ազգերի մշակութային արժեքները արմատախիլ են արվում։

«Կրոնական և ազգային ատելության դրսևորումները հավասարապես ուղղված են մշակութային կոթողների դեմ: Այլոց մշակութային արժեքների նկատմամբ անհանդուրժողականությունը պետք է վճռականորեն դատապարտվի միջազգային հանրության կողմից։ Մշակույթը սերունդների միջև կամրջող օղակ է, և դա է պատճառը, որ առաջին հերթին փորձում են ավերել մշակութային կոթողները», - ասել է նախարարը, մեջբերում է Tert.am-ը:

Կոնֆերանսին մասնակցում են պատվիրակներ 45 երկրից և միջազգային կազմակերպությունից:

Նալբանդյանի խոսքով՝ միայն քաղաքական և տնտեսական գործոնները բավարար չեն ժողովուրդների միջև միջմշակութային երկխոսության և միջքաղաքակրթական տևական համերաշխության համար, այս առումով ոչ պակաս կարևորագույն նշանակություն ունի մշակութային գործոնը:

Այս համատեքստում նա կարևորել է ՅՈւՆԵՍԿՕ-ի «Միացիր հանուն ժառանգության» կարգախոսը, որը միտված է կանխարգելելու մշակութային վանդալիզմը։

«Այսօր կայուն զարգացման հրամայականն ավելի քան արդիական է, անհերքելի է մշակույթի դերը կայուն զարգացման գործում, որի առանցքում մարդը և հասարակությունն են», - հավելել է նախարարը՝ նշելով, որ այս համաժողովը նաև ներկայիս մարտահրավերների և ձեռքբերումների ամփոփումն է:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն իր խոսքում նշել է, որ հավաքվել են քննարկելու այն խնդիրները, որոնք հուզում են բոլորին՝ շեշտելով, որ Հայաստանը պետք է ունենա իր ներդրումը՝ ոչ միայն հուզող հարցերի քննարկման հարցում, այլև ՅՈւՆԵՍԿՕ-ի 70-ամյակի առթիվ։

«Մեզ համար այսօր ՅՈւՆԵՍԿՕ- ն որպես կառույց չափազանց կարևոր է, քանի որ այն միակ կառույցն է, որն ամենօրյա պաշտպանության է վերցրել մշակույթի խնդիրները», - ասել է նա՝ նշելով՝ պատահական չե, որ կոնֆերանսն անցկացվում է Մատենադարանում, որն ընդգրկված է կազմակերպության «Աշխարհի հիշողություն» ցանկում։

ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակութային հարցերով օգնական Ալֆրեդո Պերես դ'Արմենիանն իր հերթին նշել է, որ այս միջոցառումը համընկնում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հետ, ինչը ցույց է տալիս Հայաստանի հանձնառությունը և նվիրվածությունը կառույցի ծրագրերին:

Կոնֆերանսի շրջանակում կկայանան «Մշակույթի դերը կայուն զարգացման գործում 2015 թ. օրակարգից հետո. նոր իրականություն և հեռանկարներ» խորագրով լիագումար և «Մշակույթի ապագան. Ապագայի մշակույթը» եզրափակիչ նիստերը, ինչպես նաև «Մշակութային ժառանգությունը` որպես մարդկային համախմբման և հոգևոր հաղորդակցման գործոն», «Մշակութային բազմազանությունը միջմշակութային երկխոսության և կայուն զարգացման երաշխիք», «Ոչ նյութական մշակութային ժառանգությունը փոփոխվող աշխարհում» խորագրերով թեմատիկ սեղանները:

Կոնֆերանսին արտերկրից մասնակցում են ՅՈւՆԵՍԿՕ-ի, ԵՄ և տարբեր երկրների մշակույթի նախարարներ, փոխնախարարներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, օտարերկրյա պետությունների մշակութային կենտրոնների ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ, Հայաստանից՝ շահագրգիռ գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---