ԱԳ նախարար. Իրանի և միջնորդների համաձայնությունը երկար սպասված և կարևոր ձեռքբերում է

ԱԳ նախարար. Իրանի և միջնորդների համաձայնությունը երկար սպասված և կարևոր ձեռքբերում է

PanARMENIAN.Net - «Հայաստանը ողջունում է Իրանի և միջազգային միջնորդների նպատակասլաց, կառուցողական ջանքերի արդյունքում իրանական միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը»,-ասված է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնության վերաբերյալ մեկնաբանության մեջ:

«Երկար սպասված այս պայմանավորվածությունը կարևոր ձեռքբերում է՝ ի նպաստ միջազգային, տարածաշրջանային կայունության և համագործակցության ամրապնդման: Լիահույս ենք, որ դա հավելյալ խթան կհանդիսանա՝ Հայաստանի և բարեկամ Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման, համատեղ ծրագրերի իրականացման համար»,-ասվում է մենաբանությունում, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ևս ողջունել է պատմական բեկումը Իրանի և «վեցյակի» միջև բանակցություններում: ՌԴ նախագահի համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Կրեմլի կայքում: «Ռուսաստանն իրենից կախված ամեն ինչ կանի, որպեսզի Վիեննայի պայմանավորվածություններն գործեն ամբողջ ուժով` նպաստելով միջազգային և տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը, միջուկային զենքի չտարածման գլոբալ ռեժիմի պահպանմանը, Մերձավոր Արևելքում զանգվածային ոչնչացման զենքից զերծ գոտու ստեղծմանը, ահաբեկչական սպառնալիքին հակազդելու համար լայն կոալիցիայի ստեղծմանը տարածաշրջանում»,-ասվում է Պուտինի հայտարարության մեջ, հայտնել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը» համաձայնության են հասել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում:

Եվրամիությունը կչեղարկի Իրանի դեմ գործող տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները, միաժամանակ Թեհրանը կստանձնի իր պարտավորությունների կատարումը, որոնք համաձայնեցվել են «վեցյակի» հետ, ՄԱԳԱՏԷ-ի հավանությամբ, ասվում է բանակցությունների արդյունքում ընդունված համաձայնագրի նախագծում: «Եվրամիությունը կկասեցնի բոլոր այն դրույթները, որոնք սահմանափակումներ են ենթադրում Իրանի դեմ, ներառյալ ֆինանսական և տնտեսական պատժամիջոցները, կապված Իրանի միջուկային ծրագրի հետ: Իրանն իր հերթին պարտավորվում է ձեռնամուխ լինել բոլոր պայմանավորվածությունների կատարմանը միջուկային հարցի վերաբերյալ»,-ասվում է փաստաթղթում: Հանվում է նաև ԵՄ օդանավակայաններում Իրանի բեռնատար ինքնաթիռների վայրէջքի արգելքը:

Թեհրանն ու «վեցյակը» պայմանավորվել են նաև հանել ԵՄ համար գործող «նավթի, գազի, բենզինի և նավթաքիմիայի» արտահանման բոլոր սահմանափակումները, ինչպես նաև «ածխաջրածինների արդյունահանման համար նախատեսված սարքավորումների» արտահանման մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հայտնի է նաև, որ Իրանը առնվազն 15 տարի չի արտադրի պլուտոնիում և հարստացված ուրան` հրաժարվելով ուրանի հարստացումից ավելի քան 3,67%-ով: Այդ մասին բանակցությունների ավարտին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Քերին:

Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Իրանի ու «վեցյակի» (ՌԴ, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) բանակցությունները շարունակվում են համապարփակ համաձայնության հասնելու համար: Ըստ 2014-ի պայմանավորվածության, ԱՄՆ ու Եվրամիության պատժամիջոցների թուլացման դիմաց Թեհրանը կդադարեցնի բարձր հարստացված ուրանի արտադրությունը, բացի այդ, նա պետք է կրճատի միջուկային վառելիքի իր պաշարները: 2014-ի նոյեմբերին Ժնևում Իրանի ու «վեցնյակի» երկրների բանակցություններում բեկում արձանագրվեց: Կողմերը «գործողությունների ծրագիր» ստորագրեցին, որը ենթադրում է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների մեղմացում: Ըստ ԶԼՄ-ների, խոսքն առաջին հերթին Իրանի $4,2 մլրդ արտասահմանյան ակտիվների ապասառեցման մասին է:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---