Կառավարությունը պատրաստ է վճարել նաիրիտցիների պարտքը, բայց ճշտումների կարիք կա

Կառավարությունը պատրաստ է վճարել նաիրիտցիների պարտքը, բայց ճշտումների կարիք կա

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հուլիսի 16-ի դրությամբ պատրաստ է վճարել նաիրիտցիների պարքտը, պարզապես կան դիմումներ, բողոքներ, որ աշխատավարձերի հաշվարկները սխալ են արված, և ճշտումների կարիք կա: Այս մասին կառավարության հուլիսի 16-ի նիստին ասել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը` անդրադառնալով «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների խնդրին:

Նաիրիտցիները, ինչպես գործադիրի գրեթե բոլոր նիստերի օրերին, այնպես էլ այսօր, հավաքվել են կառավարության շենքի դիմաց` պահանջելով աշխատավարձի պարտքի մարում: Նրանց աշխատավարձի պարտքը կազմում է 5 մլրդ 310 մլն դրամ, որը կուտակվել է վերջին 4 տարվա ընթացքում:

Հուլիսի 14-ին նաիրիտցիները փակել էին Բագրատունյաց պողոտան` «Նաիրիտ» գործարանի հատվածում՝ պահանջելով վճարել իրենց աշխատավարձը: Նաիրիտցիները հայտարարել են, որ հուլիսի 16-ից անժամկետ նստացույց են սկսելու կառավարության շենքի դիմաց նույն պահանջով: Ցույցի համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը հուլիսի 15-ին հայտնել է, որ այժմ իրենց պարտադրում են ստորագրել աշխատավարձի ուշացման տույժերից, տուգանքներից հրաժարվելու մասին համաձայնագիր, որից հետո միայն՝ 4-5 օր, մեկ շաբաթ անց, կվճարեն աշխատավարձը, չստորագրելու դեպքում աշխատավարձը չեն տա:

Զախարյանի խոսքով` առաջիկա 1-2 օրերի ընթացքում ճշտումները կարվեն, սակայն աշատավարձի վճարման գործընթացը սկսվում է հուլիսի 16-ից և նրանք, ովքեր չունեն բողոքներ` կապված ճշգրտումների հետ, կարող են դիմել և ստանալ գումարը, գրում է «Սիվիլնեթ»-ը:

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը իր հերթին ասել է, որ նաիրիտցիները չեն հավատում կառավարությանը և այդ պատճառով ցանկանում են, որ գումարը վճարվի միանգամից: Ի պատասխան` էներգետիկայի և բնական պաշարների նախարարն ասել է, որ եթե նաիրիտցիները համաձայն են բոլորով սպասել 15 օր, իրենք ճշգրտումները կվերջացնեն և բոլորին միանգամից կվճարեն ամբողջ գումարը:

«Իսկ նրանք, ովքեր չեն ցանկանում սպասել և ճշգրտումների կարիք չունեն, կարող են հիմա դիմել և ստանալ», - հավելել է Զախարյանը:

Հունիսի 9-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել էր Երևանի «Նաիրիտ» գործարանի մի խումբ աշխատակիցների՝ վերջիններիս պահանջով: Վարչապետը տեղեկացրել էր, որ ՀՀ նախագահի մոտ կայացած խորհրդակցության արդյունքում որոշում է կայացվել՝ մինչև հուլիսի 15-ը ֆինանսական միջոցներ հայթայթել գործարանի աշխատակիցների՝ տարիների ընթացքում կուտակված աշխատավարձի ողջ պարտքը վճարելու համար:

Նաիրիտցիները դեռևս նախորդ տարեվերջից պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով վճարել աշխատավարձը: 2015-ի փետրվարի 6-ին 1700 մարդ ազատվել էր աշխատանքից: Ապրիլի 28-ին գործարանի աշխատակիցները ստացել էին ընդամենը մեկ ամսվա աշխատավարձը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---