Զինատեսակները, որոնք գնվելու են ռուսական վարկով, ընտրված են

Զինատեսակները, որոնք գնվելու են ռուսական վարկով, ընտրված են

PanARMENIAN.Net - Արդեն իսկ ընտրված են այն զինատեսակները, որոնք գնվելու են Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին տրված 200 մլն դոլար արտոնյալ վարկով: Այս մասին Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն՝ ընդգծելով` հիմա կատարվում են որոշակի ճշգրտումներ, հայտնում է «Այսօր»-ը:

«Պետք է ասեմ, որ այդ խնդիրն արծարծվել է տարբեր տիպի միջազգային հանդիպումների ժամանակ, քննարկվել է Ազգային ժողովում ու դրան հավանություն է տրվել: Նաև ՀՀ և ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարության համապատասխան համագործակցության շնորհիվ է, որ հաջողվել է հասել այս պայմանավորվածությանը»,- ասաց նախարարը:

Անդրադառնալով այն հարցին թե խոսքն ի՞նչ զինատեսակների մասին է՝ պաշտպանողակա՞ն, թե՞ հարձակվողական, նախարարն ասաց.«Դրանք ժամանակակից են՝ ավելի շատ պաշտպանողական ու նաև կանխարգելիչ են»: «Այդ զինատեսակները հիմք են ստեղծելու զսպան մեխանիզմների ձևավորման համար»,-հավելեց նա:

Հարցին, թե ե՞րբ դրանք կլինեն Հայաստանում, նախարարը նշեց, որ կա համապատասխան ժամանակացույց. «Զինատեսակները պետք է ՌԴ համապատասխան ձեռնարկություններում պատրաստվեն ու ներմուծվեն Հայաստան: Կան զինատեսակներ, որոնք արդեն իսկ պատրաստ են»:

Ավելի վաղ «Վեդոմոստի» թերթն իր աղբյուրների վրա հղումով գրել էր, որ Հայաստանը գնելու է զենիթային և հակատանկային միջոցներ:

Ռուսաստանից վարկի տրամադրման մասին հայտնի դարձավ հունիսի 26-ին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ տրանսպորտի և կապի նախարար, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի հանդիպումից հետո: Սերժ Սարգսյանի խոսքով, $200 մլն չափով արտոնյալ արտահանման վարկ տրամադրելը թույլ կտա զգալիորեն ընդլայնել Հայաստանի զինված ուժերի զինանոցի ժամանակակից սպառազինման տեսականին:Համաձայնագրով ՀՀ-ն պարտավորվում է օգտագործել վարկը 2015-2017թթ. ընթացքում՝ ռուսական ռուբլով հաշվարկված արտադրանքի մատակարարման վերաբերյալ պայմանագրերից յուրաքանչյուրի արժեքի 90%-ի ֆինանսավորման համար, վարկի օգտագործման ժամկետը լրանալիս 30 օրացուցային օրվա ընթացքում ռուսական կողմի օգտին իրականացնել ռուսական ռուբլով կոմիսիոն վճարում` վարկի չօգտագործված գումարի 1%-ի չափով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---