Գյումրիի ռուսական ռազմակայանում թերսնուցման և բազմամիլիոնանոց հափշտակության փաստեր են բացահայտվել

Գյումրիի ռուսական ռազմակայանում թերսնուցման և բազմամիլիոնանոց հափշտակության փաստեր են բացահայտվել

PanARMENIAN.Net - Ռուս քննիչները բազմամիլիոնանոց հափշտակության փաստեր են հայտնաբերել հունվարին Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովի գործած դաժան սպանությունների քննության ընթացքում: Ինչպես պարզվեց, ժամկետային զինծառայողները բավականին հաճախ կիսասոված էին մնում և ստիպված էին լինում լքել զորամասը սնունդ հայթայթելու նպատակով:

Ըստ Donday-ի հաղորդագրության, գործով Դոնի Ռոստովի կայազորային դատարանը ձերբակալել է ՌԴ Հարավային զինշրջանի պարենային ծառայության պետի տեղակալ գնդապետ Դենիս Զորինին: Նա մեղադրվում է խարդախության միջոցով ՀՀ տարածքում գտվող ռուսական ավիացիոն ռազմակայան առաքվող պարենամթերքի յուրացումների ու թալանի մեջ կազմակերպված խմբի կազմում: Յուրացումների գումարը հասնում է 450 մլն ռուբլու:

Մինչդեռ, ըստ Քննչական կոմիտեի, ռուսական ռազմակայանն անխափան և ամբողջ ծավալով ստացել է անհրաժեշտ պարենային մատակարարումը:

Հենց որ թերսնուցման փաստը հայտնի է դարձել իրավապահ մարմիններին, ստեղծվել է ևս մեկ քննչական խումբ, որը քննում էր սննդամթերքի թալանի փաստը: Ձերբակալված Զորինը սկսել է ցուցմունքներ տալ: Պարզվել է, որ ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմակայանում գործել է սննդամթերքի թալանի և շուկաների ու մանրածախ ցանցերի միջոցով իրացման մի ամբողջ համակարգ:

Շղթան հասել է Հարավային զինշրջանի պարենային ծառայության պետի տեղակալ գնդապետ Դենիս Զորինին, սակայն նրան ազատելու փոխարեն, բարձրացրել են պաշտոնը և նշանակել Կենտրոնական զինշրջանի պարենային ծառայության պետ:

Դատավարության ընթացքում Դենիս Զորինը խնդրել է խափանման միջոց ընտրել գրավը 1 մլն ռուբլու չափով: Սակայն, գնահատելով ապացույցները, դատարանն այն եզրակացության է եկել, որ Զորինի հանդեպ պետք է ընտրվի խափանման ամենախիստ միջոցը` մեկուսացնելով նրան հասարակությունից:

Հունվարի 12-ին Գյումրիում հայտնաբերվեցին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի դիերը: Ընտանիքի մյուս երեխան՝ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվեց հիվանդանոց, որտեղ վիրահատվեց։ Չնայած բժիշկների ջանքերին, երեխային փրկել չհաջողվեց, փոքրիկը մահացավ հունվարի 19-ին: Հայ-թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ հայտնաբերված կասկածյալ Վալերի Պերմյակովին մեղադրանք առաջադրվեց, նա ընդունեց իր կատարած հանցանքը: Նրան տեղափոխեցին ռուսական ռազմակայան, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց:

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունը վարույթ ընդունեց հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի՝ 7 անձի սպանության դեպքի առթիվ հարուցված քրգործը։ Կազմվեց քննչական խումբ, որում ընդգրկվել են ՀԿԳ քննության գլխավոր վարչության և Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են ինքնաձիգ, ինքնաձիգից արձակված պարկուճներ, պահունակ՝ փամփուշտներով, ՌԴ զինծառայողի տարբերանշանով զինվորական համազգեստ, կոշիկներ։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 26-ին ՀՀ և ՌԴ միջև տնտեսական գործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանն անդրադարձել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությանը։ Նա նշել է, որ սպանության մասով գործը Հայաստանի քննչական կոմիտեի վարույթ հանձնելու որոշումը և Հայաստանի համապատասխան ատյանի կողմից հետագա դատաքննությունը արտացոլում է գործընկերության և եղբայրության ոգին և լիովին համապատասխանում է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի կարգավիճակի մասին հայ-ռուսական համաձայնագրի դրույթներին:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---