21 հուլիսի 2015 - 15:31 AMT
Հնագույն բիբլիական տեքստն ընթերցվել է ռենտգենային տոմոգրաֆիայի միջոցով

Թվայնացման ոչ ինվազիվ մեթոդների շնորհիվ վերջերս հնարավոր է դարձել ընթերցել հնագույն աղբյուրները, որոնք ենթակա չեն ֆիզիկական վերականգնման: Սկզբում գիտնականները սկանավորում են աղբյուրը ռենտգենային տոմոգրաֆիայի միջոցով, ստեղծելով ճշգրիտ եռաչափ վիրտուալ մոդել, որի հետ կարելի է վարվել ցանկացած ձևով: Այդպես, ավելի վաղ գիտնականներին հաջողվել էր վերականգնել տեքստային գրությունները 1491 թ. քարտեզի վրա: Դրանից ավելի առաջ հրապարակվեցին Քարմարտենի Սև գրքի «կորած» տողերը, որոնք հայտնաբերվեցին ուլտրամանուշակագույն ճառագայթների շնորհիվ:

Իսկ այժմ գիտնականների միջազգային կոլեկտիվը կարողացել է ընթերցել Հին կտակարանի Ղևտական գրքի սկիզբը 1500 տարեկան մոխրացած գալարաձև մագաղաթի վրա: Գտածոն, որն արդեն հնարավոր չէր նույնիսկ բացել, հաջողվել է թվայնացնել տոմոգրաֆիայի շնորհիվ և «արդուկել» վիրտուալ տեսքով:

Հեղինակներն օգտագործել են ռենտգենային տոմոգրաֆիան հին մագաղաթի եռաչափ պատկերը ստանալու համար: Ածխի շերտի տակ հայտնաբերելով պահպանված հատվածը` գիտնականները հատուկ մշակած սոֆթի միջոցով վիրտուալ կերպով հարթեցրել են մագաղաթի մակերեսը: Ստացված տեքստը գրված էր եբրայերենով և բաղկացած էր Հին կտակարանի Հնգամատյանի Ղևտական գրքի առաջին 8 տողից:

Մագաղաթը, որն օգտագործվել է, հայտնաբերվել է 1970-ին Իսրայելի Էյն Գեդի ազգային պարկի սինագոգում: Գտածոն, որը թվագրվում է մեր թվարկության VI դարով, մոխրացած էր, ուստի համարվում էր, որ այն ենթակա չէ վերականգնման: Մեռյալ ծովի մի քանի այլ մագաղաթները չհաշված, Էյն Գեդիի գտածոն բիբլիական Հնգամատյանի հնագույն աղբյուրն է: