Հունաստանի խորհրդարանն ընդունել է վարկատուների հետ բանակցելու համար անհրաժեշտ 2-րդ օրենքը

Հունաստանի խորհրդարանն ընդունել է վարկատուների հետ բանակցելու համար անհրաժեշտ 2-րդ օրենքը

PanARMENIAN.Net - Հունաստանի խորհրդարանն ընդունել է կառավարական օրինագծերի երկրորդ փաթեթը: Այն անհրաժեշտ է Հունաստանին օժանդակության տրամադրման ծրագրով ավելի քան 80 միլիարդ եվրո հատկացնելու վերաբերյալ երրորդ հուշագիրը կնքելու շուրջ վարկատուների հետ բանակցություններ սկսելու համար:

Օրինագիծը վերաբերում է բանկերի աշխատանքին, դատական համակարգին, պարտատերերի սեփականության վաճառքին աճուրդով, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ընդ որում փաստաթղթին արդեն դեմ է քվեարկել իշխող ՍԻՐԻԶԱ կուսակցության 23 պատգամավոր: Ֆինանսների նախկին նախարար Յանիս Վարուֆակիսը, որը դեմ էր առաջին փաթեթի ընդունմանը և որը դրանից հետո զրկվեց պաշտոնից, այս անգամ կողմ է քվեարկել:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հուլիսի 20-ից սկսվում է ԱԱՀ նոր տոկոսադրույքների կիրառումը: Հյուրանոցների համար ժամանակավորապես` մինչև սեպտեմբերի 30-ը, կգործի 6 տոկոս տոկոսադրույքը: Հոկտեմբերից, երբ կավարտվի զբոսաշրջային շրջանը, տոկոսադրույքը կդառնա 13 տոկոս: Մինչև 23 տոկոսով կբարձրանա հասարակական տրանսպորտում և տաքսիով երթևեկության ԱԱՀ-ն, 23 տոկոս կվճարեն հասարակական սննդի օբյեկտները:

13-23 տոկոսով ավելացել է թռչնամսի, շաքարի, կարագի և յուղերի, սուրճի, թեյի, մշակված և վերամշակված սննդամթերքի, մակարոնեղենի, բրնձի, բանջարեղենի և մրգերի, անասնակերի, վառելափայտի, 10 ավելի ուղևորների փոխադրման համար նախատեսված ավտոմեքենաների ԱԱՀ-ն: Ակնկալվում է, որ գներն ըստ այդմ կաճեն մոտ 9 տոկոսով: Չեղյալ են համարվում բոլոր արտոնությունները: 23 տոկոսով կհարկադրվի կրկնուսույցների աշխատանքը: Նախկինում այդ գործունեությունը չէր հարկադրվում:

Ըստ Հունաստանի գանձապետարանի հաշվարկների, ԱԱՀ բարձրացումը տարեկան կտա 2,39 մլրդ եկամուտ: Ընդհանուր առմամբ հարկերի բարձրացումը բյուջեին տարեկան կտա 3,2 մլրդ եվրո:

Հունաստանն ու նրա վարկատուները համաձայնության են եկել բարեփոխումների վերաբերյալ, որոնք անհրաժեշտ էին այդ երկրին օգնության երրորդ ծրագրի շուրջ պաշտոնական բանակցությունների մեկնարկի համար: Բրյուսելի գագաթնաժողովը միաձայն համաձայնության եկավ, որը լուրջ ֆինանսական բարեփոխումներ է ենթադրում և ֆինանսական աջակցություն: Խոսքը 82-86 մլրդ եվրո արժողությամբ 3-ամյա ծրագրի մասին է, այն պայմանով, որ Հունաստանը արդեն առաջիկայում կշարունակի առանցքային բարեփոխումները, այդ թվում կենսաթոշակային, սննդամթերքի շուկայի և աշխատանքի բորսայի բարեփոխումները:

Հունաստանն, իր հերթին պետք է մասնավորեցնի 50 մլրդ եվրո ընդհանուր արժողությամբ օբյեկտներ: «Ինտերֆաքսը» Եվրախմբի ղեկավար Յերուն Դեյսելբլումի վրա հղումով հայտնում է, որ գումարը փոխանցվելու է հատուկ հիմնադրամի: Այդ միջոցների մի մասը` 25 մլրդ եվրո, կօգտագործվի հունական բանկերի վերակապիտալիզացման համար: Եթե Հունաստանի խորհրդարանը հաստատի համաձայնագիրն առաջիկա 2 օրերին, մյուս երկրների խորհրդարանները կկարողանան սեփական քվեարկությունը կազմակերպել այդ հարցի վերաբերյալ, հավելել է նա:

Ճգնաժամի ընթացքում Հունաստանին հատկացվել է 240 մլրդ եվրո վարկ, որոնք, սակայն «կորան» անարդյունավետ տնտեսության «սև փոսում»` ծանր բեռ դառնալով հույն և եվրոպացի հարկատուների համար: 6 տարում` 2008-2014 թթ. երկրի ՀՆԱ-ն 240 մլրդ եվրոյից նվազել է մինչև 180 մլրդ եվրո, բնակչության եկամուտները նվազել են 40 տոկոսով, գործազրկությունն աճել է 27 տոկոսով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---