Զինվորների ապահովագրական հատկացումները կավելանան. Լրացուցիչ 29 մլն դրամ՝ ընտանիքներին

Զինվորների ապահովագրական հատկացումները կավելանան. Լրացուցիչ 29 մլն դրամ՝ ընտանիքներին

PanARMENIAN.Net - «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող որոշման մեջ կատարված փոփոխություններով ՀՀ կառավարությունը շահառուների համար գումարների ստացման ընթացակարգը դարձրել է առավել պարզ, հստակ և արագ, փոխանցումների գործընթացը՝ համադրելի գործող բյուջետային ֆինանսավորման համակարգին: Միաժամանակ, շահառու խմբերի սոցիալական վիճակը բարելավելու նպատակով նախատեսվում է որոշակի չափով բարձրացնել տրվող գումարների չափերը:

Առաջարկվող փոփոխությունների արդյունքում միանվագ պետական պարտադիր ապահովագրական գումարը64 մլն 610 հազար դրանի փոխարեն կկազմի 94 մլն դրամ, ինչը նշանակում է, որ զոհված զինծառայողների ընտանիքներին լրացուցիչ կհատկացվի 29 մլն 390 հազար դրամ:

ՀՀ ֆինանսների նախարարությունն օրենսդրությամբ նախատեսված պետական կառավարման մարմինների կողմից ներկայացված ցուցակների հիման վրա միանվագ պետական պարտադիր ապահովագրական գումարներ է հատկացնում ՀՀ պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների, ինչպես նաև մարտական հերթապահության և հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհվելու (մահանալու) դեպքում՝ 2 մլն դրամի չափով, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զինծառայողների զոհվելու (մահանալու) դեպքում՝ 1 մլն դրամի չափով:

Առաջարկվող միանվագ ապահովագրական գումարների կիրառման պարագայում, միջինացված հաշվարկային տարեկան անհրաժեշտ գումարը կարող է կազմել` 1-ին խմբի զինհաշմանդամների համար` 3 մլն դրամ` ներկայիս չափերով վճարելու դեպքում պահանջվող 2 մլն 730 հազար դրամի փոխարեն, 2-րդ խմբի զինհաշմանդամների համար` 9,6 մլն դրամ` ներկայիս չափերով վճարելու դեպքում պահանջվող 8 մլն 736 հազար դրամի փոխարեն: 3-րդ խմբի զինհաշմանդամների համար տարեկան գումարը կկազմի 35 մլն 400 հազար դրամ` ներկայիս չափերով վճարելու դեպքում պահանջվող 32 մլն 214 հազար դրամի փոխարեն:

Հաշմանդամ դարձած զինծառայողներին տրամադրվող միանվագ ապահովագրական գումարներն առաջարկվող չափերով վճարելու դեպքում կպահանջվի տարեկան` 48 մլն դրամ` ներկայումս սահմանված չափերով վճարելու համար անհրաժեշտ 43.680.000 դրամի փոխարեն: Լրացուցիչ կպահանջվի 4.320.000 դրամ: Ելնելով վերը նշված հաշվարկների արդյունքներից, առաջարկվող փոփոխությունների դեպքում տարեկան կպահանջվի 94 մլն ՀՀ դրամ` ներկայիս չափերով վճարելու դեպքում պահանջվող 64.610.000 դրամի փոխարեն: Լրացուցիչ ընդհանուր պահանջվող գումարը կկազմի ընդամենը 29.390.000 դրամ:

Շահառուների համար գումարների ստացման գործընթացը պարզեցնելու և հստակեցնելու նպատակով համապատասխան փոփոխություններ են կատարվել նաև ծառայության ժամանակ զոհված փրկարարական ծառայողների հուղարկավորության հետ կապված ծախսերի փոխհատուցման և փրկարարական ծառայողների պարտադիր պետական ապահովագրության կարգերը սահմանող որոշումներում:

Սոցիալական փաթեթի հատկացման կարգը և փաթեթի մեջ մտնող ծառայությունների բովանդակությունը կանոնակարգող որոշումներում կատարված փոփոխություններով և լրացումներով ամբողջացվել են բանկերի կողմից սոցփաթեթի հաշիվների սպասարկման, հանգստի կազմակերպման համար նախատեսված գումարների տրամադրման երաշխիքի և այլ ընթացակարգեր:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---