«Երկրորդ Երկիրը». Հայտնաբերվել է Երկրին նման առաջին էկզոմոլորակը

«Երկրորդ Երկիրը». Հայտնաբերվել է Երկրին նման առաջին էկզոմոլորակը

PanARMENIAN.Net - NASA-ն հայտարարել է «Կեպլեր» աստղադիտակի օգնությամբ էկզոմոլորակի հայտնաբերման մասին, որն իր բնութագրերով շատ մոտ է Երկիր մոլորակին: Այն պտտվում է աստղի շուրջ, որն իր պարամետրերով Արեգակին է նման, և գտնվում է «բնակության համար պիտանի գոտում», այսինքն գիտնականներն ակնկալում են, որ պայմաններն այնտեղ պիտանի են սպիտակուցային կյանքի գոյության համար: Այնտեղ, ինչպես Երկրում, ենթադրաբար կարող է ջուր լինել:

Հայտնաբերված Kepler-452b մոլորակի տրամագիծն ընդամենը 1,6 անգամ կամ 60%-ով է ավելի երկրայինից, ընդ որում՝ այն գտնվում է այսպես կոչված «բնակության համար պիտանի գոտում»` ուղեծիրն այնպիսի տարածության վրա է աստղից, որ ջուրն այնտեղ կարող է լինել հեղուկ վիճակում, իսկ դա անհրաժեշտ պայման է սպիտակուցային կյանքի գոյության համար: Աստղի շուրջ դրա պտույտը կատարվում է 385 օրում` ընդամենը 5%-ով տարբերվելով Երկրի այդ ցուցանիշից, գրում է Lenta.ru-ն:

Kepler-452b էկզոմոլորակը

2009 թվականին էկզոմոլորակների որոնման համար նախատեսված «Կեպլեր» աստղադիտակն ուղարկվեց տիեզերք բնակության համար պիտանի գոտում էկզոմոլորակներ գտնելու համար (այդ գոտին անվանում են նաև Ոսկեծամի գոտի): Աստղադիտակը մինչև օրս հայտնաբերել է էկզոմոլորակների ավելի քան 3.000 թեկնածու` այդպես են անվանում Արեգակնային համակարգից դուրս գտնվող հեռավոր մոլորակները:

Էկզոմոլորակի համեմատաբար փոքր չափերն ու երկրայինին մոտ զանգվածը (այն հաշվարկվում է պտույտի տևողությունից) թույլ են տվել հետազոտողներին ենթադրել, որ հայտնաբերված երկնային մարմինը, հավանաբար, ժայռապատ է, պինդ, ինչպես Երկիրը: Պինդ մակերևույթով մոլորակներ հայտնաբերվել են նաև նախկինում, սակայն կամ նրանց չափերն են շատ տարբերվել Երկրից, կամ ուղեծիրն ու կենտրոնական աստղի ճառագայթումն այնքան էլ մոտ չեն եղել Երկրի պարամետրերին: Արդյունքում դրանցից միայն քչերն են «բնակության համար պիտանի գոտում»: Հայտնաբերված մոլորակները, որոնց պարամետրերը մոտ են Երկրին, ավելացնում են հավանականությունը, որ այնտեղ կարող էր կյանք առաջանալ` ահա թե ինչու է այս հայտնագործությունն այդքան կարևոր:

Հայտնաբերված մոլորակը պտտվում է Kepler-452 աստղի շուրջ, որը գտնվում է Կարապի համաստեղությունում` Երկրից 1400 լուսային տարի հեռավորության վրա: Այդ լուսատուն G2 դասի է, ինչպես և Արեգակը: Այսպիսով, մոլորկին հասնող աստղի ճառագայթումը մոտ է երկրայինին իր ինտենսիվությամբ և սպեկտրով: Kepler-452-ի տարիքը մոտ 6 մլրդ տարի է, այսինքն այս աստղը 1,5 մլրդ տարով ծեր է Արեգակից, 20 տոկոսով ավելի պայծառ ու 10%-ով ավելի մեծ տրամագծով:

Kepler-452-ը 1030-րդ էկզոմոլորակն է, որի գոյությունը հաստատվել է: Այս պահի դրությամբ էկզոմոլորակի 4696 թեկնածու կա: Դա նշանակում է, որ այդ երկնային մարմինների գոյությունը դեռ հաստատված չէ, քանի որ դրանք փոքր են և որոնվում են սովորաբար անուղղակի մեթոդներով: Օրինակ, «Կեպլեր» աստղադիտակը ֆիքսում է աստղի լույսը մեծ ճշգրտությամբ: Եթե լուսային հոսքը նվազում է, դա կարող է նշանակել, որ լուսատուի և Երկրի միջև էկզոմոլորակ է անցնում: Սակայն մոլորակի գոյության մասին վերջնական եզրակացության համար «ստվերումը» պետք է բավարարի որոշ ցուցանիշների, օրինակ, կանոնավոր լինի:

Photo: NASA
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---