Լուկաշին գյուղի ջրամատակարարման համակարգը բարելավվել է

Լուկաշին գյուղի ջրամատակարարման համակարգը բարելավվել է

PanARMENIAN.Net - Հուլիսի 24-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ), ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) Լուկաշին գյուղի բնակիչների հետ միասին մասնակցեցին գյուղում վերջերս իրականացված ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրին նվիրված համայնքային միջոցառմանը: Լուկաշին գյուղում բացման հանդիսավոր արարողությանը ներկա գտնվեցին ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության տնօրեն Քերեն Հիլիարդը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Լուկաշինի գյուղապետ Կարեն Մկրտչյանը, ինչպես նաև համայնքի բնակիչները:

Նախքան ծրագիրն սկսելը, Լուկաշին գյուղում մշտապես նկատվում էր խմելու ջրի պակաս, իսկ գյուղի որոշ հատվածներում ջրամատակարարում ընդհանրապես չէր իրականացվում: Ջրամատակարարման ցանցի աստիճանաբար քայքայման պատճառով համակարգում բազմաթիվ հոսակորուստներ կային, որոնք աղտոտման մեծ ռիսկ էին առաջացնում՝ պայմանավորված ցանցում տարբեր աղտոտիչների ներթափանցմամբ:

Ջրամատակարարման խնդիրը լուծվել է նոր, առավել դիմացկուն և հոսկորուստներ չունեցող խողովակների տեղադրման միջոցով համակարգի բարելավման ծրագրի իրականացմամբ: Գյուղն ընդգրկվել է «Նոր Ակունք» ՓԲԸ-ի սպասարկման տարածքում: Վերջինս ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող ընկերություն է, որն իրականացնում է Արմավիրի մարզի մի քանի համայնքների ջրային ենթակառուցվածքների կառավարումը: Ջրամատակարումն ապահովող հին ոչ արդյունավետ պոմպերն այլևս չեն օգտագործվում, և խմելու ջուրը ներկայում մատակարարվում է Արմավիրի ջրամբարից՝ ինքնահոս եղանակով: Համակարգի բարելավման արդյունքում բնակիչները նախկին օրական 2 ժամի փոխարեն այժմ ունեն շուրջօրյա կայուն ջրամատակարարում: Նախնական գնահատումների համաձայն՝ համայնքը տարեկան կխնայի մոտ 421 119 մ3 ջուր և 102 240 կվժ էլեկտրաէներգիա:

«ԱՄՆ-ի կառավարությունը լայնամասշտաբ տեխնիկական աջակցություն է տրամադրում Հայաստանի գյուղական համայնքներին, հատկապես դրանցից առավել կարիքավորներին: Մաքուր ջրամատակարարումը խիստ կարևոր է առողջության և հիգիենայի համար: ԱՄՆ ՄԶԳ-ն օգնում է համայնքներին վերականգնելու ջրամատակարարման մաշված ցանցերը՝ բնակչությանն ապահովելով հուսալի ջրամատակարարմամբ, միևնույն ժամանակ խնայելով ջուրն ու էներգիան»,- նշեց ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության տնօրեն Քերեն Հիլիարդը:

«Դժվար թե որևէ մեկին զարմացնի այն պնդումը, որ ջուրն ամենակենսական անհրաժեշտությունն է: Սակայն ավելի քան զարմանալի է այն կորովն ու համբերատարությունը, որ դրսևորել են Լուկաշինի բնակիչները: Մարդիկ տասնամյակներ շարունակել են ապրել իրենց հողի վրա՝ դիմանալով խմելու ջրի միակ աղբյուր հանդիսացող ստորգետնյա հորից ջուր հայթայթելու ամենօրյա տանջալից աշխատանքին՝ հանուն հայրենի օջախում մի օր արժանապատվորեն ապրելու հույսի: Խոնարհվում եմ այս մարդկանց կամքի և առաքինության առջև: ՎիվաՍել-ՄՏՍ-ը պարզապես չէր կարող անտարբեր մնալ…»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

2014թ.-ին ԱՄՆ ՄԶԳ-ի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համագործակցության արդյունքում Հայաստանի չորս գյուղերում, այդ թվում՝ Արմավիրի մարզի Արազափ և Լուկաշին, ինչպես նաև Տավուշի մարզի Արծվաբերդ և Բերքաբեր գյուղերում իրականացվել են ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրեր՝ օգնելու համայնքներում ջրամատակարարման և բնակչության բարեկեցության ապահովմանը: Վերոնշյալ աջակցության շահառուների թիվը կազմում է շուրջ 7000: Չորս ծրագրերի իրականացման համար ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը հատկացրել է 70 մլն, իսկ ԱՄՆ ՄԶԳ-ն՝ 60 մլն ՀՀԴ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---