Օհանյան. Հայկական զինուժը պատրաստ է մարտական գործողությունները տեղափոխել այլ տարածք

Օհանյան. Հայկական զինուժը պատրաստ է մարտական գործողությունները տեղափոխել այլ տարածք

PanARMENIAN.Net - Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում որոշակի լարվածություն կա, կրակոցների թիվն է ավելացել, ընդ որում, հակառակորդը ոչ միայն Արցախում, այլև ՀՀ սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ է կրակում: Այս մասին հուլիսի 24-ին «Արի տուն» ծրագրով Հայաստան ժամանած երիտասարդների հետ հանդիպմանն ասել է պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը՝ անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին:

«Եթե ուզում ես խաղաղություն, պետք է պատրաստվես պատերազմի: Հայաստանն ամեն ինչ անում է, որպեսզի պատերազմ չսկսվի, սակայն եթե բոլոր այդ ջանքերն ապարդյուն լինեն, և կռիվ լինի, ապա հայկական բանակը պատրաստ է հայրենիքը պաշտպանել և դեռ ավելին՝ յուրաքանչյուր մարտական գործողություն տեղափոխել այլ տարածքներ»,- ասել է Օհանյանը:

Նախարարը շեշտել է, որ ամեն օր հայկական բանակը զբաղվում է իր կատարելագործմամբ և ոչ միայն ռազմական, այլև արտաքին քաղաքականության, դիվանագիտության առումով:

Իրադրությունն առաջնագծում վերջին օրերին շարունակում է լարված մնալ: Հուլիսի 23-ին և լույս 24-ի գիշերը հակառակորդի կողմից ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 160 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 82 մմ ականանետերից ու տարբեր տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում` հակառակորդի ցուցաբերած ակտիվությունը ճնշվել է:

«Իհարկե, վերջին օրերի կրակոցները ստույգ և ճշգրիտ չեն եղել, սակայն իրավիճակը հայկական ստորաբաժանումների կողմից՝ թե ԼՂՀ տարածքում, թե մեր սահմաններում վերահսկվում է: Այսօր հայ զինվորն ունի բարձր մարտական ոգի, հայկական բոլոր ստորաբաժանումներն օժտված են համապատասխան բարոյահոգեբանական մակարդակով և իրենց առաջ դրված խնդիրները իրականացնում են»,- նշել է Օհանյանը՝ շեշտելով, որ հայ ժողովուրդը վստահ կարող է լինել, թե հայկական բանակն իր ժողովրդի, հարազատների խաղաղությունը, անվտանգությունը ապահովել և ապահովելու է:

Ըստ նրա՝ լարվածության առաջացման վրա ազդում են տարբեր՝ թե՛ ներքաղաքական, թե՛ միջազգային զարգացումները, որոնք կան տարածաշրջանում, միջազգային ասպարեզում՝ հակառակորդի մոտ ներքաղաքական կամ ներտնտեսական որոշակի պայմաններից ելնելով, գրում է Tert.am-ը:

«Լարվածություն ստեղծելով Ադրբեջանը փորձում է իր համար շահեկան պայմաններ ստեղծել կամ կորզել», - ասել է Օհանյանը:

Նախարարը նաև ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության գործում հաջողության կարելի է հասնել երկխոսությամբ, փոխադարձ վստահությամբ, շփման գծում վստահության պայմանների ստեղծման համար նոր մեխանիզմների ձևավորմամբ՝ զերծ մնալով ուժի կիրառումից։

Անդրադառնալով օրեր առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարի արած հայտարարությանը, թե Հայաստանում քարը քարի վրա չեն թողնի, Օհանյանն ադրբեջանական կողմին հորդորել է զերծ մնան հռետորաբանությունից, տարբեր տիպի խոսակցություններից, բանակցային գործընթացը կառուցողական ընթացքով տանել:

«Քարը քարին չթողնողը, երևի թե, արցախյան ազատամարտի ժամանակ ամեն ինչ կթողներ և կգար, կպաշտպաներ իր հայրենիքը», - հավելել է նախարարը:

Հուլիսի 22-ին և լույս 23-ի գիշերը հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 130 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերից ու նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց:

Հուլիսի 21-ին ևս ամբողջ օրվա ընթացքում Ադրբեջանի զինուժն ինտենսիվորեն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ մոտ 160 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1600 կրակոց, այդ թվում` 60 միլիմետրանոց ականանետերից 123 արկ, ՌՊԳ-7 տիպի նռնականետերից 3 արկ և խոշոր տրամաչափի գնդացրային միջոցներից ավելի քան 140 կրակոց: ԼՂՀ պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն, Արցախի բանակը տիրապետում է իրադրությանը և իրավիճակի ցանկացած զարգացման դեպքում պատրաստ է անհամաչափ ու պատժիչ գործողությունների:

Հուլիսի 20-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևանում հանդիպել են Սերժ Սարգսյանին և արտգործնախարար Էդվարդ Նալբանդանին: Քննարկվել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հետ կապված հետագա քայլերը: ԵԱՀԿ Մինսկի խումբը հուլիսի 21-ին մեկնել է Ադրբեջան: Տարածաշրջան այցի նպատակն է նախապատրաստել Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հերթական հանդիպումը։ Հուլիսին Բաքվում դարարեցվել է ԵԱՀԿ ծրագրերի համակարգողի գործունեությունը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---