Լեհաստանի փոխվարչապետ. ՀՀ տարածքով կարող ենք Իրանից ապրանք ներմուծել

Լեհաստանի փոխվարչապետ. ՀՀ տարածքով կարող ենք Իրանից ապրանք ներմուծել

PanARMENIAN.Net - Լեհաստանն Իրանից ապրանքներ ներմուծելու համար կարող է օգտվել Հայաստանի տարածքից: Այս մասին հայտարարել է Լեհաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Յանուշ Պեխոչինսկին՝ Վարշավայում մամուլի ասուլիսին պատասխանելով հարցին, թե, հաշվի առնելով Ուկրաինայի արևելյան հատվածում ստեղծված ճգնաժամային իրավիճակը, ինչպես է պատրաստվում Լեհաստանն իր ապրանքներն արտահանել Իրան և հակառակը:

«Մետաքսի ճանապարհի ծրագրի իրականացման շրջանակում ծովային և երկաթուղային բեռների փոխադրումը չափազանց հարմար է: Մենք կարող ենք այլընտրանքային ճանապարհից օգտվել, ինչպիսիք են Հայաստանն ու Վրաստանը, հնարավոր է օգտագործել նաև Թուրքիայի տարածքը»,- ասել է նա, մեջբերում է Panorama.am-ը՝ իրանական «ԻՌԻԲ»-ին հղումով:

Հուլիսի 14-ին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն իրանական «Դոնյայե Էղթեսադ» պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ Հայաստանի նպատակը Պարսից ծոցը Վրաստանին և սևծովյան տարածաշրջանին կապելն է:

Ըստ նրա, եթե իրանցի ներդրողներն իրենց ապրանքն արտադրեն Հայաստանում, ապա առանց որևէ մաքսային վճարի կկարողանան արտադրված ապրանքն արտահանել ԵԱՏՄ-ի անդամ երկրների մոտ 200 միլիոնանոց շուկա: Բացի այդ՝ ԵԱՏՄ-ի անդամ երկրներից միայն Հայաստանն է, որ GPS+ համակարգի անդամ է, որը հնարավորություն է տալիս որոշ ապրանքատեսակներ ցածր մաքսային վճարներով արտահանել Եվրոպական միություն:

Տարածաշրջանում տնտեսական գործակցության ընդլայնման հնարավորությունների քննարկումներն Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման ֆոնին ակտիվացել են:

Իրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը» (ՄԱԿ ԱԽ 5 մշտական ներկայացուցիչն ու Գերմանիան)համաձայնության հասան Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում: Եվրամիությունը կչեղարկի Իրանի դեմ գործող տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները, միաժամանակ Թեհրանը կստանձնի իր պարտավորությունների կատարումը, որոնք համաձայնեցվել են «վեցյակի» հետ, ՄԱԳԱՏԷ-ի հավանությամբ, ասվում է բանակցությունների արդյունքում ընդունված համաձայնագրի նախագծում:

«Եվրամիությունը կկասեցնի բոլոր այն դրույթները, որոնք սահմանափակումներ են ենթադրում Իրանի դեմ, ներառյալ ֆինանսական և տնտեսական պատժամիջոցները, կապված Իրանի միջուկային ծրագրի հետ: Իրանն իր հերթին պարտավորվում է ձեռնամուխ լինել բոլոր պայմանավորվածությունների կատարմանը միջուկային հարցի վերաբերյալ»,-ասվում է փաստաթղթում: Հանվում է նաև ԵՄ օդանավակայաններում Իրանի բեռնատար ինքնաթիռների վայրէջքի արգելքը: Թեհրանն ու «վեցյակը» պայմանավորվել են նաև հանել ԵՄ համար գործող «նավթի, գազի, բենզինի և նավթաքիմիայի» արտահանման բոլոր սահմանափակումները, ինչպես նաև «ածխաջրածինների արդյունահանման համար նախատեսված սարքավորումների» արտահանման մասին:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---